Հայկ Նահապետեանը՝ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում. «Միւնխէնեան հանդիպումների հարթակը կարող է օգտագործւել ՌԴ-ի, ԻԻՀ-ի, ՉԺՀ-ի դէմ տարբեր ոլորտներում գործողութիւնը իրականացնելու համար»
Միւնխէնի անվտանգութեան համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Քննարկւել են Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը եւ տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան ապահովմանն ուղղւած քայլերը, քաղաքագէտ Հայկ Նահապետեանը «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում այդ հանդիպումները գնահատեց, որպէս ՆԱՏՕ անդամ երկրների շփման հարթակ:
«Փաշինեանն ու Ալիեւը հանդիպել են վաղուց ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները կատարելու համար, որոնք ուժի մէջ են մտել նախկինից, որոնք դասական իմաստով ստանդարտ յայտարարութիւններ են: Բայց ինձ աւելի շատ մտահոգում է իր երկու հանդիպումը մեծ Բրիտանիայի արտաքին ռազմական հետախուզութեան պետ Ռիչարդ Մորի եւ ԱՄՆ պետքարտուղար Բլինքէնի հետ»,- նշեց նա:
Արձանագրելով, որ Միւնխէնեան անվտանգային հարցերով համաժողովը ոչ պարտադիր մասնակցութեան իրաւունքով համաժողով է:
«Հայաստանը անդամակցութիւն ունի ՀԱՊԿ-ին եւ այդ կազմակերպութեան հաւաքների քննարկումների, համաժողովների գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը պարտաւոր է ներկայանալ վարչապետի արտաքին գործերի նախարարի, անվտանգութեան խորհրդի կարգավիճակներով, եւ այդ հանդիպումներին չի գնում, որովհետեւ ինքը ունի պարտաւորութիւն գնալու, իսկ Միւնխէնի համաժողովը հասարակական կազմակերպութեան կողմից կազմակերպւած համաժողով է այդ համաժողովի պաշտօնական ներգրաււածութիւնը Հայաստանին պարտադրելու կամ ստիպելու առիթ չունի»,- նկատեց նա:
«Եթէ Հայաստանի օրւայ իշխանութիւնները կարեւորում են նման համաժողովներին մասնակցութիւնը, ապա, այս հանդիպմանը, հիմնականում մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները, այսինքն այդ համաժողովը հանդիպումների մէկ հարթակ էր, անմիջական շփումների հարթակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այդ երկրների կողմից արտաքին կառավարման ներքոյ գտնւող պետութիւնների ներկայացուցիչներին»,-նկատեց նա:
Ըստ Նահապետեանի՝ հանդիպումները կայացաւ որպէս խորհրդատւական հանդիպումների պայմանաւորւածութիւնների մէկ հարթակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կամ հաւաքական Արեւմուտքի պետութիւնների միջեւ, որտեղ հրաւիրւած էին այն պետութիւնների ղեկավարները, որոնք պոտենցիալ առումով կարող են օգտագործւել այս պահին բազմաբեւեռ աշխարհի ստեղծման աւանգարդում գտնւող երեք պետութիւնների դէմ՝ ՌԴ, ԻԻՀ, ՉԺՀ-ը տարբեր ոլորտներում գործողութիւնը իրականացնելու համար եւ այդ հարթակում Հայաստանին հրաւիրել էին որոշակի հրահանգաւորումներ իրականցնելու համար:
«Այն, որ Ռիչարդ Մորը պատասխանատու անձանցից մէկն է ՌԴ-ի դէմ յատուկ ռազմական եւ ահաբեկչական գործողութիւնների կազմակերպման ուղղութեամբ, այն ինձ խիստ մտահոգում է, որովհետեւ այնուամենայնիւ, տեսանելի է մեծ Բրիտանիայի նպատակները մեր տարածաշրջանում, այդ թւում՝ օգտագործել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, որպէս պատերազմի սանձազերծման միջոց, ինչպէս նաեւ օգտագործել հնարաւորութիւններ, որը ուղղւած կը լինի նաեւ ԻԻՀ-ի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան դէմ»,- նշեց նա:
Ըստ քաղաքագէտի՝ այս ձեւաչափերով Հայաստանի ակտիւ մասնակցութիւնը նաեւ փաստում է, որ Հայաստանի քաղաքականութիւնը դէպի Արեւմուտք էր շրջւել ու վաղուց տեսանելի է դարձել դեռեւս 2018 թւականին, երբ Հայաստանում իշխանութեան բերւեց սահմանադրական կարգի տապալմամբ եւ իշխանութեան բռնազաւթմամբ Փաշինեան Նիկոլը եւ իր քաղաքական խմբակը:
Քաղաքագէտը յիշեցրեց՝ դեռեւս, 1990-ականների կէսերին ներկայիս ՀՀ վարչապետը աստիճանաբար քաղաքական դաշտում մտքեր էր արտայայտում Արցախի, Հայաստանի ապագայի հետ կապւած եւ առանձնապէս Նիկոլ Փաշինեան անձն իր ընկալումներում չի փոխւել:
«Փաշինեանը չի փոխւել, ե՛ւ Հայաստանի ե՛ւ Արցախի հարցում չի փոխւել, իր լրագրողական տարիների համեմատութեամբ, եւ մենք դեռեւս մի ճանապարհի մէջ ենք, որ կարող ենք կորցնել Հայաստանի մի մասը, չբացառելով, որ էական մաս կորցնելը նշանակում է՝ Հայաստանը օգտագործւի եւ ռազմական գործողութիւնների նոր թատերաբեմ ստեղծւի:
«Ինքը Ալիեւի-Էրդողանի եւ նրանց անդրկովկասեան կուրատորների միջոցով հասաւ նրան, որ Արցախը հայաթափւեց: Սա է այն իրականութիւնը, որի մէջ ցաւօք սրտի ապրում ենք, որը պարբերաբար մեր երկրի քաղաքացիների համար մանիպուլացւում է, որպէսզի իրականութիւնը համարժէք չգնահատենք»,-նշեց նա:
ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ