Դուք դեմոկրատիա չէ՞ք ուզում…
Դուք ինչ է՝ դեմոկրատիա չէ՞ք ուզում, դուք դեմոկրատ չէ՞ք…
Մտածո՞ւմ էք… Արագացրէք, մենք շատ ժամանակ չունենք, ժամանակը, ինչպէս գիտէք կամ լսել էք, փող է, թէ՞ ձեզ փող պէտք չէ… Ուստի կրկնում ենք՝ դուք դեմոկրատիա չէ՞ք ուզում, դուք դեմոկրատ չէ՞ք… Դարձեա՞լ էք յապաղում…
Օ քէյ, ուրեմն մենք գալիս ենք ձեզ մօտ, գալիս ենք ձեզ դեմոկրատացնելու, որպէս առաջին քայլ՝ գալիս ենք քարոզչութեամբ, բլիթներով, հիւթերով, քաղցրաւենիքով ենք գալիս։ Բայց, եթէ շարունակէք յամառել, ժամանակ ձգել՝ ձեզ վրայ արդէն կուղղւեն մեր թնդանօթների փողերը, այնպէս որ՝ արագացրէք…
Ի՞նչ, դուք ձեր պատկերացումնե՞րն ունէք… Ծիծաղեցրիք, այ թէ ծիծաղեցրիք… Նրանք իրենց պատկերացումներն ունեն, էլ ոնց կը լինէր… Այս ի՞նչ տարօրինակ են այս մարդիկ, իրենց համար ես անում՝ չեն ուզում, յամառում են… Ձեր լաւն ենք… ուզում, չէ՞, սա ակնառու է, ուստի մենք մեղք ունե՞նք, որ դուք չէք ուզում հասկանալ, ոտքներդ կախ էք գցել՝ այսպէս ասած… Քաղաքակրթութեան առաջընթացի՞ն էք խոչընդոտում… Դէ գիտէ՞ք, սա արդէն աններելի է։ Մի նեղացէք, բայց մեր թնդանօթներն արդէն իսկ ձեզ վրայ են ուղղւում, մեր ինքնաթիռները, մեր նաւերը… Այո, ի՞նչ արած, ինքներդ էք ստիպում։ Կասկածո՞ւմ էք, մե՞զ, մեր ծրագրերի՞ն, մեր գաղափարների՞ն… Զգուշանո՞ւմ էք… Դէ ասում ենք, չէ՞, ասում ենք, որ բարբարոս էք, հնին կառչած բթամիտ բարբարոսներ։ Ժամանակ չկայ, նայէք, թէ ինչ վիճակում է մեր մոլորակը, մեր կենսոլորտը… Հօ մե՞նք չենք արել, դո՛ւք էք հասցրել այս վիճակին, ձեր յամառութեամբ, ձեր բթութեամբ։ Ի՞նչ, մե՞նք ենք աղտոտում, մեր արտադրութի՞ւնը, մեր մեքենանե՞րը, մեր ինքնաթիռնե՞րը, նաւե՞րը, թնդանօթնե՞րը… Յարգելիս, ականջներիդ օղ արէք, մեր արտադրութիւնը մաքուր է, անվնաս, ինչպէս նորածնի շնչառութիւն, մեր թնդանօթները կրակում են՝ իսկի ծուխ դուրս չի գալիս… Այդ դուք էք՝ ձեր քարանձաւային արտադրութեամբ… Չէք արտադրո՞ւմ, ոչի՞նչ, համարեա՞ ոչինչ… Հոգ չէ, մե՛նք կանենք, կանենք՝ ձեզ էլ կը տանք ինչ-որ բան, կօգնենք, բա իհարկէ՞… Հասկացէք, ձեր փրկութիւնը գլոբալացումն է, գլոբալացում, ազատականացում, դեմոկրատիա… Բացէք ձեր սահմանները, բացէք, մի վախեցէք… Դարձեալ կասկած ու վախ եմ տեսնում ձեր աչքերում… ասէք, ասէք, մի պահէք… Նէոգաղութարարութի՞ւն… Վաուուու՜, այս ինչ էք խօսում, յարգելիս, կատարեալ անմտութիւն է, ո՞վ է լցրել ձեր գլուխը, ինքնուրո՞յն, չեմ կարծում։ Չկայ այդպիսի բան, վաղուց վերացած է։ Չնեղանաք, բայց դուք պարզապէս բութ կոճղ էք՝ գլուխը հատած, բայց արմատները դեռեւս հողում պահած փտող կոճղ…
Ի՞նչ եղաւ, է՛, նեղացա՞ք, չէ՞, յոգնեցի՞ք… Լաւ, փոքրիկ ընդմիջում անենք։ Ահա, թարմացնող ըմպելիք, համբուրգեր, պիցցա, քաղցրաւենիք… ընտրէք, վայելէք։ Աշխուժացա՞ք։ Օ քէյ, շարունակում ենք։
Ապա լսէք՝ դեմոկրատացում, ազատականացում, գլոբալացում… պատկերացնելով լսէք, այսինքն՝ լսելով պատկերացրէք… Հզօր է, չէ՞, խենթացնող է, չէ՞… Իսկ դուք ասում էք… Ի՞նչ էիք ասում… Ոչի՞նչ… Կեցցէք, խելքի էք գալիս ոնց որ։ Ուրեմն, կրկնեմ՝ լիբերալ դեմոկրատիան, գլոբալացումն այլընտրանք չունեն, մի տանջէք ձեզ մտածելու վրայ, մենք արդէն մանրամասնօրէն մտածել, ճշտել-ճշգրտել ենք, մեր առաջարկածը… Պարտադրանք չէ, առաջարկ է, չշփոթէք, թնդանօթներով ուղեկցւող, այո, բայց այդ թնդանօթները վաղը կարող են նաեւ ձերը դառնալ, պատկերացնո՞ւմ էք, հրաշալի է, չէ՞, գուցէ ինքնաթիռ էլ տանք… Ուստի, մեր առաջարկը նախեւառաջ ձեր փրկութեան համար է, հէնց ձեր շահերից է բխում… Եղբայր, խցկւել, լռւել-մնացել էք ձեր ազգային պատեանների մէջ, ինչների՞դ է, լաւ մտածէք, դուրս եկէք ու լաւ մտածէք՝ ինչների՞դ է, ի՞նչ է տալիս… Իսկ մեր առաջարկն ամէն ինչ է տալիս, վայելէ՛ք, սպառէք։ Թէ չէ՝ ազգ, հայրենիք, երկիր, պատմութիւն, առասպել, աւանդոյթ… Ծիծաղելի է… Չէ՞… Ծիծաղելի է, ծիծաղելի, դուք մեր բարձունքից եթէ նայէք՝ կը տեսնէք, որ ծիծաղելի է։ Քիչ էլ մնայ՝ կասէք եկեղեցի, Աստւած… Ասացիք արդէն, աչքերից եմ տեսնում, նոյնիսկ խաչակնքեցիք մտովի։ Կը փռթկամ հիմա։ Աստւած կայ, չկայ… թողէք այդ անպտուղ մտահուզական չարչարանքը, մոռացէք Աստծուն, ազատ եղէք։ Մարդու, անձի ազատութիւն, սա՛ է կարեւոր, սրան ոչինչ չպէտք է խոչընդոտի՝ եթէ ուզում ես երջանիկ լինել։ Քեզնով զբաղւիր, եղբայր, քո կարիքներով, քո հոգսերով, սիրիր, կին սիրիր, տղամարդ սիրիր, կուզե՞ս՝ այծ սիրիր, հորթուկ, խոճկոր, լաւն է, չէ՞, խոճկորիկը, վարդագոյն, թմբլիկ, կուզե՞ս՝ պլաստիկ մարմին սիրիր, փչովի… Քո գործն է, քո անձնական խնդիրը, քո ինտիմը, եւ ոչ ոք թող քիթը չխոթի իր հոտած, կեղծ բարոյապաշտական նկրտումներով, եթէ խոճկորը դէմ չէ, այծը դէմ չէ՝ խնդրեմ, սիրիր, ոչ ոք քեզ դատելու իրաւունք չունի։ Վերջապէս կարող ես սեռդ փոխել, մի խոժոռւիր, պատկերացրու, պատկերացրի՞ր… հրաշք է, չէ՞, երէկ տղամարդ էիր, այսօր՝ կին, տղամարդկային հաճոյքները վայելել ես, հիմա էլ, խնդրեմ, կնոջային հաճոյքները վայելիր․ ընդգրկուն ապրիր, լիարիւն, ասա՝ ես ցանկանո՛ւմ եմ, ես կարո՛ղ եմ, եւ արարի՛ր…
Բթացար մի տեսակ… Վերցրու այս հաբը, կուլ տուր…
Սթափւեցի՞ր… Դէ լաւ է… Թէ չէ՝ Աստւած, Սատանա… Մոռացիր, չկայ, վայելիր այն, ինչը կայ, ինչը հնարաւոր է, իսկ հնարաւորութիւններիդ սահմանը մենք կընդարձակենք, համոզւած եղիր, մենք կը տանք քեզ լայն սպառման ազատութիւնը՝ վերցրու, սպառիր, վայելիր, զւարճացիր… Հետեւէք մեզ, գրողը տանի, ինքներդ չէք ըմբռնում՝ մեզ հաւատացէք, իսկ եթէ չէք ուզում հաւատալ՝ մեր… Մի սարսափիր, կատակում եմ, առայժմ։ Սակայն նայիր, թէ ինչ նրբագեղ են մեր թնդանօթները, կատարեալ ֆորմաներ, գրաֆիկա, դիզայն… ուտելու բան… Ուզես՝ դու էլ կունենաս, ասել եմ արդէն, կը տանք՝ եթէ մեր թիրախները համընկնեցնենք։ Բա ո՞նց, թէ չէ կպել ես քարերիդ, ասում ես՝ հարազատ են, իմն են, պապս է էստեղով անցել, նահապետս է էստեղ աղեղ ձգել՝ նետ արձակել… Պոկւիր, ազատւիր, մոռացիր՝ միֆեր, պատմութիւն, աստւածներ… Չէ, եթէ շատ է կպած սրտիդ, դիր մի տեղ դարակների վրայ, թող մնայ, որ չտառապէս, խաղաղւիր, էնտեղ են, թարեքներին ծերտի պէս կպած, փոշիների մէջ, ծերանաս՝ կը հանես, կը պաչպչես, եթէ ուզես իհարկէ, բայց էլ չես ուզի, հաւատայ, զոմբին… Զոմբի՝ լաւ իմաստով, այդպէս մի նայիր… Օ քէյ, ուրիշ բան ասեմ՝ կոսմոպոլիտ, լաւ է, չէ՞, ո՜նց է հնչում՝ ազատական կոսմոպոլիտ, աշխարհաքաղաքացի, աշխարհի անցուդարձի մասնակից… Անցիր-դարձիր, եղբայր, քեզ տալիս ենք այդ հնարաւորութիւնը, գնայ, շրջիր, որտեղ հաւանեցիր՝ կանգ առ, մնայ, ձանձրացա՞ր՝ նորից գնա, նորը տես… Այո, մաքրիր ներսդ հնամենի աղբից, տեղ ազատիր նորի համար, վայելքների, յարմարաւէտութեան համար․ արի մեզ մօտ, հիւանդ, արի մեզ մօտ, քաղցած, արի մեզ մօտ, յոգնած, կը բուժենք, կը կերակրենք, կը զվարճացնենք, սպառիր, սպառիր, սպառիր…
Ընտանի՞ք… Դէհ… կարելի է, այո, ինչո՞ւ ոչ, ընտանիք… Բայց դէ… Էլի հին պատկերացումների գերին էք մնում՝ կին, ամուսին, երեխայ, ծնող, զառամեալ տատեր-պապեր, շռաններ-քաքլաններ, անդադար միմեանց վզից կախ, լալկան, բողոքող-պահանջող… Ինչների՞դ է, ազատ ապրէք, էլի։ Ի դէպ, միասեռական ամուսնութիւնը կարող էք փորձել, նւազ հոգսաբեռն է…
Ապուշացաք ոնց որ… Յոգնեցի՞ք, դարձեա՞լ… Օ քէյ, հանգստացէք, ընդմիջում արէք, ահա՝ էներգետիկ ըմպելիք, արագ պատրաստւող կերակուր… Չաղացնո՞ւմ է… Ծիծաղելի բան էք ասում, պարոն, կաշի-ոսկորն է մնացել, դո՞ւք էք, որ չաղանալուց պիտի զգուշանաք, վերջապէս չաղն ի՞նչ վատ է, չաղ ու բախտաւոր՝ ձեր խօսքը չի՞… Դէ կեր, խմիր, յարգելիս, ամրացիր, առոյգացիր, որ էլի զրուցենք, դեռ ահագին տաշել-տաշտշելու տեղեր ունէք։ Տեսնո՞ւմ էք, թէ իմ թանկագին ժամանակը ոնց եմ շռայլում ձեզ վրայ, գնահատէ՛ք։
Պոպուլի՞զմ… Դա՞ որտեղից մէջտեղ բերեցիր, գլուխդ լեցուն է կարծրատիպերով, մնում-մնում՝ ինչ-որ բան դուրս ես նետում… Դէ… կայ, այո, կայ, մերօրեայ քաղաքականութեան ակտիւ դրսեւորումներից է… Սակայն արատ չէ, գործիքակազմ է։ Առհասարակ՝ պիտի քննւի ստի էութիւնը, նոր մօտեցմամբ, այո, նոր, առաջադիմական մօտեցմամբ․ հին կաղապարւածք է՝ թէ սուտը սուտ է եւ վատ է բոլոր դէպքերում, եւ թէ ճիշտը ճիշտ է եւ լաւ է բոլոր դէպքերում, թէ ճիշտը պիտի գովերգւի, սուտը պիտի պախարակւի, խարանւի ու նման բաներ։ Հարկաւոր է հասկանալ, թէ խօսքը ինչ ստի մասին է, որ ստի, տարբերակել է պէտք, կայ սուտ եւ կայ՝ սուտ։ Վերջապէս ի՞նչ է ճշմարտութիւնը, ինչ մի անանց արժէք է, որի համար կուրծք էք ծեծում… Այստեղ եւս, անշուշտ, անհրաժեշտ է հաշւի առնել ազատութիւնների սկզբունքը, իւրաքանչիւրի ազատ մեկնաբանութեան իրաւունքը՝ թէ՛ այսպէս ասած ճշտի, թէ՛ այսպէս ասած ստի դէպքում։ Կարծիքները տարբեր են, յաճախ՝ դիամետրալ, սակայն պէտք է յարգւեն հաւասարապէս։ Այնպէս որ՝ սուտը կարող է ճիշտ լինել, ճիշտը՝ սուտ, նայած ով եւ որ կողմից է դիտարկում խնդիրը, նաեւ, որ շատ կարեւոր է՝ յանուն ինչի, կարող է լինել սուտ՝ յանուն ճշմարտութեան, կարող է, չէ՞… Պատմութի՞ւնը… պատմութիւնն էլ նոյն առաջադիմական մօտեցմամբ պիտի դիտարկւի, նորովի։ Կայ, այո, կայ մարդկութեան եւ թէ բնութեան պատմութեան մի ինչ-որ ամորֆ առանցք, բայց դա չպէտք է խոչընդոտ լինի, հօ գերին չե՞նք, կրակը չե՞նք ընկել։ Չէ, պատմութիւնները պիտի վերանայւեն, վերագրւեն, արդէն իսկ վերագրւում են, մենք պէտք է տեսնենք՝ որքանո՞վ է պատմական այս կամ այն անցքը համապատասխանում, ծառայում մեր դեմոկրատական, ազատական, գլոբալական գաղափարներին ու ծրագրերին, պէտք է ճշտւի, այո, այդպէս մի նայէք, պիտի ճշտւի, ճշգրտւի… Ստւի՞… Դէ մենք արդէն խօսեցինք, չէ՞, որ սուտը ճիշտ է եւ ճիշտը սուտ, պատմութիւնը պէտք է ճկուն գործիք լինի եւ ծառայի՝ ըստ իրադրութեան, իրադրութիւնը փոխւե՞ց, ուրի՞շ լուծում պահանջեց՝ կարելի է նորից ճշտել, յանուն խաղաղութեան, տոլերանտութեան, յանուն մարդու բարեկեցութեան, յանուն մարդու ազատութիւնների եւ իրաւունքների…
Թւային մա՞րդ… Այ թէ հնարել էք, սիրում էք պիտակել… Սակայն, թէկուզ այդպէս, այո, թող լինի՝ թւային մարդ, ի՞նչ է եղել… Չի խճճւի, չէ, մի վախեցէք, որովհետեւ թիւը, օ՜, թիւը հրաշք է, հրաշալի վերացարկութիւն, որ ունակ է ռէալ մեծ գործեր կատարել, նոր, առաջաւոր, ապագային միտւած։ Այ դուք ասում էք՝ բառն էր ի սկզբանէ եւ այն աստծուց էր, իսկ թիւը յետոյ էր ու՝ Սատանայից, ասում էք, չէ՞… Սակայն մենք վստահ ենք՝ նախ թիւն էր, մարդը խօսելուց առաջ հաշւել է կարողացել, առանց խօսելու կապրեր, առանց հաշւելու՝ ոչ, այնպէս չէ՞, ապա մտածէք… Թէ չէ ասում էք՝ թւերի մէջ խճճւած, էկրաններին սեւեռւած… Հա, ի՞նչ վատ է, մարդը շփւում է, տեղեկանում, խաղում, ինտելեկտը հարստացնում, դաստիարակւում նաեւ… Ուղղորդւո՞ւմ… Դէհ, անկեղծ լինենք, երբեմն ահրաժեշտ է, չուղղորդես՝ սխալ ուղղութեամբ կը գնայ, խնդիրներ կունենանք… Նայէք, նայէք նրան, ինքնամոռաց սոսնձւած է, չես պոկի, ձեռքից առնես՝ կը խելագարւի, բայց ինչո՞ւ առնես, նայէք՝ ինչ երջանիկ է… Նոր մարդն է, ժողովրդավարութեան, ազատականութեան, գլոբալացման պրոդուկտ, աշխարհաքաղաքացի։ Նոր մարդը առաջադիմած մարդն է, նա չունի արմատներ, կտրել-ազատւել է, նա հասկացել է, որ ազգայինը երկրորդական է, ազգային ինքնագիտակցութիւն, ազգային պետութիւն կոչւածը՝ ծիծաղելի յետամնացութիւն, կարեւորը ազատութիւնն է, ինքն է կարեւոր, իր գոյութիւնը, իր յարմարաւէտութիւնը, սպառման իր հնարաւորութիւնները։ Անտարբեր եսակենտրոն չէ, սխալւում էք, պարզապէս քիթն ամէն տեղ չի խոթում անտեղի, բայց պէտք եղաւ՝ կարող է պայքարի ելնել, աղաղակել՝ «ո՛չ կենսոլորտի աղտոտմանը», «ո՛չ պատերազմին»… Ասեմ սակայն, որ, ցաւօք, դեռեւս հանդիպում են դէպքեր, երբ առանց պատերազմի ուղղակի անկարելի է, երբ պատերազմը պարզապէս անհրաժեշտութիւն է։ Եւ մեր նոր մարդը հասկանում է դա, կողմ է նման անհրաժեշտութեանը, նա գիտակցում է՝ կայ պատերազմ, եւ կայ՝ պատերազմ, պատերազմ, որը դէմ է պատերազմին, տարբերել է պէտք, կայ պատերազմ, որն անհրաժեշտ է՝ որպէսզի չլինի պատերազմ, կռահեցի՞ք… Տեսնում եմ՝ սկսել էք կռահել…
Ի՞նչ եղաւ, յարգելիս, ինչո՞ւ արցունքւեցին ձեր աչուկները… Օ մայ գադ, այս ի՜նչ սենտիմենտալ են այս հին ազգերը… Դէ մի լացիր, մի լացիր, սիրելիս, ամէն բան լաւ է լինելու… Այս մի հաբն էլ ընդունիր, տես ոնց ես թեթեւանալու, ընդունի՛ր… Անուուո՜ւշ… Հիմա գլուխդ դիր մեր լայն կրծքին… Դի՛ր՝ ասում եմ… Եւ մենք կը մաքրենք աղբը քո գլխից, այսպէս ասած՝ ռեստարտ, ֆորմատաւորում… Թեթեւանում ես, չէ՞… Դէ ժպտայ, ժպտայ պստլիկս, տես մեր կրծքին փարւած միւսները ոնց են ժպտում, լայն ժպտայ, միշտ ժպտայ…
ԳՈՒՐԳԷՆ ԽԱՆՋԵԱՆ