Հայաստան - Արցախ

Տասնեակ հազարաւոր քաղաքացիներ են մասնակցել «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման հանրահաւաքին

Անկոտրում կամք, նպատակասլաց պայքար՝ մինչեւ յաղթանակ

«ԽԱՂԱԼՈՒ ԺԱՄԸ ՉԷ, ՊԷՏՔ Է ԳՈՐԾԵԼ»

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունիսի 9-ին Երեւանի Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցաւ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրաւիրած համազգային հանրահաւաքը, որին մասնակցում էին տասնեակ հազարաւոր քաղաքացիներ:

Մինչեւ հանրահաւաքի սկսելը երիտասարդները Երեւանի մետրոպոլիտենի Սասունցի Դաւիթ կայարանի, Հրազդան մարզադաշտի եւ Մատենադարանի յարակից տարածքներից երթով միացան հրապարակում հաւաքւած բազմահազար քաղաքացիներին:

Հանրահաւաքը մեկնարկեց ՀՀ օրհներգով եւ Տէրունական աղօթքով:

Մեծ էկրանի վրայ ցուցադրւեց ոստիկանական վայրագութիւններն յիշեցնող տեսանիւթ:

«Այս շրջանում իշխանութիւնները բազմաթիւ միջոցներով ճնշում են մարդկանց, դա կարող է դրսեւորւել մատ թափ տալուց սկսած մինչեւ կալանաւորում: Ունենք քաղբանտարկեալներ, որոնք երկար ժամանակ է նստած են»,- իր ելոյթում յայտարարեց փաստաբան Ռուբէն Մելիքեանը։

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ շէնքի դիմաց ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ գործադրելուն՝ փաստաբանն ասաց. «Քանի դեռ մի ոստիկան չի կանչւել պատասխանատւութեան, քաղաքացիների նկատմամբ ցանկացած գործողութիւն, այդ թւում՝ ձերբակալում եւ կալանաւորում ապօրինի է, քանի որ տարբերակւած մօտեցում է կիրառւում»։

Ռուբէն Մելիքեանը յայտարարեց, որ հինգ իրաւապաշտպանների անունից ցանկանում են կարմիր բերետ նւիրել ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանին, որովհետեւ նա հիանալի պաշտպանում է կարմիր բերետների իրաւունքը: Նա վստահեցրեց, որ այն անպայման կառաքւի Անահիտ Մանասեանին։

Հանրահաւքին ելոյթ ունեցաւ նաեւ ԵՊՀ ուսանող Արման Սարգասեանը, որը պայքարի օրերին տուժել է ոստիկանների բռնի գործողութիւններից։

«Իմաստ չունի իմ սովորելը, եթէ յետոյ պէտք է դառնամ թուրքի կիրթ ստրուկը: Մենք՝ ուսանողներս, գիտակցում ենք աւելին, քան թւում է շատերին։ Վերջին հինգ տարիներին մենք շատ բան հասկացանք։ Շատ ժամանակ դժւար էր կոշմնորոշւել՝ փողոց դուրս գալ, մտնել պայքարի մէջ, բայց այսօր մեզ այլ ճանապարհ չեն թողել։ Մենք յաղթանակի սերունդ ենք եւ մեր յաղթանակաը պէտք է շարունակական լինի։ Մենք համաձայն չենք ապրելու պարտւողի հոգեբանութեամբ։ Ես այստեղ եմ, որ ունենամ ամուր պետութիւն, որպէսզի կառուցեմ իմ ապագան արժանապատիւ երկրում, ստիպւած չլինեմ արտագաղթել այլ երկիր»,- ասաց նա:

Թուրքագէտ Վարուժան Գեղամեանն էլ իր ելոյթում մասնաւորապէս նշեց. «Մէկ ամիս է, ինչ Թուրքիայում եւ Ադրբեջանում ուշադիր հետեւում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Ձեր պայքարին հետեւում են անհանգստացած, որ յանկարծ այստեղ մի փոփոխութիւն չլինի:

Բացի այն, որ անհանգստանում են, այլեւ ձեր սկսած պայքարի պատճառով Թուրքիայում հրաւիրում են անվտանգութեան խորհրդի նիստ, որովհետեւ Հայաստանում իշխանափոխութիւնը ձեռնտու չէ իրենց շահերին»: Նա յաւելեց, որ թշնամին անհանգստանում է, որովհետեւ գիտի՝ բոլորիս պայքարը բերելու է ոչ թէ թուրքական, այլ՝ հայկական խաղաղութիւն։

Գեղամեանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանութիւնների զիջումներն անվերջանալի են․ «Այս զիջումները մտնելու են ցանկացած հայի տուն՝ անկախ նրա քաղաքական հայեացքներից, զբաղեցրած պաշտօնից, ունեցած եկամուտից, մասնագիտութիւնից, նոյնիսկ սիրելի ֆուտբոլային թիմից։ Չի կարող Հիւսիսային պողոտայում լինել անվտանգ, երբ Հիւսիսային Հայաստանում՝ Տաւուշում Լենա տատիկը 50 մետր հեռաւորութեան վրայ է գտնւում ադրբեջանական զօրքից, 7-ամեայ Արմանը դպրոց է գնալու ադրբեջանական «Եաշմա»-ի թիրախի տակ»,- յայտարարեց նա:

Հանրահաւաքի կենտրոնական ելոյթը շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանինն էր:

«Կեղծ են բոլոր թեզերը, որ այսօր պատերազմ գոյութիւն չունի, եւ իբրեւ թէ մենք ենք նպաստելու դրա վերսկսմանը:

Սա ամենամեծ կեղծիքն է, քանի որ պատերազմ բերած իշխանութիւնը չի կարող պատերազմ աւարտել։ Լաւագոյն դէպքում այն մեզ տանելու է ամբողջական ինքնայանձնման, մեր հայրենիքի, պետութեան եւ ինքնութեան կորստով։

Պատերազմը չի աւարտւել։ Այն շարունակւում է այս յանցաւոր սահմանազատման եւ սահմանագծման տեսքով»,- ասաց Սրբազանը։

Անդրադառնալով անցումային կառավարութեան թեմային, Բագրատ Սրբազանն ասաց, որ այն կը պատրաստւի արտահերթ ընտրութիւնների՝ առանց դրան մասնակցելու:

Նա նշեց, թէ անցումային կառավարութիւնը օրակարգային ինչ երեք ուղղութիւններով է աշխատելու.

«Ա. Հաշտութեան կառավարութիւն վերկուսակցական՝ կազմւած բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով եւ նւիրումով։ Ներքին հաշտութեան՝ արդարութեան սկզբունքի վրայ։

Բ. Արտաքին յարաբերութիւներ՝ իրական խաղաղութեան, առանց հակաների, հայկական օրակարգով:

Գ. Սահմանւած ժամկէտում արտահերթ կամ հերթական ընտրութիւնների նախապատրաստում եւ անցկացում՝ առանց հաւակնութիւն ունենալու մասնակցելու այդ ընտրութիւններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր եւ մեկնարկային արդարութիւն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար»։

Բագրատ Սրբազանը յայտարարեց նաեւ շարժման առաջիկայ օրերի անելիքները եւ պահանջները։

«Դիմում եմ ԱԺ բոլոր խմբակցութիւններին.

Քայլ 1. Մեր պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամաւորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ յունիսի 11-ին՝ ժամը 18։30-ին, կառավարութեան հրաժարականի եւ նոր կառավարութիւն ձեւաւորելու օրակարգով։

Քայլ 2. Յունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտաւոր է ընդունել որոշում արտահերթ նիստ հրաւիրելու մասին, քաղաքական մեծամասնութիւնը՝ ՔՊ-ական պատգամաւորները, պարտաւոր են ենթարկւել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով ե համոզմունքով։ Մեր ներկայութեամբ մենք նրանց թոյլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։

Քայլ 3. Համաժողովրդական պահանջի հիման վրայ խորհրդարանը իր արտահերթ նիստով հաւանութիւն է տալիս գործող կառավարութեան հրաժարականի եւ նոր կառավարութիւն ձեւաւորելու որոշմանը»։

«Խաղալու ժամը չէ, պէտք է գործել»,- յայտարարեց Սրբազանը:

Հանրահաւաքի աւարտին Հանրապետութեան հրապարակից մեկնարկեց երթ՝ Ամիրեան, Մաշտոց եւ Բաղրամեան փողոցներով:

Բաղրամեան-Դեմիրճեան փողոցների խաչմերուկում, ոստիկանական ուժերը փորձեցին կասեցնել երթ՝ թոյլ չտալով երթի մասնակիցների շարժւել դէպի կառավարական առանձնատներ:

Բագրատ Սրբազանը բոլոլոր քաղաքացիներին կոչ արեց հաւաքւել Բաղրամեան-Դեմիրճեան փողոցների խաչմերուկում եւ իրականացնեն իրենց քաղաքացիական պարտաւորութիւնը: Նա ասաց, որ իրենք ոչ մի տեղ չեն գնալու եւ շարունակելու են իրենց երթը:

Ոստիկանները փորձում էին կասեցնել երթի երկու ուղղութիւնները՝ Բաղրամեան-Դեմիրճեան եւ Պարոնեան-Դեմիրճեան խաչմերուկներում՝ սպառնալով օգտագործել յատուկ միջոցներ:

Աւելի ուշ, այնուամենայնիւ Բագրատ Սրբազանին եւ երթի մասնակիցներին յաջողւեց շարժւել դէպի կառավարական առանձնատներ, որտեղ նոյնպէս մեծ թւով ոստիկանական ուժեր էին կուտակւած:

Կառավարական առանձնատների մօտից Սրբազանը եւ նրա գլխաւորած երթի մսնակիցները վերադարձան դէպի Բաղրամեան պողոտայ, որտեղ իրավիճակը շարունակում էր լարւած մնալ:

Ոստիկանները Բաղրամեան պողոտայում հաւաքւած հազարաւոր քաղաքացիներին թոյլ չէին տալիս շարժւել դէպի Ազգային ժողովի շէնք: Սրբազանը յայտարարեց, որ իր աջակիցների հետ գիշերելու է Բաղրամեան պողոտայում:

«Մենք մնալու ենք այստեղ՝ վրանների եւ մեքենաների մէջ։ Ոստիկանները Դեմիրճեան փողոցն են փակել, մենք՝ Բաղրամեան պողոտան:

Այսքան մարդ այս գիշերով այստեղ է, վստահ եմ՝  ինչքան էլ պէտք լինի, մնալու են։ Բոլորին տեղեկացնում էք՝ խոստում են տւել լինելու այստեղ եւ, այո, մենք այս հարցը լուծելու ենք, սիրուն լուծելու ենք: Մնալու ենք այստեղ, վրաններ կը լինեն, մեքենաներ։ Ես մնալու եմ այստեղ, դուք էլ, վստահաբար։ Ոչ մի տեղ էլ չենք գնալու, ուզում են հազարաւոր զօրք բերել»,- ասաց նա:

Related Articles

Back to top button