Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սերգէյ Մարկեդոնով. «Ո՞վ է փոխհատուցելու Հայաստանի անվտանգութիւնը ՀԱՊԿ-ի հետ խզումից յետոյ»

«ԱԼԻՔ» – «Յունիսի 12-ին լրատւական գործակալութիւնները լեցուն էին լուրերով. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց ՀԱՊԿ-ից իր երկրի դուրս գալու մասին։ Մանրամասներ չեն հաղորդւել։ Դրանք աւելի ուշ եղան։ Պարզւեց, որ լրագրողները շտապում էին, ինչպէս հիմա ասում են՝ «որսալ աղմուկը» (Catch The Hype-ԽՄԲ.)։

Հանրապետութեան Ազգային ժողովում կառավարութեան հարց ու պատասխանի ժամին Փաշինեանը  յայտարարեց, թէ Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Բայց այս գործընթացի ժամկէտները, ընթացակարգերն ու մեխանիզմները նա չնշեց»։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովը։

«Քիչ անց Հայաստանի արտգործնախարարութեան ղեկավար Արարատ Միրզոյեանը նոյնիսկ փորձեց հարթել իր ղեկավարի յայտարարութիւնից բացասական տպաւորութիւնները։ Ըստ նրա՝ վարչապետը միայն նկատի ունէր, թէ Երեւանը դաշինք չի վերադառնայ, եթէ դուրս գայ ՀԱՊԿ-ից։ Սակայն նստւածքը, միեւնոյնն է, մնաց։

Եւ դրա համար աւելի քան բաւարար հիմքեր կան։ Նախ՝ ինքը՝ Փաշինեանը, ՀԱՊԿ-ին անցողակի «պղպջակների միութիւն» անւանեց։ Երկրորդ՝ Հայաստանի վարչապետը կոշտ յարձակումներ արեց Բելառուսի վրայ՝ յայտարարելով, թէ ինքը այլեւս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկօն։

«Իսկ ընդհանրապէս, յայտարարում եմ, որ այսուհետ Հայաստանի ոչ մի պաշտօնական ներկայացուցիչ Բելառուս չի գնալու։ Ընդհանրապէս»,- եզրափակեց Փաշինեանը։ Ընդորում արժէ յիշեցնել, որ նա առաջին անգամը չէ, որ նման յայտարարութիւններ է անում։

2024 թւականի փետրւարին Փաշինեանը յայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցութեան «սառեցման» մասին։ Մայիսին նրա կառավարութիւնը յայտարարեց, թէ հրաժարւում է համաֆինանսաւորել դաշինքը»:

Մարկեդոնովը հռետորական հարց է տալիս` «Իսկ ինչո՞ւ հէնց յունիսի 12-ին ՀԱՊԿ թեման յայտնւեց վարչապետ Փաշինեանի ուշադրութեան կենտրոնում»։ Քաղաքագէտը նշում է, որ դրա համար մի քանի պատճառներ կան:

«Սա ներքին եւ արտաքին քաղաքական պատճառների համադրութիւն է։ Հէնց յունիսի 12-ին յայտարարւեց Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի աւարտի մասին։ Հայաստանում՝ յիրաւի ցաւոտ թեմա։

Հանրապետութիւնում զանգւածային բողոքի ցոյցեր են։ Ու թէեւ, մարզական լեզւով ասած, «խաղի ընդհանուր հաշւի վրայ չեն ազդում», սակայն հէնց իշխանութեան հանդէպ դժգոհութիւնն ինքնին նեարդայնացնում է Փաշինեանին։ Եւ նա գրեթէ չի թաքցնում դա, այս մակարդակի քաղաքական գործչի համար բողոքի ցոյցերում պոռթկող զգացմունքները չափազանց անձնական բնոյթ ունեն։

Հայ հասարակութեան գերիշխող տրամադրութեան՝ ջղացնցման ու հիասթափութեան պայմաններում Փաշինեանը փորձում է տիրանալ քաղաքական նախաձեռնութեանը։ Նա անում է ամէն ինչ, որպէսզի ուշադրութիւնն իրենից եւ իր կառավարութիւնից ուրիշների վրայ փոխադրի:

Այդ ժամանակ նրա քննադատութեան կիզակէտում են յայտնւում «նախկինները», որոնք, ըստ Փաշինեանի` սխալ են մեկնաբանել «Ղարաբաղի ինքնորոշման» հարցը, Ռուսաստանը, որն, ըստ Փաշինեանի Հայաստանը ներքաշել է «պղպջակների միութեան» մէջ եւ X ժամին չի օգնել, ընդդիմութիւնը, որն, ըստ վարչապետի` իրեն անպատասխանատու է պահում։

Հիմա էլ այս ցուցակին աւելացաւ եւս մէկ «չար հրեշտակ» Լուկաշենկօն։ Բոլորն են մեղաւոր, միայն ոչ վարչապետն ու նրա զինակիցները։

Նրանք հաւանաբար թղթի ճերմակ թերթիկի պէս անաղարտ են: Յամենայնդէպս այս կերպարն է հրապարակաւ ներկայացնում Փաշինեանը։ Բայց հասարակութեանը յուզող հարցերին նա առաջւայ նման չի պատասխանում։ Ո՞վ է փոխհատուցելու Հայաստանին անվտանգութեան համար ՀԱՊԿ-ի հետ խզումից յետոյ (գրում ենք ՀԱՊԿ, կարդում ենք՝  Ռուսաստան)։

Ի՞նչ է իրականում առաջարկում Արեւմուտքը, բացի «ժողովրդավարական ընտրութեան» մասին հանդիսաւոր յայտարարութիւններից եւ Կովկասում Մոսկվայի ազդեցութիւնը նւազագոյնի հասցնելու ցանկութիւնից։ Որտե՞ղ եւ ինչպէ՞ս կը գայ Բաքւին եւ Անկարային Երեւանի զիջումների գործընթացի աւարտը։

Պատասխաններ չկան, բայց ընդդիմութեան նկատմամբ խիստ դժգոհութիւնը կայ ու կայ։ Եւ զանգւածային ցոյցերի դէմ ուժի կիրառումն արդարացնելու ճիգեր։ Կրկին մարտավարութիւնը գերակշռում է ռազմավարութեանը: Փայլուն յաղթանակներ հակառակորդների նկատմամբ՝ առանց տարածաշրջանային եւ միջազգային փոփոխւող պայմանների հայկական յետագծի յստակ պատկերացման»,- գրել է փորձագէտը։

Related Articles

Back to top button