Այլ

Աուտիզմ ունեցող երեխաների գորշ նիւթն աւելի շատ է ուղեղի  արտաքին շերտում, քան աուտիզմ չունեցող երեխաների մօտ

Նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ աուտիզմի ծանր ձեւերը կարող են կապւած լինել ուղեղի արտաքին շերտի չափից աւելի աճի հետ, որն սկսւում է այն ժամանակ, երբ երեխան գտնւում է մօր արգանդում։

Հետազօտողները վերջերս Molecular Autism ամսագրում պատմել են, որ աուտիզմ ունեցող երեխաների մօտ գլխուղեղի կեղեւը, որը յաճախ անւանում են «գորշ նիւթ», մօտաւորապէս 40 տոկոսով աւելին է, քան զարգացման խանգարումներ չունեցող երեխաների մօտ։

«Արդիւնքները ցոյց են տւել, որ խոր աուտիզմ ունեցող երեխաների մօտ աւելի շատ են բջիջները, երբեմն էլ նէյրոնները, եւ դա միշտ չէ, որ լաւ է»,- նշել են հետազօտութեան հեղինակները։

Աուտիզմի հանելուկներից մէկն այն է, թէ ինչու այս խանգարումն ունեցող որոշ երեխաներ այնպիսի լուրջ ախտանշաններ ունեն, ինչպէս զարգացման հետ ընկնելը, շփման դժւարութիւնները եւ խօսել չկարողանալը, այն դէպքում, երբ միւսների մօտ ախտանշաններն աւելի թեթեւ են, որոնք ժամանակի ընթացքում անցնում են։

Այս հետազօտութեան համար հետազօտողներն օգտագործել են 1-4 տարեկան 10 փոքրիկների արեան ցողունային բջիջները գլխուղեղի կեղեւի օրգանոիդների ստեղծման համար՝ գլխուղեղի կեղեւի 3D-մոդելներ, որոնք ստեղծւում են լաբորատոր բջջային կուլտուրաների օգնութեամբ։

Գիտնականների խօսքով՝ գլխուղեղի կեղեւի գորշ նիւթը գտնւում է նրա սահմաններից դուրս։ Այն պարունակում է տասնեակ միլիարդաւոր նեարդային բջիջներ եւ պատասխանում է այնպիսի կարեւոր ֆունկցիաների համար, ինչպիսին են գիտակցութիւնը, մտածողութիւնը, տրամաբանական դատողութիւնները, ուսուցանումը, յիշողութիւնը, յոյզերը եւ զգացողութիւնների օրգանները։ Նրանք համեմատել են այդ օրգանոիդները աուտիզմ չունեցող վեց փոքրիկների ցողունային բջիջներից ստացւածների հետ։

Հետազօտողները տեղեկացնում են, որ աուտիզմ ունեցող բոլոր երեխաների օրգանոիդները, անկախ ծանրութեան աստիճանից, մօտ երեք անգամ աւելի արագ են աճել, քան աուտիզմ չունեցող երեխաները։ Գլխուղեղի ամենախոշոր օրգանոիդների մի մասում (աուտիզմի ամենածանր ձեւեր ունեցող երեխաների մօտ) նկատւել է նաեւ նէյրոնների արագացւած ձեւաւորում։ Որքան աւելի ծանր է երեխայի աուտիզմը, այնքան աւելի արագ  է աճում նրա օրգանոիդը, երբեմն այն աստիճան, որ առաջանում են չափից շատ նէյրոններ։

Գիտնականները յայտնաբերել են, որ երեխայի՝ լաբորատորիայում աճեցւած կորտիկալ օրգանոիդի չափը համապատասխանում է ուղեղի աւելի խոշոր կառոյցի, որը դիտարկւում է ՄՌՏ-լուսանկարներում։ Բացի այդ, չափից աւելի մեծացած կորտիկալ օրգանոիդներ ունեցող երեխաների մօտ ուղեղի սոցիալական, լեզւական եւ սենսորային հատւածների ծաւալը աւելի մեծ է եղել, քան սովորաբար, աուտիզմ չունեցող երեխաների համեմատ։

 NEWS.am Medicine

Related Articles

Back to top button