«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունիսի 23-ին «Սանաթի Շարիֆ» համալսարանի «Ջաբեր» համագումարների դահլիճում, նոյն համալսարանի Մեքենաշինութեան տեխնոլոգիաների եւ քաղաքաշինական ճարտարագիտութեան ֆակուլտետների նախաձեռնութեամբ տեղի է ունեցել յուշերեկոյ նւիրւած պրոֆ. Մարգար Գրիգորեանի յիշատակին:
Պրոֆ. Մարգար Գրիգորեանը «Սանաթի Շարիֆ» համալսարանի Մեքենաշինութեան տեխնոլոգիաների ֆակուլտետի վաստակաւոր պրոֆեսոր-դասախօս էր, ինչպէս նաեւ Կառուցւածքային ճարտարագիտութեան (այժմ՝ Քաղաքաշինական ճարտարապետութիւն) ֆակուլտետի հիմնադիրներից եւ նոյն ֆակուլտետի առաջին դեկանն էր։
Յունիսի 5-ին կեանքին հրաժեշտ տւած պրոֆ. Գիրգորեանն իր կեանքի վերջին տարիներն ապրելով ԱՄՆ-ում, հանդիսանում էր Լոս Անջելէսի MGA-ի ղեկավարի աւագ խորհրդատուն:
Մարգար Գրիգորեանը ծնւել էր 1941 թւականին Թեհրանում: Տարրական եւ միջնակարգ կրթութիւնն ստացել էր «Քուշեշ» դպրոցում, ապա մեկնել Անգլիա, որտեղ Մանչեսթերի եւ Օքսֆորդ համալսարաններից շրջանաւարտ դառնալով, դոկտ. Մոջթահեդիի առաջարկով հիմնադրում է «Շարիֆ»-ի տեխնոլոգիական համալսարանի կառուցւածքային ճարտարագիտութեան ֆակուլտետը։
Նա կառուցւածքային ճարտարագիտութեան ժամանակակից գիտութեան առաջատար հետազօտողներից էր եւ աւելի քան 50 գիտական յօդւածների հեղինակն էր:
Պրոֆ. Գրիգորեանը նաեւ «Իրանի ճարտարագէտների հաշւարկումային քննչական ասոցիացիայի» հիմնադիր խորհրդի անդամներից էր: