Բագրատ Սրբազան. «Սա ընդդիմադիր շարժում չէ, սա ազգային ազատագրական պայքար է»
«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունիսի 23-ին, «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ Սրբազանը հաւաք էր հրաւիրել Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում:
«Ամէն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է»,- յայտարարել է Բագրատ Սրբազանը՝ յաւելելով,- «Այն, ինչ սկսել ենք, պէտք է աւարտին հասցնենք: Դա անհրաժեշտութիւն է: Ոչ թէ՝ հնարաւոր է, թէ հնարաւոր չէ, այլ անհրաժեշտութիւ՞ն է, թէ՝ ոչ։
Այս երկրորդ հարցադրումը մենք պէտք է անենք: Ու եթէ որոշել ենք, որ անհրաժեշտութիւն է, ուրեմն պէտք է հասնենք մեր առջեւ դրւած նպատակներին: Մենք արդէն իսկ փոփոխութիւնների ժամանակներ ենք ապրում, մեզ մնում է պարզապէս թղթի վրայ դա վաւերացնել: Իւրաքանչիւրիդ մասնակցութիւնը չափազանց կարևոր է», -ասել է նա՝ շեշտելով. «Մեր երկիրն անտերութեան զգացումից պիտի դուրս բերի այս շարժումը: Այն պէտք է բոլոր առումներով թելադրող դառնայ: Այս հարթակից, այս հրապարակում, այս եկեղեցու հովանու ներքոյ մենք պէտք է կառուցենք գալիք Հայաստանի մեր տեսիլքը»:
Սա ընդդիմադիր շարժում չէ, սա ազգային ազատագրական պայքար է
«Մենք ընդդիմադիր շարժում չենք, ոչ էլ ընդդիմութեան շարժում ենք, սա ազգային-ազատագրական պայքար է՝ իր բոլոր շերտերով։ Իշխանութեան ծրագիրը Հայաստանը վերջնականապէս տապալելն է, մեր ծրագիրն էլ ոչ միայն դա թոյլ չտալն է, այլեւ՝ իրենց հեռացնելն է: Այս խրամատում պէտք է մնան նրանք, ովքեր հաւատում են։ Անկախ նրանից, թէ մենք բարձրունքում ենք, ստորոտում ենք, թէ ամենատակն ենք, կապ չունի, պէտք է հաւատողները մնան: Մեր երկիրն անտէրութեան զգացումից պիտի դուրս բերի այս շարժումը: Այն պէտք է բոլոր առումներով թելադրող դառնայ: Այս հարթակից, այս հրապարակում, այս եկեղեցու հովանու ներքոյ մենք պէտք է կառուցենք գալիք Հայաստանի մեր տեսիլքը»,- ասել է Բագրատ Սրբազանը:
Ճտերն աշնանն են հաշւում
Արձագանգելով Փաշինեանի յայտարարութեանը, թէ շարժումը տապալւել է՝ Բագրատ Սրբազանն ասել է, որ եթէ տապալել է ինչո՞ւ են իշխանութիւններն անընդհատ խօսում այդ մասին։
«Իրենք լաւ գիտեն, թէ ինչն է ստացւել, ինչը չի ստացւել»,- յայտնել է նա՝ յիշեցնելով հին ասացւածքը. «Ճտերնն աշնանն են հաշւում»։
Ուրբաթ օրւանից՝ այցելութիւններ մարզեր
Բագրատ Սրբազանը յայտնել է, որ առաջիկայ ուրբաթ օրւանից շարժումը սկսելու է իր մարզային այցելութիւնները:
«Քաղաքական-հասարակական ուժերին դրանց մասին տեղեկացնելու ենք: Պէտք է գնանք գիւղերով, ամէն տուն մտնելով: Մենք մարդ բերելու յետեւից չպէտք է գնանք: Մենք ինքներս պէտք է գնանք ժողովրդի մօտ: Չպիտի վախենանք մեր ժողովրդից: Պէտք է գնանք, տեղում խօսենք եւ աջակցենք մեր ժողովրդին: Որովհետեւ տեղերում էլ ինքնաբուխ շատ բաներ են կատարւում»,- ասել է նա:
Բագրատ Սրբազանը տեղեկացրել է նաեւ, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում հաւաքները կը լինեն հինգշաբթի եւ երկուշաբթի օրերը, եկեղեցու բակում բացւելու է նաեւ գիրք, որտեղ իրենց տւեալները կարող են թողնել Սրբազան շարժմանը միացած քաղաքացիները: