Հայաստան - Արցախ

Փաշինեանը բացատրեց հայաստանցիներին, թէ նրանք ովքեր են

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

«Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր

 

Յուլիսի 10-ից Կիրանց գիւղով անցնող միջպետական՝ Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը չի գործում՝ դրա մի հատւածը փաստացի անցել է Ադրբեջանի վերահսկողութեան տակ: Իսկ շրջանցիկ «գիւղական» ճանապարհը, եթէ նոյնիսկ նորմալ ասֆալտապատւի, միեւնոյն է՝ շատ աւելի անյարմարաւէտ կը լինի:

Ամէն մի «բարելաւում» հայ-ադրբեջանական յարաբերութիւններում, ի վերջոյ, յանգեցնում է մեր անվտանգութեան, տնտեսութեան եւ, ի վերջոյ, ինքնիշխանութեան թուլացման՝ այն ինքնիշխանութեան, որի իբր ջատագովներն են Հայաստանի ներկայիս իշխանութիւնները: Նոյնը 2021 թւականին տեղի ունեցաւ Գորիս-Մեղրի մայրուղու հետ: Այդպիսի հետեւանքներ են ունենալու նոր «սահմանազատումներն» ու «անկլաւների» յանձնումը:

Հայաստանի հասարակութեան արձագանգը, ինչպէս Սիւնիքի, այնպէս էլ Տաւուշի դէպքում, մեծ մասամբ անտարբերութիւնն է: Մեր առօրեայ կեանքի վրայ Հայաստանի «փոքրանալն» առայժմ չի ազդում՝ մայրաքաղաքում ապրողների «մաշկին» դա առայժմ չի դիպչում: Բացառւած չէ, որ այդպէս շարունակւի եւս մի քանի տարի, մինչեւ որ կը գործի յայտնի օրինաչափութիւնը՝ քանակը որակ կը տայ: Մասնաւորապէս, սահմանամերձ գիւղերի բնակիչների կեանքի պայմանները կը դառնան անտանելի, եւ նրանք կը լքեն իրենց տները: Իսկ Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Իրան տնտեսական «անոթները» կը  խցանւեն:

Բայց, կրկնեմ, այսօր դա քչերին է յուզում: Մարդկանց առաջնային հոգեբանական կարիքը ոչ թէ փողն է, ոչ թէ հագուստն է կամ բնակարանը, այլ՝ ինքնանոյնականացումը (self-identification): Միջին վիճակագրական անհատին պէտք է մատչելիօրէն բացատրել, թէ ով է նա: Դա տեղի է ունենում թէ՛ խմբային, թէ՛ ազգային մակարդակով: Բիսմարկն, օրինակ, բացատրեց գերմանացիներին, թէ ովքեր են նրանք, ինչ ճանապարհ պէտք է անցնեն՝ ամենեւին չխոստանալով, որ այդ ճանապարհը կը լինի հաճելի եւ զւարճալի:

Փաշինեանը նոյնպէս հասկացրեց հայաստանցիներին, թէ ովքեր են նրանք: Եւ այդ բացատրութիւնը չափազանց ականջահաճոյ է եւ ոգեւորիչ: «Պարզւեց», որ նրանք դժւարութիւններից, տառապանքներից, պայքարից ու մաքառումներից հոգնած մի զանգւած են, որի ուշքն ու միտքը թեթեւ կեանքն է: Ո՞վ չի ուրախանայ նման ինքնանոյնականացումից:

…Դեռահասներին ասէք «պէտք չէ ոչ մի գիրք կարդալ, առաւօտւանից մինչեւ երեկոյ զւարճացէք՝ ձեր հեռախօսներից դուրս չգալով»: Դեռահասներն ուրախութիւնից կը թռչկոտեն:

Յ. Գ. – Լուսանկարը՝ Կիրանց գիւղի բնակիչ Գոհար Վարդանեանի: Կիրանցի դպրոցի յարակից հատւածում սահմանային երեք մետրանոց պատ է կառուցւում։

Related Articles

Back to top button