Ինչո՞ւ են ԱՄՆ փոխպետքարտուղարներն իրար հերթ չտալով՝ այցելում Երեւան
ԱՄՆ փոխպետքարտուղար Ջէյմզ Օ՛Բրայէնի հայաստանեան այցից ժամեր անց, ԱՄՆ դեսպանատունն ազդարարեց մէկ այլ փոխպետքարտուղարի այցի մասին։ ԱՄՆ Պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման յունիսի 17-19-ը պաշտօնական այցով կը ժամանի Երեւան։ Տեղեկութիւնը յայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանութեան մամուլի ծառայութիւնը։
Պաշտօնեայի այցի նպատակն է՝ մասնակցել Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարութեան հարցերին նւիրւած հայ-ամերիկեան համաժողովին։ Մեր երկրում նախատեսւած են Ռիչարդ Վերմայի հանդիպումները Նիկոլ Փաշինեանի եւ արտգործնախարար Արարատ Միրզոյեանի հետ։
«Այս այցը վկայում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերի հետագայ ամրապնդման մեր մտադրութեան մասին»,- շեշտւում է հաղորդագրութեան մէջ։
Նշւում է, որ Վերմայի հետ Հայաստան է ժամանում Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնտանա եւ Փենսիլւանիա նահանգների համայնքային եւ նահանգային պաշտօնեաներից կազմւած պատւիրակութիւնը։ Նրան կուղեկցեն Նահանգային ու քաղաքային դիւանագիտութեան հարցերով յատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգեանը, ով նաեւ ղեկավարում է պետքարտուղարութեան նորաստեղծ ենթաազգային դիւանագիտութեան թիմը, եւ կոմերցիոն ու բիզնես հարցերով յատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։
Յիշեցնենք, որ յունիսի 10-ին Հայաստան էր ժամանել ԱՄՆ Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջէյմզ Օ’Բրայէնը։
168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ փոխպետքարտուղարների այցերը Հայաստան, որոնք ուղեկցւում են ՀՀ իշխանութիւնների հակառուսական յայտարարութիւններով այն մասին, որ ՀՀ-ն լքելու է ՀԱՊԿ-ը, պատահական չեն եւ լիովին համապատասխանում են ՀՀ իշխանութիւնների հիմնական արտաքին քաղաքականութեանը։
Ըստ նրա՝ ակնյայտ է, որ ՀՀ իշխանութիւնների գլխաւոր նպատակն է՝ ստանալ երաշխիքներ Արեւմուտքից եւ, մասնաւորապէս, ԱՄՆ-ից։
Նրա խօսքով՝ հնարաւոր չէ վստահ ասել, որ ԱՄՆ-ը ինչ-որ փուլում կը տայ նման երաշխիքներ․ «Սակայն տեսանելի է ԱՄՆ ձգտումը՝ գոնէ ցոյց տալ, թէ ցանկանում է բաւարարել Երեւանի ակնկալիքները։ Արեւմտեան ինտեգրացիա որդեգրող երկիրը նման երաշխիքներ պէտք է ստանայ կամ ՆԱՏՕ-ից, կամ ԱՄՆ-ից, Հայաստանի դէպքում կայ նաեւ Ֆրանսիան, սակայն ՀՀ-ն դեռեւս ՆԱՏՕ-ի անդամակցութեան հեռանկարի հարց չի բարձրացնում՝ գուցէ հաշւի առնելով այն, որ ՀՀ-ն դեռ չի լքել ՀԱՊԿ-ը։
Թէեւ Երեւան-Բաքու բանակցութիւններն ուղիղ են, դրանցում նկատւում է ԱՄՆ-ի չերեւացող դերն ու ստւերը, որը կը ցանկանայ նաեւ այս փուլում դառնալ միջնորդ եւ ռեգիոնալ նոր ձեւաւորւելիք ստատուս-քւոյի երաշխաւոր, եթէ Ադրբեջանը համաձայնի։ Կարծում եմ՝ պատահական չէ նաեւ, որ այս այցերը հէնց հիմա են, երբ կողմերը կարծես աւարտին են հասցնում համաձայնագիրը եւ փորձում ստորագրման ժամկէտների շուրջ պայմանաւորւել։ Սրանք ԱՄՆ-ի փոքր նպատակներն են աւելի գլոբալ նպատակի՝ ՌԴ վերջնական դուրսմղման համար Հարաւային Կովկասից»,- ասաց վերլուծաբանը։
Սիմոնովի կարծիքով, քանի դեռ ՀՀ-ն չունի վերոնշեալ երաշխիքները, դուրս չի գայ ՀԱՊԿ-ից ու նման լուրջ արտաքին քաղաքական քայլի չի գնայ։
«Բացի այդ, կայ տնտեսութեան եւ գազի դիւերսիֆիկացման թեման։ Այս դաշտում Արեւմուտքը՝ ԱՄՆ-ը, ի՞նչ ունեն առաջարկելու Երեւանին, եթէ նրան մղում են հակառուսական քայլերի։ Իրական այլընտրանքներ ՀՀ-ն չունի այս ոլորտներում։ Դա է նաեւ պատճառը, որ հակառուսական քայլերը հիմնականում կրում են դեմոնստրատիւ բնոյթ։
Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ՌԴ արտաքին քաղաքականութիւնը կենտրոնացած է գլոբալ նպատակներ իրագործելու վրայ՝ թուլացնելով իր քաղաքականութիւնն այն ռեգիոններում, որտեղ կայ Արեւմուտքի հետ նոր ճակատի բացման հնարաւորութիւն։ Հայ-ռուսական յարաբերութիւնների ապագան կորոշւի գլոբալ խնդրի լուծման հետ մէկտեղ»,- ասաց վերլուծաբանը։