Էդւարդ Շարմազանով. «Միւնխէնում Փաշինեանը հերթական պասը տւեց Ալիեւին. գոլը Հայաստանի դարպասին դժւար ուշանայ»
Էդւարդ Շարմազանովը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է. «Միւնխէնում Փաշինեանը հերթական պասը տւեց Ալիեւին. գոլը Հայաստանի դարպասին դժւար ուշանայ։
«Հռետորական հարցեր միւնխէնեան անհեթեթութեանն ու նիկոլական ողորմելի «կրուտիտներին» (խաղերին)։
1. Նիկոլ Փաշինեան, եթէ քո հայրենիքը միայն ՀՀ-ն է, ինչո՞ւ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում յայտարարեցիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
2. Ինչո՞ւ թիմակիցներիդ չսաստեցիր, երբ նռան սելֆիներ էին անում՝ Ակնան մեր հայրենիքն է վերտառութեամբ։
3. Ինչո՞ւ որդուդ ուղարկեցիր «ոչ քո հայրենիքում» ծառայելու։
4. Ինչո՞ւ Շուշիում մասնակցեցիր նախագահի երդմնակալութեանը։
Բա անյարմար չէ՞ր, առանց Ալիեւի թոյլտւութեան գնացել էիր Շուշի։
5. Ինչո՞ւ 5.000 հայ մարդ տարար «վարի տւեցիր»։
Ասե՞մ. քանի որ քո նմանների համար հայրենիքի ընկալում գոյութիւն չունի…աթոռ, շահ, պաշտօն՝ դա ուրիշ հարց։
Նիկոլ, ասում ես՝ չենք կարող հեռանալ, քանի որ մեզ ժողովուրդը մանդատ է տւել։
Ո՞վ է քեզ մանդատ տւել Արցախը ճանաչես Ադրբեջանի կազմում ու հայաթափես Արցախը։
2021-ին դու ու քո թուրքամէտ խմբակն ընտրութիւններին ներկայացել էիք՝ «Արցախի անջատում՝ յանուն փրկութեան» թէզով։
Քո բերած «փրկութիւնը» Արցախի հայաթափո՞ւմն էր։
Ասում ես՝ ով ասում է, թէ Ղարաբաղը չէր լինելու Ադրբեջանի կազմում, սուտ ա ասում։
Սուտը դու ես ասել ու ասում։ Դու՝ Նիկոլ Փաշինեան։
Ասել մեր Մհեր Մկրտչեանի «պրոֆեսոր Խաչիկեանին»՝ «сначала подумай, потом говори» (սկզբից մտածիր յետոյ խօսիր):
Քո կիրթ ու կառուցողական Ալիեւն է 2016-ի հոկտեմբերի 7-ին ասել՝ փակ դռների յետեւում Ադրբեջանին ճնշում են ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը։
Աւելին. դու էիր Արցախի պատգամաւորների հետ հանդիպմանն ասել՝ Ալիեւը գիտակցում է, որ Արցախն այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Զաւզակութիւն անելու փոխարէն ցոյց տուր գէթ մէկ նախկինների բանակցած
փաստաթուղթ, որտեղ Արցախն Ադրբեջանի մաս էր համարւում։
Չես կարող, քանի որ չկայ։
Հասանք քո իսկ կողմից ստորագրւած նոյեմբերի 9-ի տխրահռչակ ստորագրութեանը։
Ասում ես՝ ՌԴ-ն ու Ադրբեջանը ճղել ու դէն են նետել եռակողմ յայտարարութեան դրոյթները:
Ադրբեջանի պահով ամէն բան պարզ է, բայց Ադրբեջանը դէն է նետել այդ փաստաթուղթը քո հետ միասին ու քո օգնութեամբ։
Դու ես մերժել նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու հայկական զօրքերը Ղուբաթլուի շրջանից յետ քաշել Սիւնիք։
Դու ես խախտել նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու հայաթափել Լաչինի ողջ շրջանը։
Դու ես հրաժարւել կատարել քո իսկ կողմից ստորագրւած 9-րդ կէտը, որի արդիւնքում ռումբ ես դրել մեր բոլորիս տակ։
Ասում ես՝ ցոյց տւէք մի կէտ, որտեղ ՌԴ-ն Հայաստանում որեւէ բան պէտք է վերահսկի։
Չի կարելի այդքան անլուրջ լինել, չի կարելի։
Դու գոնէ կարդացե՞լ ես քո իսկ կողմից ստորագրւած փաստաթուղթը։
Մէջբերում եմ քո կողմից ստորագրւած 9-րդ կէտը.
«Ապաշրջափակւում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետութիւնը երաշխաւորում է Ադրբեջանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ տրանսպորտային հաղորդակցութեան անվտանգութիւնը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղութիւններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցութեան նկատմամբ վերահսկողութիւնն իրականացւում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայութեան մարմինները»։
Դու ես ստորագրել, կարդայ.
«Տրանսպորտային հաղորդակցութեան նկատմամբ վերահսկողութիւնն իրականացւում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայութեան մարմինները»։
Սա Հայաստանի ընդդիմութիւնը չէ ու միամիտ հայ ժողովուրդը չէ, որ քո «կրուտիտներն» ու զաւզակութիւններն անցնեն։
Սա միջազգային փաստաթուղթ է, որի վրայ ստորագրութիւն դնողը պէտք է գիտակցի դրա չկատարման ողջ պատասխանատւութիւնը։
Դու դա կարող է մարսես, թռնես մի տեղ, գարանտիա ստանաս, բայց Հայաստանն ու հայ ժողովուրդն է վտանգի տակ յայտնւելու՝ Ալիեւին հիմա էլ «էստի համեցէք ես» ասում դէպի Սիւնիք։
Մի կարեւոր կէտ էլ կայ, որն Ալիեւի ձեռքերն արձակում է Հայաստան ներխուժման համար:
Դու երբ ասում ես՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ չկայ, դու գոնէ հասկանո՞ւմ ես, որ դա նախեւառաջ զինադադարի մասին միակ փաստաթուղթն է։
Եթէ չկայ փաստաթուղթ, ուրեմն չկայ զինադադար։
Հերթական պասը տւեցիր Ալիեւին.գոլը դժւար թէ ուշանայ»։