Արեշեւ. «Երեւան-Բաքու գործընթացում նկատելի է վտանգաւոր դադար»
«ԱԼԻՔ» – Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը, ով ժամանակ առ ժամանակ Երեւան-Բաքու բանակցային գործընթացի վերաբերեալ տարբեր ադրբեջանական պահանջներ է հնչեցնում, որոնցից վերջինը ՀՀ տարածքից ԵՄ քաղաքացիական դիտորդների դուրսբերման հարցն է, Թուրքիայում քննարկել է իրավիճակը Մերձաւոր Արեւելքում եւ Հարաւային Կովկասում։ Հաջիեւն X-ի իր էջում գրել է, որ աշխատանքային այցով է Անկարայում, հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխաւոր խորհրդական Աքիֆ Քըլըչի եւ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցութեան գծով տնօրէն Ֆահրեթթին Ալթունի հետ։
«Եղբայրական Թուրքիա այցի շրջանակներում ես անկեղծ եւ բովանդակալից հանդիպումներ ունեցայ իմ սիրելի եղբայրներ Ֆահրեթթին Ալթունի եւ Աքիֆ Քըլըչի հետ։ Մենք քննարկել ենք իրավիճակը Մերձաւոր Արեւելքում եւ Հարաւային Կովկասում, ինչպէս նաեւ վերանայել ենք մեր երկկողմ դաշնակցային յարաբերութիւնները»,- գրել է նա։
Օրերս Թուրքիայի խորհրդարանում էլ նախագահ Ռեջեփ Էրդողանը յայտարարել էր, թէ ցանկանում են, որ «տարածաշրջանում ստեղծւած պատմական հնարաւորութիւնը» նպաստի Բաքւի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի կնքմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ ասել էր, որ «Երեւանի ու Բաքւի միջեւ խաղաղութեան հաստատման հարցում հասել ենք ամենամօտ կէտին»՝ շեշտելով. «Հարաւային Կովկասում խաղաղութեան հասնելու յոյսի շող կայ»։
Երեւան-Բաքու յարաբերութիւնները նոյնիսկ քննարկւեցին Թուրքիայի Անվտանգութեան խորհրդի վերջին նիստի ընթացքում։
Սակայն մինչ Թուրքիան խօսում է խաղաղութեան հաստատմանը հասնելու եզրափակիչ փուլի մասին, Բաքուն շարունակում է նորանոր պահանջներ առաջ քաշել ամենօրեայ ռեժիմով։ Ինչպէս յայտնի է, այդ հիմնական պահանջներն են՝ ՀՀ Սահմանադրութեան եւ Անկախութեան հռչակագրի փոփոխութիւնը, ՀՀ տարածքից ԵՄ դիտորդների դուրսբերումը, ՀՀ երկխօսութիւնը, այսպէս կոչւած, «Արեւմտեան Ադրբեջանի» արհեստածին համայնքի ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ բացի Հաջիեւի այցից Անկարա, ադրբեջանական կողմն ակտիւ շփումների մէջ է Թուրքիայի եւ Իսրայէլի ներկայացուցիչների հետ։
168.am-ի հետ զրոյցում ռուս վերլուծաբան Անդրէյ Արեշեւն ասել է, որ Ադրբեջանը պրոակտիւ դիւանագիտութիւն է վարում, որը ենթադրում է հարեւանութեամբ՝ Մերձաւոր Արեւելքում ստեղծւած նոր իրավիճակն անմիջապէս «շօշափելու» եւ նոր դիրքաւորման անհրաժեշտութիւն։ Ըստ նրա, բնականաբար, ցանկացած իրավիճակ Ադրբեջանը կը ցանկանայ յարմարեցնել սեփական շահերին։
«Իսկ այն, ինչ սկսւել է Սիրիայում, կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ նաեւ Թուրքիայի համար, ում շահերից էր բխում Ասադի տապալումը։ Սակայն շատերը համոզւեցին, որ գուցէ Ասադի անկմամբ ոչ թէ ինչ-որ բան աւարտւում է, այլ սկսւում է, եւ գուցէ սա դառնայ ներսիրիական լրջագոյն, երկար խմորումների սկիզբ՝ տարատեսակ հետեւանքներով Իրանի, Իրաքի կամ Թուրքիայի համար»,- ասել է վերլուծաբանը։
Ցանկացած հետեւանք Թուրքիայի համար, ըստ փորձագէտի, անմիջականօրէն առնչւում է նաեւ Ադրբեջանին ու Ադրբեջանի ռազմավարական շահերին Անդրկովկասում։
«Առանց Թուրքիայի աջակցութեան՝ Ադրբեջանը որեւէ լուրջ գործընթաց չի կարող անել, ուստի Թուրքիայի մասնակցութեամբ տեղի ունեցող իւրաքանչիւր գործընթաց շատ կարեւոր է։
Բացի այդ, եւրոպական ռեգիոնում առանցքային դերակատար Մեծ Բրիտանիան, որն Ադրբեջանի համար կարեւոր գործընկեր է, յայտարարել է Մերձաւոր Արեւելքում իր դերակատարութիւնն աւելացնելու ցանկութեան մասին։ Բրիտանիան էական ազդեցութիւն ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ նրանց ազդեցութեան ռեգիոններում։
ԱՄՆ Պետքարտուղարը այցելեց Անկարա եւ Բաղդադ, այսինքն՝ տեսնում ենք, որ լուրջ պրոցեսներ են տեղի ունենում, շփումներ, վերադիրքաւորումներ, ինչը ենթադրելի էր։ Դա անում է նաեւ Ադրբեջանը՝ ելնելով իր հարաւկովկասեան առաջնահերթութիւններից եւ Երեւանի հետ դիմակայութեան կոնտեքստից։ Ինչո՞ւ դիմակայութիւն, քանի որ այն շարունակւում է, եւ խաղաղութեան գործընթացից կողմերը հեռացած են»,- նման կարծիք է յայտնել վերլուծաբանը։
Արեշեւի կարծիքով՝ ներկայումս Երեւան-Բաքու գործընթացում նկատելի է վտանգաւոր դադար, որն ուղեկցւում է մեղադրանքներով ու տարաձայնութիւններով։
«Ըստ էութեան, չկար որեւէ խոչընդոտ, որպէսզի կողմերը հանդիպեն, շարունակեն բանակցութիւնները, սակայն դա տեղի չի ունենում, այլ կան մեղադրանքներ, պահանջներ առաւելապէս ադրբեջանական կողմից, չկայ համաձայնագիրը շուտափոյթ ստորագրելու քաղաքական կամք։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկանում է է՛լ աւելին ստանալ այս գործընթացից, ուստի անընդհատ տարատեսակ պահանջներ են շրջանառւում կամ արւում են յայտարարութիւններ, որոնք չեն տեղաւորւում տրամաբանական գործընթացի շրջանակում։ Այս ամէնի էական պատճառներից մէկն այն իրավիճակն է, որը ստեղծւել է ՀՀ արտաքին քաղաքական յարաբերութիւններում, այն անկայունութիւնն է, որը կայ ՀՀ-ի շուրջ արտաքին առումով, վստահելի գործընկերների բացակայութիւնը մի իրավիճակում, երբ ՀՀ ղեկավարութիւնը հրաժարւել է ՌԴ-ի դաշնակցային ակտիւ յարաբերութիւններից, ինչպէս նաեւ ՀԱՊԿ-ից»,- ասել է Արեշեւը։