Հայաստան - Արցախ

Հայաստանը վերագրւում է պատմական ժանրին․ «ժողովրդավարական» ճանապարհով

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

«Այս ֆորումը պէտք է արձանագրի բոլորիս հաւաքական կամքը, ամրացնի ու զարգացնի ժողովրդավարութիւնը  Հայաստանում: Դրա համար պէտք է արձանագրենք, թէ ինչ է տեղի ունեցել ժողովրդավարութեան այն օրակարգի հետ, որ մենք ունեցել ենք 7 տարի առաջ: Ընտրութիւնների կեղծիք արտայայտութիւնը, կարծում եմ, արդէն վերագրւած է  պատմական ժանրին: Օրինակ, երբ որեւէ ճանապարհ տասնեակ տարիներ կիսաւէր վիճակում է  ու յանկարծ այդ ճանապարհը հիմնանորոգւում է,  դա մարդկանց համար նորութիւն է ընդամէնը 1 շաբաթ, մէկ շաբաթից յետոյ այն արդէն առօրեականանում է, ու դրանով ոչ ոքի չես զարմացնի կամ ուրախացնի»,- յուլիսի 1-ին «Ժողովրդավարութեան հայկական ֆորումի» ընթացքում ունեցած ելոյթում յայտարարել է Նիկոլ Փաշինեանը:

Իհարկէ, մեղմ ասած, ծիծաղելի է, որ յունիսի 12-ին Երեւանում տեղի ունեցած արիւնալի իրադարձութիւններից, խաղաղ ցուցարարների ուղղութեամբ լուսաձայնային նռնակներ նետելուց ընդամէնը երկու շաբաթ անց այդ ամէնի հեղինակը մասնակցում է «Ժողովրդավարութեան հայկական ֆորում» անւանումով միջոցառմանը։ Ինչպէս որ ծիծաղ են առաջացնում այդ նոյն միջոցառման ընթացքում հնչած արեւմտեան դեսպանների գովասանքի խօսքերը «հայկական ժողովրդավարութեան» մասին։

Միւս կողմից, իհարկէ, հասկանալի է, որ այս ամէնը ոչ թէ ժողովրդավարութեան, այլ գլոբալ աշխարհաքաղաքականութեան մասին է, որի շահերը սպասարկողներին ցանկացած դեսպան պատրաստ է հումանիզմի մրցանակ շնորհել, եթէ անգամ շնորհւողը թաթախւած է արեան մէջ։

Բայց Նիկոլ Փաշինեանի ելոյթը հետաքրքիր է ոչ թէ ժողովրդավարութեան ծաղրի, այլ դրա հիմքում դրւած տրամաբանութեան առումով։ Նա ասում է, որ եթէ որեւէ դրական փոփոխութիւն է տեղի ունենում, դա մարդկանց համար նորութիւն է համարւում ընդամէնը 1 շաբաթ՝ դրանից յետոյ դառնալով առօրեականութիւն։ Փաշինեանն այս տրամաբանութիւնը ներկայացնում է իր իշխանութեան կողմից կատարւած դրական ձեռքբերումների համատեքստում։ Ընդհանուր առմամբ, նա իրաւացի է։ Բայց նոյն այդ տրամաբանութիւնը՝ փոփոխութիւն-առօրեականութիւն կապը, շատ աւելի ողբերգական արտայայտութեամբ դրսեւորւում է նաեւ իր իշխանութեան արձանագրած բացասական զարգացումների դէպքում, որոնց մասին, իհարկէ, Փաշինեանը լռում է։

44-օրեայ պատերազմում կրած ողբերգական պարտութիւնը, նոյեմբերի 9-ի կապիտուլեացիան մարդկանց համար ողբերգութիւն դարձաւ եթէ ոչ՝ մէկ շաբաթ, ապա՝ առաւելագոյնը մէկ ամիս՝ դրանից յետոյ դառնալով առօրեականութիւն։ Հայաստանի ինքնիշխան տարածքների յանձնումը, Գորիս-Կապան աւտոճանապարհի նւիրումն Ադրբեջանին, ադրբեջանական զինուժի կողմից 200 քառակուսի կիլոմետր տարածքի բռնազաւթումը ստրեսային ազդեցութիւն ունեցաւ մէկ կամ մի քանի շաբաթներ, դրանից յետոյ դառնալով առօրեականութիւն։ Արցախի շրջափակումը, 120 հազար մեր հայրենակիցներին սովամահութեան մատնելու Ադրբեջանի ոճրագործութիւնը նոյն կերպ հանրութեանը յուզեց, լաւագոյն դէպքում, շաբաթներ, կարճ ժամանակ անց դառնալով առօրեականութիւն, որովհետեւ դրանից առաջ արդէն առօրեականութիւն էր դարձել Նիկոլ Փաշինեանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու նորութիւնը։

Նոյն տրամաբանութիւնը գործեց արդէն նաեւ Արցախի յանձնման ժամանակ՝ մի քանի շաբաթ խախտելով մարդկանց անդորրը, ապա՝ սահուն կերպով դառնալով առօրեականութիւն։

Բայց Նիկոլ Փաշինեանի ներկայացրած «դրական առօրեականութեան» ու աղէտների յանցաւոր մոռացութեան մէջ կայ սկզբունքային տարբերութիւն։ Իշխանական քարոզչութիւնը՝ հէնց Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, իրականում թոյլ չի տալիս, որ մարդիկ մոռանան անգամ մի քանի հարիւր մետրանոց ճանապարհի վերանորոգումը կամ փռւած ասֆալտը, քարոզչամիջոցների տասնեակ ռեպորտաժներին զուգահեռ՝ դրանց մասին կառավարութեան ամէն նիստին խօսում է ինքը՝ Նիկոլ Փաշինեանը։ Ի տարբերութիւն դրա, իրական ողբերգութիւնների պարագայում նոյն իշխանական քարոզչութիւնը, կրկին Փաշինեանի գլխաւորութեամբ, անում է ճիշտ հակառակը՝ բոլոր հնարաւոր միջոցներով նպաստելով համազգային աղէտների մոռացումին։ Նիկոլ Փաշինեանն ազատ ամբիոն է փնտրում՝ խօսելու «կեանքը վայելելու», «իրական Հայաստանի», «երջանիկ լինելու» մասին։ Բոլոր այդ կաղապարների տարածման նպատակն իրականում Արցախի յանձնման ու մնացած ողբերգութիւնների մոռացումն է։ Այսինքն՝ առօրեականացումն ու համակերպումը։

«Ընտրութիւնների կեղծիք արտայայտութիւնը, կարծում եմ, արդէն վերագրւած է  պատմական ժանրին»,- ժողովրդավարութեան գծով ինդուլգենցիաներ տրամադրող օտարերկրեայ դեսպանների ներկայութեամբ խամաճիկաբար ու սեփական խամաճիկների ներկայութեամբ ճոռոմաբար յայտարարում է Նիկոլ Փաշինեանը։

Եւ քանի որ նա այդ մասին խօսում է «Ժողովրդավարութեան բաստիոն» Հայաստանում՝ տասնեակ թիկնապահների զգօն հայեացքի ներքոյ, որեւէ մէկը չի ընդհատում ու յանուն ճշմարտութեան չի ուղղում՝ ասելով, որ նոյն այդ ժամանակահատւածում պատմական ժանրին են վերագրւել նաեւ «Արցախ», «Արցախի մեր հայրենակիցներ», «Արցախի ինքնորոշման իրաւունք», «հայկական երկու հանրապետութիւններ» արտայայտութիւնները։ Ու նաեւ այդ լռութեան պատճառով Նիկոլ Փաշինեանը շարունակում է իր անհոգնել ընթացքը նաեւ Հայաստանի Հանրապետութիւնը  պատմական ժանրին վերագրելու ուղղութեամբ։

168.am

Related Articles

Back to top button