Նասեր Քանանի. «Իրանը զգայուն է հիւսիսային հարեւանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգութեան նկատմամբ»
«ԱԼԻՔ» – Իրանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ասել է. «Իրանը զգայուն է հիւսիսային հարեւանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգութեան նկատմամբ, եւ մենք վստահեցնում ենք, որ մեր սահմաններն ապահով են եւ շարունակում ենք զգօնութեամբ ու լրջօրէն հետեւել կովկասեան իրադարձութիւններին»։
ԻՌՆԱ-ի հաւաստմամբ, Քանանին երկուշաբթի կայացած ամենշաբաթեայ ասուլիսում քննարկել է Հարաւային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, եւ նշել է. «Մենք կապի մէջ ենք Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանութիւնների հետ, եւ Հայաստանի իշխանութիւններն իրենց մտահոգութիւնն են յայտնել Ադրբեջանի կողմից նոր ռազմական հակամարտութեան հնարաւորութեան վերաբերեալ, սակայն Բաքւի իշխանութիւնները մեզ ուղարկել են հաղորդագրութիւն, թէ՝ իրենք մտադիր չեն ռազմական յարձակումներ իրականացնել, իսկ զօրքերի վերջին տեղաշարժերը աւանդական ռազմական տեղաշարժեր են, որն իրականացւում է ձմռան շեմին, քանի որ տեղաշարժը լեռնային տարածքներով դառնում է դժւար»:
Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան խօսնակը նաեւ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ համատեղ զօրավարժութիւնների մասին ասել է. «Մենք համարում ենք, որ տարածաշրջանում օտարերկրեայ ռազմական ուժերի առկայութիւնը խախտում է անվտանգութիւնն ու կայունութիւնը։ Մենք բազմիցս ընդգծել ենք, որ տարածաշրջանի անվտանգութիւնը պէտք է ապահովեն տարածաշրջանի երկրները»: