Հայաստան - Արցախ

Արցախի յանձնումը լոկ միջոց էր. իրականում սկսւել է ՀՀ հայութեան օղլիացումը

Խունտան ամբողջ հռետորիկան ուժգնօրէն գործի է դրել մարդկանց համոզելու համար, որ իր Մեծ դաւաճանութիւնը` Արցախի յանձնումը, դա ճիշտ քայլ էր, որ դա իբր բխում է ՀՀ պետական շահերից, որ դա ինքը արել է Սերգոյի եւ Պօղոսի լաւ կեանքի համար։

Այդ հռետորիկան, բնականաբար, յիշեցնում է իր գաղափարական հօր 1997 թ. յայտնի յօդւածի` հետագայում քարուքանդ եղած թէզերը։

Եւ այս ամէնն արւում է ոչ թէ աւարտւած գործընթացին` Արցախի յանձնմանը, տալու իրաւական, քաղաքական ու գաղափարական հէնք, այլ դա արւում է հայ հասարակութեանը նախապատրաստելու սկսւելիք գործընթացին։

Այո, Արցախի հրէշաւոր յանձնումը չէր սոյն խմբաւորման նպատակը։ Արցախի յանձնումն ընդամէնը միջոց է սկսելու բուն նպատակի իրագործումը` ՀՀ-ի թուրքացումը։ Դա է` ՌԴ-ի դուրսմղումը, ադրբեջանցիների վերադարձը ՀՀ, թուրքական կապիտալի ներհոսքը, ՀՀ տարածքը թուրք-ադրբեջանական պլացդարմի վերածելն ու երկրի վերջնական վիլայէթացումը բարեյաջող աւարտին հասցնելը։

Դրան հասնելու համար այժմ պէտք է նախապատրաստել հայ հասարակութեանը, առայժմ կուշտ կերակրել լաւ կեանքի սպասելիքով, համոզել, յաղթել մօտակայ արտահերթ ընտրութիւններին եւ… լայն թափով սկսել ՀՀ-ի վիլայէթացումը։

Հէնց դրա համար են Էրդողանն ու Ալիեւը ատամներով պահում ՀՀ-ում իշխող քաղաքականապէս թուրքական խմբակին եւ սարսափազդու կոչեր հնչեցնում վերջիններիս դէմ ելած ընդդիմադիրների հասցէին. նրանք սարսափում են, որ կարող է կորցնեն ՀՀ-ի նւաճման բանալիներին։

Այստեղ, թերեւս մի տեղ Նիկոլ Փաշինեանը անկախ իրենից կարող է հակադրւել, հակառակն ապացուցել 1997-ի յայտնի յօդւածի հեղինակին, ինչի համար միգուցէ ներեն իրեն։ Ահա այդ դրւագը.

«Դժւար է հաւատալ, որ անգամ խելակորուստի մտքով կանցնէր, թէ Ղարաբաղը ծախելով, որեւէ մէկը Հայաստանում կարող է իշխանութիւն պահել»։

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
Yerkir.am կայքի խմբագիր,
պատմաբան

Related Articles

Back to top button