Հայաստան - Արցախ

Քաղտեխնոլոգ. «Ալիեւը ժամանակ է ձգում՝ լաւ հասկանալով, որ Հայաստանում իշխանութեան կարող են գալ ազգային ուժեր»

2020 թւականի արցախեան 44-օրեայ պատերազմից մէկ տարի անց՝ 2021 թւականին, Ադրբեջանը սկսեց յայտարարութիւններ անել, որ «Հայաստանը պէտք է փոխի իր Սահմանադրութիւնը եւ համապատասխանեցնի առկայ իրողութիւններին, այսինքն՝ մոռանայ Արցախի հայկականութեան մասին»։

Այս տարի էլ ՀՀ իշխանութիւնը՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, սկսեց յայտարարել Հայաստանի Մայր օրէնքը, այդ թւում՝ Անկախութեան Հռչակագիրը փոխելու մասին։

Նիկոլ Փաշինեանը վերջերս խորհրդարանում յայտարարեց, որ «առանց Սահմանադրութիւնը փոխելու, Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր չեն կարող ստորագրել», այս նոյն նախադասութիւնն Ադրբեջանի նախագահը կրկնեց՝ նախագահի պաշտօնում վերընտրւելու երդմնակալութեան ժամանակ։

168.am-ի հետ զրոյցում քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանն ասաց, որ նոր Սահմանադրութիւն ընդունելը բաւականին ժամանակատար գործընթաց է, եւ մի քանի ամիս ժամանակ է պահանջւում, որպէսզի այն ընդունւի։

«Սահմանադրութիւնը փոխելու ՀՀ իշխանութիւնների որոշումն ունի երկու պատճառ։

Առաջինը՝ Ադրբեջանը շատ լաւ հասկանում է, որ Հայաստանում, ինչպէս ինքն է ասում՝ «ռեւանշիստական» կամ ազգային ուժերի իշխանութեան հնարաւոր վերադարձ կարող է տեղի ունենալ։ Դա կարող է տեղի ունենալ միայն այն դէպքում, երբ Ռուսաստանն աջակցի, իսկ Ռուսաստանը կարող է աջակցել, երբ Ուկրաինայում ռազմական գործողութիւնները համարի աւարտւած կամ այնտեղ գրանցի լուրջ յաջողութիւններ։ Այդ ժամանակ Ռուսաստանը կարող է աջակցել ՀՀ-ում ազգային իշխանութիւնների ձեւաւորմանը, եւ հաւանականութիւնը 100 տոկոս է, որ այդ ազգային իշխանութիւնը կրկին կը վերանայի Արցախին վերաբերող քաղաքականութիւնը։

Երկրորդ պատճառն Ալիեւի ցանկութիւնն է, որպէսզի Հայաստանի իրաւական գլխաւոր փաստաթղթում չլինի որեւէ կէտ, որը կարող է ինչ-որ առումով դիտարկել ապագայում Արցախի նկատմամբ հայկական կողմից ինչ-որ յաւակնութիւններ։

Այսինքն՝ գնում են Սահմանադրութիւնը փոխելուն, որպէսզի ՀՀ ապագայ իշխանութիւնները չունենան իրաւական բազա՝ Արցախի հարցը քննարկելու համար։ Անկախութեան հռչակագրում առկայ է Արցախը Հայաստանին վերամիաւորելու կէտ, իսկ նոր Սահմանադրութեան մէջ առհասարակ չպէտք է որեւէ կէտ լինի, որը կարող է առնչւել՝ ինչպէս Արցախի, այնպէս էլ՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման պահանջին։

Եթէ ընդունեն նոր Սահմանադրութիւնը, ապա, այսպէս ասենք, այն լինելու է ալիեւեան կամ ադրբեջանական Սահմանադրութիւն, որը պարտադրում են Հայաստանին»,- նշեց Արմէն Բադալեանը։

Ըստ քաղտեխնոլոգի, քանի դեռ Հայաստանում ազգային ուժեր չեն եկել իշխանութեան, Ադրբեջանը փորձում է ժամանակ ձգել։

«Ադրբեջանը ժամանակ է ձգում, որպէսզի տեսնի, թէ Ռուսաստանն Ուկրաինայում ինչ արդիւնքներ է գրանցելու, այդ ընթացքում փորձում է ՀՀ-ում Սահմանադրութիւն փոխել։ Իսկ ՌԴ-ի կողմից Ուկրաինայում յաջողութիւններ գրանցնելու համար նախադրեալներ կան, բայց դեռեւս դա շօշափելի չէ։

Սահմանադրութիւնը փոխելու ընթացքում, որը մի քանի ամիս կը տեւի, Ադրբեջանը կանի համապատասխան եզրակացութիւններ՝ հետագայում առաջ գնալու առումով»,- շեշտեց Արմէն Բադալեանը։

Ամփոփելով միտքը՝ քաղտեխնոլոգն ընդգծեց՝ ՀՀ Սահմանադրութիւնը փոխւում է Ալիեւի պահանջով, իսկ ՀՀ իշխանութիւնը յոյս ունի, որ Սահմանադրութիւնը փոխելով՝ Ալիեւը կը գնայ խաղաղութեան պայմանագրի ստորագրման։ Իսկ Ադրբեջանը երբեք այդ պայմանագիրը չի ստորագրի, մինչեւ յստակ չտեսնի, թէ ռուսական զօրքն Ուկրաինայում ինչ արդիւնքներ է գրանցում։

«Ադրբեջանը կարող էր երէկ կամ մէկ ամիս առաջ կնքել այս խաղաղութեան պայմանագիրը։ Բայց կնքել խաղաղութեան պայմանագիր, յետոյ ՌԴ-ն Ուկրաինայում յաղթի, ՀՀ-ում գան ազգային ուժեր, եւ իրենք փոխեն իրենց վերաբերմունքը եւ ընդհուպ ուժային տարբերակով Արցախն ազատագրեն, այդ դէպքում խաղաղութեան պայմանագիրը քանի՞ կոպէկ արժէ։ Դրա համար, որպէսզի Ալիեւը յստակեցում ունենայ, իր համար պէտք է ժամանակ ձգի, դրա վրայ է նա աշխատում»,- եզրափակեց Արմէն Բադալեանը։

Related Articles

Back to top button