ԻրանՀայաստան - Արցախ

Աննա Գրիգորեանը՝ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում. «Աներկբայ է, որ հայ-իրանական խորհրդարանական կապերն անհրաժեշտ է խորացնել»

Հայ-իրանական յարաբերութիւնները պատմական այս փուլում, անչափ կարեւոր են Հայաստանի համար, որովհետեւ Իրանը այն եզակի երկրներից է, որ յստակ դիրքորոշումներով է հանդէս գալիս Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան, Սիւնիքում որոշակի զարգացումները կանխելու ուղղութեամբ: Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումները էական ազդեցութիւն ունեն իրավիճակի կայունացման ուղղութեամբ, մասնաւորապէս Կապանում գլխաւոր հիւպատոսութեան բացումը մեծ դերակատարութիւն է ունեցել: Իրանը ծաւալում է վճռորոշ քայլեր, իսկ խորհրդարանական մակարդակում շփումները պէտք է խորացւեն՝ ՀՀ Ազգային ժողովի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի միջեւ. այն աներկբայ է: Ես շատ ուրախ եմ, Իրանում տեղի ունեցած ընտրութիւններին նաեւ իրանահայ համայնքից պատգամաւորների ներգրաււածութեան առթիւ, նրանց հետ նաեւ նախկինում առիթ եմ ունեցել շփւել: Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում յայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը՝ անդրադառնալով 12-րդ գումարման Իսլամական խորհրդարանի ընտրութիւններին:

Ինչ վերաբերում է Բեռլինում տեղի ունեցած հայ-ադրբեջանական վերջին բանակցութիւններին, Գրիգորեանը նկատեց, որ բանակցութիւններն, որոնք ընթանում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ամենեւին էլ խաղաղութեան հաստատման մասին չեն, ո՛չ պայմանագիրն է խաղաղութեան մասին, ո՛չ էլ գործընթացն է խաղաղութեանն առնչւող: Հետեւաբար, ըստ նրա՝ ամենայարմար ձեւակերպումը կը լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման տերմինի կիրառում, որի իրական էութիւնը կարելի է ասել, որ Ադրբեջանի պահանջներն են:

Գրիգորեանը նկատեց, որ Հայաստանի այս իշխանութիւնները երբ սկսել են բանակցութիւնները դրանք եղել են այն մասին, որ Ադրբեջանը պահանջ է ներկայացրել, որից յետոյ ինչ-որ փուլում գործող իշխանութիւնները համաձայնել են այդ պահանջները կատարել, եւ հերթական պահանջներից էր՝ Սահմանադրութեան փոփոխութիւնը եւ միջազգային դատական ատեաններից Ադրբեջանի դէմ ներկայացւած հայցերի յետ կանչումը:

«Չեմ բացառում նաեւ ինչ-որ պահի Հայոց Բանակին վերաբերող սահմանափակումների մասին դրոյթներ առաջ գան Ադրբեջանի կողմի պահանջների մէջ, ցաւալիօրէն, քանի այս իշխանութիւնները առաջնորդւում են այն տրամաբանութեամբ, որ ամէն ինչ զիջենք հետեւաբար կը ստանանք մի պայմանագիր, որը ո՛չ խաղաղութեան մասին է, ո՛չ յարաբերութիւնների կարգաւորման, այլ՝ կապիտուլիացիոն բնոյթի պայմանագիր է, որը Հայաստանի բոլոր հնարաւորութիւնները զիջելու մասին է»,- նշեց նա:

Աննա Գրիգորեանի համոզմամբ՝ եթէ ինչ-որ փուլում նոյնիսկ կային Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ բանակցութիւններ, կար ընկալում, որ առանձին բանակցութիւններ են ընթանում երկու երկրների միջեւ, ապա հիմա ակնյայտ է, որ չկան տարանջատւած բանակցութիւններ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ:

«Թուրքիան ասում է դու գնայ բանակցիր Ադրբեջանի հետ, ենթարկւիր նրա բոլոր պահանջներին եւ յետոյ կանդրադառնանք քո հարցերին եւ միմեանց փոխադարձ յարաբերութիւններին, քանի որ երկրների յարաբերութիւններում բոլոր դրոյթները ապահոված չեն, հետեւաբար Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման մասին խօսք գնալ չի կարող լինել»,- նշեց նա:

ՀՀ-ԱԺ պատգամաւորը նաեւ նկատեց, որ պատահական չէր երբ Միւնխէնում ՀՀ- Ադրբեջան բանակցութիւնների սեղանի շուրջ նստած էր նաեւ Ռուբէն Ռուբինեանը, ով որեւէ առնչութիւն չունէր բանակցային ֆորմատին, այլ՝ հանդիսանում էր Հայաստանի Հանրապետութեան բանագնացը հայ-թուրքական յարաբերութիւններում:

«Դա ինքնին գալիս է փաստելու այն հանգամանքը, որ այլեւս տարանջատւած յարաբերութիւնների կարգաւորում չկայ, այլ կան Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք ներկայանում են մի դէմքով, միեւնոյն օրակարգի կէտերով: Հայաստանը փաստացի առերեսւում է մի սեղանի, որի շուրջ նստած է ե՛ւ Ադրբեջանը ե՛ւ Թուրքիան, այսինքն առանձին յարաբերութիւնների կարգաւորում գոյութիւն չունեն եւ դա լրացուցիչ ճնշումն է Հայաստանի վրայ»,- նշեց պատգամաւորը:

Անդրադառնալով Սփիւռքի դերակատարութեան բարձրացման քայլերին, Գրիգորեանը նշեց, որ ակնյայտօրէն այս իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը հէնց այն մասին էր, որ Սփիւռքի դերակատարումը պէտք է նւազի, Սփիւռքի նախարարութեան փակումը եւ դրանից յետոյ այնպիսի կառոյցի ձեւաւորումը, որ որեւէ էական նշանակութիւն չի ունենում ՀՀ-Սփիւռք յարաբերութիւնների աւելի ուժեղացման մէջ ինքնին խօսում է այն մասին, որ այս իշխանութիւնները միտումնաւոր տանում են քաղաքականութիւն Սփիւռքին չէզոքացնելու, Սփիւռքի համահայկական ծրագրերի իրականացումը կանխելու:

«Սա անթոյլատրելի է, որովհետեւ ՀՀ-ն եթէ ինչ-որ նպատակի է հասել ապա հասել է ՀՀ- Սփիւռք-Արցախ եռամիասնութեան շնորհիւ, այս իշխանութիւնների գործողութիւնների արդիւնքում Սփիւռքը վստահութիւն չունի Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ եւ ինքն էլ ինչ-որ տեղ անմասն է մնում ու յետ է կանգնում իր պատկերացումներից:

Հետեւաբար պարզ է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը բազմիցս են յայտարարել, որ իրենց համար սպառնալիք են հայկական Սփիւռքը, որովհետեւ հայկական Սփիւռքը ամենամեծ ներուժն է, որ ՀՀ-ն իր փոքր ռեսուրսով ունի, եւ Սփիւռքը այն գործիքն է, որ միշտ պայքարել է համազգային նպատակների համար»,- նշեց նա:

Աննա Գրիգորեանը յիշեցրեց՝ Սփիւռքի ձեւաւորման պատմութիւնը, Հայոց Ցեղասպանութեան օրակարգի ազդեցութիւնը, երբ հայկական Սփիւռքի դերակատարութեան շնորհիւ տարիներ շարունակ, պետութիւններն աշխարհի տարբեր կէտերում ճանաչել են Ցեղասպանութիւնը, Սփիւռքի աշխատանքի եւ լաբբիի արդիւնքում է եղել, սակայն, հիմա այս իշխանութիւնների գործողութիւնների արդիւնքում նաեւ Սփիւռքի դերն է նւազեցւել եւ Հայոց Ցեղասպանութեան հարցն է պետական քաղաքականութիւնից դուրս բերւել:

Գրիգորեանը նաեւ ցանկութիւն յայտնեց, որ Սփիւռքը ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին ոչ միայն հետեւի դիտորդի կարգավիճակով, այլ՝ աւելի յստակ պատգամներով եւ դիրքորոշումներով արտայայտւի, որ իր համար անընդունելի է տեղի ունեցող գործընթացները, որովհետեւ ՀՀ-ի տարածքը մէկն է եւ աշխարհասփիւռ հայութիւնն է, որ ի վերջոյ միաւորւելով մեր երազանքների ազգային իղձերի իրականացմանն է կարող հասնել:

Աննա Գրիգորեանը նաեւ կիսեց իր տպաւորութիւնները Իրանի հայ համայնքի վերաբերեալ, նշելով, որ առիթ է ունեցել մանրամասնօրէն ծանօթանալու իրանահայութեան աշխատանքներին, եւ արձանագրեց, որ իրանահայ համայնքը Սփիւռքի եզակի կառոյցներից է, որը չափազանց մեծ ծաւալի աշխատանք է իրականացնում եւ այդ աշխատանքները միտւած են Հայաստանի եղած մարտահրաւէրների յաղթահարմանը եւ հայ-իրանական կապերի ամրապնդմանը:

«Կուզէի, որ աշխարհի տարբեր կենտրոններում եղած Սփիւռքի տարբեր համայնքները նոյն ջանասիրութեամբ հանդէս գան հայկական հարցերում ինչպէս իրանահայ համայնքն է ներկայանում»,- նշեց նա:

Աննա Գրիգորեանը նաեւ ընդգծեց, որ հիմա ցաւալիօրէն Հայաստանի առջեւ եղած մարտահրաւէրները գոյաբանական եւ անվտանգային բնոյթ ունեն, եւ ընդդիմութիւնը այս պահին իր հնարաւորութիւնների հիմնական մասը ներդնում է այդ խնդիրների յաղթահարմանը:

Ինչպիսի՞ քայլերով է ընդդիմութիւնը փորձում բարձրացնել Սփիւռքի ներգրաււածութեան կարեւորութիւնը հարցին, Գրիգորեանը պատասխանեց. «Այն այո՛ մեր մարտահրաւէրներից մէկն է ՀՀ-Սփիւռք համագործակցութեան ուժեղացումը, որը ընդհանրապէս խզւել է, եւ իշխանութիւնների փոփոխութիւնից յետոյ ոչ միայն բարոյական եւ հոգեբանական փոփոխութիւնները պէտք է տեղի ունենան յարաբերութիւններում, այլեւ կարելի է լրջօրէն մտածել իրաւական մեխանիզմների մասին, որոնք մեծ հնարաւորութիւններ կը տան մեր Սփիւռքում ապրող հայրենակիցներին իրենց ներդրումն ունենալ մեր երկրի ապագայում»:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

Related Articles

Back to top button