Միքայէլ Մալխասեան. «Խորհրդային Ադրբեջանում մօտ 3 անգամ աւելի շատ հայ է ապրել, քան Խորհրդային Հայաստանում՝ ադրբեջանցի»
«ԱԼԻՔ» – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է Հայաստանի հետ բանակցութիւնների օրակարգ մտցնել այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» հարցը։ Դեկտեմբերի 5-ին Բաքւում անցկացւել էր միջազգային համաժողով՝ Հայաստանից իբրեւ թէ արտաքսւած ադրբեջանցիների վերադարձի իրաւունքի թեմայով։ Մասնակիցներին ուղղւած ուղերձում Ալիեւը մի քանի անգամ Հայաստանի տարածքը հերթական անգամ իրենց «պատմական հողեր» էր կոչել եւ պահանջել Հայաստանի ղեկավարութիւնից պաշտօնապէս բանակցութիւններ սկսել այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի համայնքի» հետ՝ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրաւունքի հարցով։
«Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման պահանջը լիովին անհիմն է՝ վիճակագրական տւեալներում խորանալու պարագայում Բաքւին ոչ ձեռնտու փաստեր են ի յայտ գալիս»։ News.am-ի «Ուժի գործօն» հաղորդման ժամանակ նման տեսանկէտ է յայտնել պատմական գիտութիւնների թեկնածու, պատմական ժողովրդագրութեան մասնագէտ Միքայէլ Մալխասեանը։
Ըստ նրա՝ 19-րդ դարի որեւէ ժողովածուում, զեկուցագրում կամ նմատանտիպ այլ փաստաթղթում «ադրբեջանցի» էթնոնիմը չի յիշատակւում, Հայաստանի ներկայիս տարածքում ապրած բոլոր մահմեդականներին՝ լինի շիա, թէ սուննի, ադրբեջանցիները հիմա միացնում են իրար եւ բոլորին կոչում «ադրբեջանցի»՝ անկախ նրանից, որ նման էթնիկ ծագում չեն ունեցել։
«Արեւելեան Հայաստանում հայ բնակչութեան ողնաշարը ժողովրդագրական տեսանկիւնից կոտրւել է 1604 թ. Շահ Աբասի իրականացրած բռնագաղթի հետեւանքով, երբ Արարատեան դաշտից, Նախիջեւանից եւ այլ շրջաններից ընդհուպ 600 հազար հայ գաղթեցւեց դէպի Պարսկաստան, ինչի հետեւանքով Արեւելեան Հայաստանի զգալի տարածքներ ամայացել էին, ու այստեղ մահմեդական տարբեր ծագում ունեցող ցեղեր էին բնակութիւն հաստատել։ Անգամ այն պարագայում, երբ հայերի վիճակը ժողովրդագրական տեսանկիւնից խոցելի էր, միեւնոյնն է՝ ադրբեջանական հանրոյթ եւ անգամ միասնական թուրքալեզու հանրոյթ չկար։ Այսինքն՝ Բաքւում առկայ սկզբնաղբիւրներից վերցնում են այստեղ բնակւած մահմեդական ու տարբեր ծագում ունեցող բնակչութեան թիւը եւ բոլորին միասին վերցրած ներկայացնում իբրեւ ադրբեջանցի։ Ռուսական կայսրութեան ժամանակ արւած վիճակագրութեան ժամանակ հաշւարկներն առաւել յստակեցնելու համար խոշորացում են կատարել՝ առանձին ցեղեր նշելու փոխարէն ընդհանրական անւանում են տւել՝ թուրքալեզուներին կոչելով կովկասեան թաթարներ. ռուսական հանրութեան համար ամենաընկալելի թուրքալեզուն թաթարն է, այդ պատճառով էլ կովկասեան թաթար անւանումն են ներմուծել»,- նշել է մասնագէտը։
Մալխասեանը նկատել է՝ Բաքւում մինչեւ 1970 թ. մարդահամարը հայերն ու ռուսները միասին վերցրած մշտապէս տեսակարար կշռով գերազանցել են ադրբեջանցիներին։
«Բաքուն երբեւէ չի եղել ադրբեջանական հանրոյթի քաղաք, այլ բազմազգ եւ խոշոր արդիւնաբերական կենտրոն, որի առօրեայ խօսակցական լեզուն ռուսերէնն է եղել, այդ լեզւով են բոլորը հաղորդակցւել, համալսարաններում դասերը ռուսերէնով էին անցկացւում, ոչ թէ Երեւանի պէս, որը մոնոէթնիկ միջավայր էր Խորհրդային տարիներին։ Երեւանում երբեւէ ադրբեջանական խոշոր թաղամաս չի եղել, ի տարբերութիւն Բաքւի, որտեղ հայկական մեծ թաղամաս է եղել»,- ասել է ժողովրդագրագէտը։
Մալխասեանը շեշտել է՝ Խորհրդային Հայաստանում մօտ 3 անգամ աւելի շատ հայ է ապրել, քան Խորհրդային Հայաստանում՝ ադրբեջանցիներ։
«Երբ Ադրբեջանից անհիմն պահանջներ են առաջ քաշում, պէտք է խօսել այս ամէնի մասին, ասել, որ 1970 թ. մարդահամարի տւեալներով 207 հազար հայ բնակչութիւն կար Բաքւում։ Մասնագիտական հաշւարկներով՝ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը միայն Բաքւում առնւազն 250 հազար հայ է եղել, հայկական խոշոր բնակչութիւն է եղել Սումգայիթում եւ այլ քաղաքներում։ Հայերի թիւը մինչեւ 1970-ականներ աճել է, յետոյ՝ նւազել, առաւելագոյն թիւը 486.000-ն է, որի մէջ է մտնում նաեւ երբեմնի ԼՂԻՄ հայ բնակչութիւնը, եթէ այդ թիւը հանում ենք, ապա հայերի թիւն Ադրբեջանում կազմում է առնւազն 360.000 – 380.000, իսկ բնակչութեան հետագայ աճի տեմպերը հաշւի առնելով՝ 380.000 – 420.000 հայ է ապրել Ադրբեջանի տարածքում։
Այս հարցով տարբեր մասնագէտներ են զբաղւել, այդ թւում՝ Վլադիմիր Խոջաբէգեանը, որը, ուսումնասիրելով Ադրբեջանից բռնագաղթւած հայերի փորձառութիւնը, պնդում էր, որ խօսքը 420.000 – 440.000 հայ բնակչութեան մասին է, իսկ բռնագաղթեալների կազմակերպութիւնները մինչեւ 600.000 – 700.000 թիւն են նշում։ Եթէ անգամ այս թիւը որոշակիօրէն չափազանցւած լինի, միեւնոյնն է՝ իրատեսական է, որ հայերի թիւը մօտ է եղել 500.000-ին, քանի որ ԽՍՀՄ փլուզման շրջանում Խորհրդային Ադրբեջանից միգրացիան դէպի միւս միութենական հանրապետութիւններ անկանոն բնոյթ է կրել, եւ շատ դէպքերում էթնիկ ինքնութիւնը չի արձանագրւել։
Այսպիսով՝ 1979 թ. մարդահամարով Խորհրդային Հայաստանում 160000 ադրբեջանցի է ապրել, Խորհրդային Ադրբեջանում՝ 480000 հայ։ Եթէ այս թւից հանում ենք ԼՂԻՄ բնակչութիւնը, ստացւում է՝ Խորհրդային Ադրբեջանում 2.5 անգամ աւելի շատ հայ է ապրել, քան Խորհրդային Հայաստանում ադրբեջանցի է ապրել։ Աւելին՝ հայերը Խորհրդային Ադրբեջանում աւելի քան 12 տոկոս են կազմել բնակչութեան ընդհանուր թւում, իսկ ադրբեջանցիները Հայաստանում մօտ 5 տոկոս են կազմել։ Ադրբեջանի կողմից այժմ հնչեցւող թիւը, թէ Հայաստանից 300.000 – 600.000 ադրբեջանցի է հեռացել, լիովին անհիմն է՝ խօսքն ընդամէնը 160.000 ադրբեջանցու մասին է։
Հետեւաբար, մենք շատ աւելի ասելիք եւ պահանջելիք կարող ենք ունենալ, քան ադրբեջանցիները»,- ընգծել է Մալխասեանը։
Մարդիկ չեն գիտակցում՝ ինչ է սպասւում, եթէ ադրբեջանցիները լցւեն այստեղ
Ժողովրդագրութեան մասնագէտը մտահոգութիւն է յայտնել այն մասին, որ ՀՀ քաղաքացիները չեն գիտակցում, թէ ինչ է կարող պատահել, եթէ ադրբեջանցիները լցւեն Հայաստան:
«Մարդիկ չեն պատկերացնում՝ ինչ մասշտաբի աղէտ է լինելու, եթէ յանկարծ Ադրբեջանը գործիքակազմ գտնի եւ կարողանայ ադրբեջանցիների վերաբնակեցնել Հայաստանում. այդ դէպքում, հնարաւոր է, հատենք անդառնալիութեան կէտը, եւ սարսափելի իրականութիւն տիրի Հայաստանում»,- ասել է Մալխասեանը՝ յաւելելով. «Շատ անլուրջ արձագանգ կար Հայաստանում, երբ այս նոյն քայլերն անում էին Արցախի այսպէս կոչւած ադրբեջանական համայնքի միջոցով՝ նոյն կերպ մտցրեցին նրանց խորհրդարան, եւրոպական տարբեր երկրների դեսպանների կամ հիւպատոսների հետ էին հանդիպումների տանում, քայլ առ քայլ հասան իրենց նպատակին, եւ հիմա Արցախն օկուպացւած է»:
Մասնագէտը շեշտում է՝ ադրբեջանցիների՝ Հայաստանից իբրեւ թէ բռնի տեղահանւելու մասին Բաքւի պնդումները լիովին կեղծ են, ընդհակառակը՝ ադրբեջանցիներն այստեղից խաղաղ ու առանց որեւէ վնաս կրելու են հեռացել՝ ի տարբերութիւն Խորհրդային Ադրբեջանում ջարդերի ենթարկւած եւ ունեզրկւած հայերի։
«Խորհրդային Ադրբեջանից հեռացած հայերը ոչինչ իրենց հետ չեն կարողացել տանել՝ ոչ միայն գոյքային հարցեր չեն լուծել, այլեւ մի կերպ իրենց կեանքն են փրկել ու փախչել, հազարից մէկն է կարողացել առօրեայ օգտագործման իրեր տանել իր հետ՝ ի տարբերութիւն ադրբեջանցիների, որոնք ամէն ինչ կարողացել են տանել այստեղից իրենց հետ ու տներ ստանալ Բաքւում։ Ադրբեջանցիները Խորհրդային Հայաստանից հեռացել են առանց որեւէ ճնշման՝ իրենց կամքով, աւելին՝ կա՛մ վաճառել են իրենց գոյքը տեղացիներին, կա՛մ փոխհատուցումներ են ստացել, դա համատարած բնոյթ է կրել, ինչը եղել է Խորհրդային Հայաստանի այն ժամանակւայ ղեկավարութեան նախաձեռնութեամբ։ Եթէ դուք ձեր իրաւունքներից էք խօսում, բա հայերի՞ իրաւունքներն ուր մնացին։ Ձեզ մինչեւ լուցկու չոփ հնարաւորութիւն են տւել տանել Խորհրդային Հայաստանից, իսկ հայերին տնազուրկ էք արել, ջարդեր կազմակերպել ու ֆիզիկական գոյութեանը սպառնալով՝ «ճանապարհել» էք»,- նշել է ժողովրդագրագէտը։
Մալխասեանը նկատել է՝ այժմ փորձ է արւում փափուկ բարձ դնել մարդկանց գլխի տակ, որպէսզի չգիտակցեն՝ ինչ մեծ վտանգ է սպառնում։
«Երբ փորձում են մարդկանց համոզել, թէ սրանք ուղղակի խօսակցութիւններ են, Ալիեւը, Հաջիեւն ու մնացածը հէնց այնպէս են ասում, ուշադրութիւն մի դարձրէք, դրանով փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ։ Ասում են՝ ո՞նց կարող է միլիոնանոց Երեւանին 21-րդ դարում բան պատահի… Սիրիան նոյն 21-րդ դարում չէ՞ր՝ Հալէպը 3 միլիոնանոց՝ Հայաստանի ողջ բնակչութեան չափ քաղաք է, բայց ժամերի ընթացքում ընկաւ։ Ադրբեջանում օրէնք են ընդունել, որի համաձայն՝ Հայաստանի ցանկացած տեղանուն արգելւած է հայերէնով նշել, ադրբեջանական տարբերակներն են կիրառում՝ Ադրբեջանի ՊՆ-ն Վարդենիսը, Տաւուշը, Սեւանա լիճը հայերէն անւանումներով չի նշում։ Մենք գործ ունենք նման կերպ մտածող հասարակութեան եւ էլիտաների հետ։
Ադրբեջանի եւ Թուրքիայի պատկերացմամբ՝ Հայաստանը պէտք է կոմունիկացիաներից զրկւած, կցորդային օրգանիզմ լինի, եթէ, իհարկէ, լինի, եթէ Հայաստանի գոյութիւնը մտնում է նրանց պլանների մէջ։ Պէտք չէ պատրանք սերմանել, թէ նրանք էլ են ուզում մեզ հետ խաղաղութեան մէջ ապրել։ Եթէ նրանք նման բան ուզէին, Ադրբեջանի նախագահը չէր ասի, թէ Հայաստանը, իբրեւ, «Արեւտմեան Ադրբեջան» է։ Մենք երբեւէ չենք ասում, որ Կոստանդնուպոլիսը (Ստամբուլ), Զմիւռնիան Արեւմտեան Հայաստանի մաս են, մենք ընդամէնը համայնք ենք այնտեղ ունեցել, մենք երբեք չենք յաւակնել Թուրքիայի ամբողջ տարածքին, որ մի հատ էլ զուգահեռներ տանենք «Արեւմտեան Հայաստանի» եւ այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» միջեւ, ինչն անում է Հայաստանի իշխանութիւնն ու լեգիտիմացնում Բաքւի պահանջները։ Իսկ նրանք պնդում են, թէ Հայաստանի ողջ տարածքն իրենցն է»,- շեշտել է Մալխասեանը։