Միջազգային

Ահաբեկչական յարձակում՝ Դաղստանում

Կան զոհեր եւ վիրաւորներ

«ԱԼԻՔ» – Երէկ՝ երեկոյեան, զինւած ահաբեկիչներն ահաբեկչական յարձակումներ են իրականացրել Ռուսաստանի Դաղստան Հանրապետութեան Դերբենդ եւ Մախաչկալա քաղաքներում: Տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:

Դերբենդում, ահաբեկիչներն ինքնաձիգներից կրակել են եկեղեցու եւ սինագոգի վրայ: Յարձակման հետեւանքով հրդեհ է բռնկւել սինագոգում եւ եկեղեցում:

Մօտաւորապէս նոյն ժամանակ կրակոցներ են տեղի ունեցել Մախաչկալայում: Ահաբեկիչները կրակել են ճանապարհային ոստիկանութեան բաժանմունքի, ինչպէս նաեւ մէկ եկեղեցու վրայ։

Նախնական տւեալներով՝ փոխհրաձգութեան հետեւանքով զոհւել է աւելի քան 15 ոստիկան եւ քաղաքացիական անձ, վիրաւորւել՝ 12-ը: Զոհւել է նաեւ Դերբենդի ուղղափառ եկեղեցու հոգեւոր հովիւը:

Անվտանգութեան եւ իրաւապահ մարմինների կազմակերպւած հակաահաբեկչական գործողութեան արդիւնքում, յաջողւել է չեզոքացնել ահաբեկիչներին: Վերջին տւեալներով՝ սպանւել է 6 ահաբեկիչ, որոնցից 4-ը Մախաչկալայում, իսկ 2-ը՝ Դերբենդում: Դաղստանում հակաահաբեկչական գործողութեան ռեժիմ է սահմանւել, եւ միջոցներ են ձեռնարկւել միւս ահաբեկիչներին յայտնաբերելու ուղղութեամբ:

Ռուսական ԶԼՄ-ները նշում են, որ ահաբեկիչները կապի մէջ են եղել միջազգային խոշոր ահաբեկչական կազմակերպութան (հաւանաբար՝ ԴԱԷՇ) հետ:

Աւելի ուշ յայտնի է դարձել, որ Մախաչկալայի յարձակմանը մասնակցել են Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի երկու որդիները՝ Օսման եւ Ադիլ Օմարովները, որոնք ոչնչացւել են, իսկ նրանց հօրը ձերբակալել են:

Յայտնի է դարձել նաեւ, որ Օմարով եղբայրներից մէկը՝ Օսմանը բիզնես սերտ կապեր է ունեցել Թուրքիայի հետ:

Related Articles

Back to top button