Հայաստան - ԱրցախՄշակութային

Արցախի եզակի զարդանախշերով գորգերի կրկնօրինակները ներկայացւում են որպէս Ադրբեջանի «գենետիկական կոդ»

«ԱԼԻՔ» – Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգութեան իւրացման քաղաքականութիւնն ակտիւացել է միջազգային տարբեր հարթակներում՝ ցուցահանդէսների, դասախօսութիւնների եւ գիտական լսումների տեսքով։ Գրում է monumentwatch-ը:

Այս անգամ ադրբեջանական պրոպագանդան կենտրոնացել է Մերձբալթեան տարածաշրջանում՝ Լատւիայում, որտեղ արցախեան գորգերը՝ իրենց ինքնատիպ հայկական զարդանախշերով ու խորհրդաբանութեամբ՝ ներկայացւում են որպէս Ադրբեջանի աւանդական գորգագործութեան մշակոյթ։ Խօսքը Լատւիայի մայրաքաղաք Ռիգայում «Դեկորատիւ արւեստի եւ դիզայնի թանգարանում» վերջերս՝ 2024 թւականի մայիսի 16-ին բացւած՝ «Ադրբեջանական գորգեր. յիշողութեան գենետիկական կոդը» խորագրով ցուցահանդէսի մասին է, որի հիմնական ցուցադրութիւնն ընդգրկում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տարածաշրջանի հայկական գորգերը։ Իբրեւ ադրբեջանական ներկայացւող գորգերում առկայ նշանները, կենդանիների եւ թռչունների պատկերները, դեկորատիւ ձեւաւորման մէջ կոմպոզիցիոն նախշերը եւ դրանց շուրջ հաւատալիքները կիրառւել են հայկական գորգագործութեան մշակոյթում եւ ունեն դարաւոր պատմութիւն։

Ցուցահանդէսը, որը նախաձեռնւել է Լատւիայում Ադրբեջանի Հանրապետութեան դեսպանատան, Ադրբեջանի «Ազերխալչա» գորգագործութեան ընկերութեան համագործակցութեամբ՝ նւիրւած է Ադրբեջանի եւ Լատւիայի միջեւ դիւանագիտական ​​յարաբերութիւնների հաստատման 30-ամեակին, որն էլ աւելի է ընդգծում միջոցառման պետական ուղղորդւածութիւնը։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ Լատւիայի կառավարութեան եւ խորհրդարանի անդամներ, դիւանագիտական ​​առաքելութիւնների ղեկավարներ, տեղական մշակութային, սոցիալական եւ լրատւական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, Լատւիայում բնակւող ադրբեջանական համայնքի անդամներ։

Լատւիայի մայրաքաղաք Ռիգայում կազմակերպւած ադրբեջանական գորգերի ցուցահանդէսում ներկայացւած են «Ազերխալիչա» ընկերութեան գորգերը։ Այդ ընկերութեան նմուշները կրկնում են Արցախի Ջրաբերդի (Джраберд, Jraberd) հայկական ֆեոդալական իշխանութեան գորգագործական կենտրոնից սերւած «Արծւագորգ»-երը, Սիւինիքի եւ Նախիջեւանի Գողթն գաւառի «Որոտան» տիպի գորգը, ինչպէս նաեւ Շիրւանի գորգերը (Ջրաբերդ-Բերդ, ամրոց Մեծ Հայքի Արցախ աշխարհի, Ջրաբերդ գաւառում։ Յիշատակւում է 6-7-րդ դդ․ դէպքերի առնչութեամբ։ Գոյութիւն է ունեցել մինչեւ 19 դարի առաջին տասնամեակը (Hakobyan T., Melik-Bakhshyan St., Barsegyan H., Dictionary of Toponymy of Armenia and Adjacent Territories, vol. 4, Yerevan, 1998, p.417)։ Նշանաւոր գորգագործական կենտրոններից է 16-17-րդ դդ․, որտեղ ծագել է «Ջրաբերդ» տիպի «Արծւագորգը»)։

«Արծւագորգի» գլխաւոր զարդամոտիւը Արծիւն է (նկ. 1, 2)։ Այն թեւաւոր Արեւի կամ ուրարտական Խալդի աստւածութեան, զրադաշտական Ահուրամազդայի կերպաւորումներից է։ Թեւաւոր արեւի այսպիսի պատկերագրութիւնը հայկական արւեստում յայտնի է դեռեւս հնագոյն ժամանակաշրջանից եւ իր արտայայտութիւնն է գտնում նաեւ Արցախ-Սիւնիքի հայկական ուշ միջնադարեան գորգերում։ Այն օտարալեզու գրականութեան մէջ յայտնի է «Tschelaberd» անւանումով (Տես՝ Adil Besim, Mythos und Mystik, Alte und antike Textilkunst, Wien, 1998, s. 22։ Ցուցադրութեան մէջ այս գորգերը վերանւանւել են Chalabi կամ Chelebi)։

Լատւիայի ցուցադրութեան ձիաւորներով, եղնիկներով, գիշատիչ կենդանակերպ պատկերներով գորգը (նկ. 3) յիշեցնում է Շիրւանի ու Դաղստանի նմանատիպ գորգերը եւ համեմատական զուգահեռներ ունի Իրանի Qashgai քոչւոր ցեղախմբի գորգերի հետ (Jourdan Uwe, Persische Teppiche, Augsburg, 1995, s. 188-189)։

Մինչ սեպտեմբերի 15-ը ընթացքող այս ցուցադրութիւնը ոչ միայն հայկականից իւրացւած արւեստի նմուշների ցուցադրութիւն է, այլ քաղաքական խորը ենթատեքստ ունեցող միջոցառում, որի հեռահար նպատակը պատմութեան վերաշարադրումն է, ԼՂ տարածաշրջանի հայկական ինքնութիւնն ու ժառանգութիւնը ջնջելը, եւ այդ ամէնի միջազգային ամրագրումը։ Այն էական մտահոգութիւններ է առաջացնում նաեւ մշակութային ժառանգութեան պահպանման եւ ցուցահանդէսի էթիկական հետեւանքների վերաբերեալ:

Ցուցահանդէսի բացման արարողութեանը՝  Լատւիայում Ադրբեջանի դեսպան Էլնուր Սուլթանովն ընդգծելով Ադրբեջանի եւ Լատւիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-ամեակի պատմական նշանակութիւնը, արցախեան տիպիկ զարդանախշերով գորգերը Ադրբեջանի ժողովրդի ժառանգութիւն է համարել՝ յիշեցնելով, որ ադրբեջանական գորգագործութիւնը, 2010 թւականին ներառւել է ԻՒՆԵՍԿՕ-ի մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում։ Խօսքն այն նոյն ցանկի մասին է, որում ընդգրկւած «Հայկական խաչքարերի արւեստը. խաչքարերի սիմւոլիզմն ու վարպետութիւնը»՝ հայկական նմուշների իսպառ ոչնչացման գործին է լծւած հէնց Ադրբեջանը, ոչնչացնելով արցախեան բազմաթիւ պատամական ու ժամանակակից խաչքարեր։

Վերադառնալով ցուցահանդէսին, հարկ է նշել, որ դրա հիմնական ցուցանմուշները Ադրբեջանի Ազերխալչա (Azerkhalcha/Azərxalça) ընկերութեան արտադրանքն են, որը միակ գորգ արտադրողն է Ադրբեջանում: Իսկ դա ցուցիչն է այն բանի, որ գործարանի կողմից ստեղծւած՝ արցախեան զարդանախշերի կրկնօրինակներով հաւաքածուների ստեղծումը ուղղորդւած է, մենաշնորհային եւ պետական հովանաւորչութեամբ։

Էլ աւելի վտանգաւոր է այն, որ ցուցահանդէսը նաեւ կրթական ծրագրերի միջոցով հայկականը ջնջելու միտում ունի, որի ապացոյցը մայիսի 29-ին նոյն թանգարանի ցուցադրութեան տարածքում տեղի ունեցած գիտական լսումներ եւ դասախօսութիւններն են, որի ընթացքում Տիկին Վիյա Բուշան, ով Ադրբեջանում Լատւիայի դեսպանութեան խորհրդական է, (Ms. Vija Buša- The current Deputy Head of Mission at the Embassy of Latvia in Azerbaijan), կարդացել է դասախօսութիւն՝ ներկայացնելով Շուշին որպէս Ադրբեջանի դարաւոր մշակութային մայրաքաղաք։ Դասախօսութեան առանցքում է եղել նաեւ լատւիացի նկարիչ եւ ազգագրագէտ Իւլիա Շտրաումեի գործունէութեան վերաբերեալ հետազօտութեան ներկայացումը: Հարկ է նշել, որ Տիկին Բուշայի գործունէութիւնը չի սահմանափակւում այս ցուցահանդէսի կազմակերպման դիւանագիտական խորհրդատւութեամբ, այլ ընդգրկում է Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրին աջակցութիւնը եւ այն որպէս ադրբեջանական ներկայացնելը։

Հարկ է նշել, որ այս ուղղութեամբ եւս Ադրբեջանը պետական ուղղորդւած քաղաքականութիւն է տանում՝ մի կողմից Շուշիում կազմակերպելով իսլամական զանազան համաժողովներ՝ քաղաքի պատմական, մշակութային կերպարը նենգափոխելու եւ գործընթացը միջազգայնօրէն ամրագրելու, քաղաքը միջազգային հանրութեանը եւ կազմակերպութիւններին որպէս զուտ ադրբեջանական ներկայացնելու եւ այդ ամէնն օրինականացնելու համար, իսկ միւս կողմից ոչնչացնում է եղածը։ Այս միտումներն ակնյայտ են ներկայացւած բոլոր ծրագրերում ու ելոյթներում, որոնցում Շուշին ներկայացւում է բացառապէս որպէս ադրբեջանական եւ թուրքական բնակավայր՝ բացարձակ լռութեան մատնելով Շուշի քաղաքի հայկական մշակութային հարուստ ժառանգութիւնը, պատմական անցեալն ու բազմաթիւ յուշարձանների գոյութիւնը: Ստորեւ բերւած մի քանի օրինակները առաւել կը մանրամասնեն բերւած պնդումները։ Այսպէս՝ դեռեւս 2021 թւականին Ադրբեջանը փաստաթղթեր է ներկայացրել ԻՒՆԵՍԿՕ-ին Շուշին որպէս ադրբեջանական քաղաք՝ «ԻՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցում» ընդգրկելու համար, բացի այդ Բաքուն 2023 թւականին Շուշին հռչակել է «Թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։

Նկարների բացատրութիւն

Նկար 1. Հայկական «Ջրաբերդ» տիպի «Արծւագորգի» հիմնական յօրինւածքի կրկնօրինակը՝ Լատւիայում ներկայացւած ադրբեջանական ցուցահանդէսին

Նկար 2. Հայկական «Ջրաբերդ» տիպին պատկանող գորգի հիմնական յօրինւածքի կրկնօրինակը՝ Լատւիայում ներկայացւած ադրբեջանական ցուցահանդէսին

Նկար 3. Ձիաւորներով, եղնիկներով, գիշատիչ կենդանակերպ պատկերներով գորգ, որը սերում է Շիրւանից

Related Articles

Back to top button