Հայկական զօրքի մասնակցութիւնը Թաւրիզի պաշտպանութեանը (1724 թ. սեպտեմբեր)
ԱՐՄԷՆ ԱՅՒԱԶԵԱՆ
պ. գ. թ., ք. գ. դ., աւագ գիտաշխատող,
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անւան հին ձեռագրերի գիտահետազօտական ինստիտուտ (Երեւան, ՀՀ)
1720-ական թւականներին Հայաստանի արեւելեան՝ Սէֆեանների տիրապետութեան տակ գտնւող մասում, ազգային-ազատագրական ծրագրով, պատմական թատերաբեմ է իջնում տասնեակ հազարաւոր մարտիկներից բաղկացած նորաստեղծ հայկական զինուժը։ 1722 թւականին ուղղակի բախման մէջ մտնելով Սէֆեան տէրութեան տեղական ուժերի դէմ՝ հայկական զօրքերն Արցախում եւ Սիւնիքում հիմնեցին փաստացիօրէն լիովին անկախ ազգային իշխանապետութիւններ։ Իսկ քիչ աւելի անց՝ 1724-1735 թւականներին, Արցախն ու Սիւնիքը դարձան Սէֆեան Իրան (ներառեալ Այսրկովկաս) ներխուժած օսմանեան բանակների դէմ կատաղի զինւած դիմադրութեան գլխաւոր օջախներից մէկը։ Օսմանեան ռազմակալման դէմ պայքարում հայկական նորաստեղծ զօրքերը դաշնակցեցին իրանական-շիական ուժերի հետ, որոնք 1720-ականներին գործում էին Սէֆեան վերջին տիրակալ շահ Թահմասպ Բ-ի (1723-1732) դրօշի ներքոյ հիմնականում Գանձակի, Թաւրիզի, Գիլան եւ Մազանդարան նահանգներում, մինչդեռ Իրանի կենտրոնական շրջաններն ու մայրաքաղաք Սպահանը 1722 թ. ի վեր գրաււած էին աֆղանական զաւթիչների կողմից։
1724 թւականին շահ Թահմասպ Բ-ին (1723-1732) ենթակայ ուժերի միակ խոշոր ռազմական յաջողութիւնը՝ սեպտեմբերին Թաւրիզում՝ Վանի Աբդուլահ Քեոփրուլու փաշայի գլխաւորութեամբ գործող օսմանեան բանակին պարտութեան մատնելն էր ու քաղաքի մատոյցներից հետ շպրտելը։ Այդ նշանաւոր յաղթանակի ձեռքբերմանը, եւրոպական մի շարք աղբիւրների համաձայն, մեծապէս նպաստել են հայկական զօրամասերը, որոնք Թաւրիզի ճակատամարտում ծանր կորուստներ են պատճառել օսմանցիներին՝ փաստօրէն, գրեթէ բնաջնջելով նրանց ընտրելագոյն ենիչերական զօրագունդը։
Այսպէս, մինչեւ 1725 թ. յունիսի սկիզբը Սպահանում գտնւող եւ, ըստ այդմ, նախորդ տարւայ այդ դէպքերին քաջատեղեակ լեհ ճիզւիտ Թ. Կրուշինսկին, գրում էր.
«Թահմասպ արքայազնը, բարեբախտաբար, հէնց նոր էր վերջ տւել իր կողմը բռնած տարբեր ուժերի միջեւ ներքին պառակտումներին։ Նա մեղմ վարքագծով սիրաշահել էր նրանց, ում մինչ այդ իր անպատեհ գոռոզութեամբ զզւանք էր պատճառել։ Յատկապէս Կապանի լեռների հայերի նրան միանալու շնորհիւ այնպիսի կացութիւն ստեղծւեց, որ նա ի վիճակի եղաւ ոչ միայն յաջող դիմադրութիւն ցոյց տալ թուրքերին, այլեւ գրոհել նրանց ամրոցները։ Հէնց այդպէս էլ նա վարւեց, ընդ որում՝ այնպիսի եռանդով, որ ձեռքբերեց ամենափառայեղ եւ լիակատար յաղթանակներից մէկը, որ գրանցւել էին պարսկական խժդժութիւնների սկզբից ի վեր (իմա՝ 1722 թ. ի վեր – Ա. Ա.), որովհետեւ 20,000 թուրք կոտորւեց [Թաւրիզի] ճակատամարտում եւ գրեթէ նոյնքան էլ գերի ընկաւ»։
Մէկ այլ առիթով Կրուշինսկին դարձեալ նշում է, թէ «որեւէ մէկն այդքան չնպաստեց Թաւրիզի մօտ թուրքերի պարտութեանը, քան նրանք (հայերը)» աւելացնելով, որ Թաւրիզի ճակատամարտում օսմանցիների ընտրելագոյն ենիչերական գւարդիայից «հայերը գէթ մէկ հոգու չխնայեցին»։ Ենիչերիների նկատմամբ այդպիսի անողոք վերաբերմունքը պայմանաւորւած էր, ըստ երեւոյթին, նրանց մինչ այդ դրսեւորած եւ պատմականօրէն հանրածանօթ արիւնռշտութեամբ ու վայրագութիւններով։ Կրուշինսկու հաղորդումը երկրորդում են Օտտերն ու Մամի-Կլերակը, իսկ դը Սագրեդօն լրացնում է այն հետեւեալ ուշագրաւ դիտարկմամբ՝ «թուրքերը հանդգնեցին երկրորդ անգամ (իմա՝ 1725 թ. – Ա. Ա.) պաշարել Թաւրիզը միայն այն բանից յետոյ, երբ տեղեկացան, որ նրանք (հայերը) չեն մասնակցում [քաղաքի պաշտպանութեանը]»։
Թաւրիզում օսմանեան բանակի ծանր պարտութիւնը հաստատում են նաեւ ուրիշ աղբիւրներ։ Թաւրիզի թաղամասերից մէկում կռւով փոքր-ինչ խորանալուց յետոյ օսմանեան զօրքը ենթարկւում է կատաղի հակայարձակման, որի ընթացքում 4000 օսմանցի զինւոր կոտորւում են «մինչեւ վերջին մարդը»։ Դատելով այս վերջին պարզաբանումից, խօսքը վերաբերում է ենիչերիների զօրագնդի ոչնչացման նոյն այն դրւագին, որի մասին յայտնում էր Կրուշինսկին, ըստ այդմ՝ հայկական զօրաջոկատները հէնց այս մարտում են իրենց լաւ դրսեւորել։ Օսմանցիների զօրքի միւս մասը, այնուամենայնիւ, ճեղքել է շրջափակումը եւ նահանջել քաղաքից մատոյցներում գտնւող իր դաշտային ճամբարը: Մի քանի օր անց Թաւրիզում մնացած պարսկական զօրքը, որ գործում էր Մուստաֆա խանի ընդհանուր հրամանատարութեան ներքոյ, արտագրոհ է ձեռնարկել եւ օսմանցիներին հետ շպրտել մինչեւ Խոյ։ Թաւրիզի ճակատամարտում պարսից ուժերի գլխաւոր հրամանատարը եղել է Մուստաֆա խանը, իսկ Թահմասպ Բ-ն այդ ժամանակ գտնւել է Արդեբիլում՝ լրացուցիչ զօրաջոկատներ հաւաքագրելու եւ Թաւրիզի պաշտպաններին օգնութեան ուղարկելու նպատակով։
Ստորեւ ճշտւելու են այն հայկական զօրամիաւորներն ու նրանց հրամանատարները, որոնք, առաւել հաւանականօրէն, իրենց մասնակցութիւնն են բերել Թաւրիզի 1724 թ. պաշտպանութեանն ու վերոյիշեալ ռազմագործողութեանը։ Սկզբից եւեթ պէտք է նշել, որ այդ հայկական ուժերը չէին կարող ժամանել Դաւիթ-բէկի հիմնած Սիւնեաց (Կապանի/Ղափանի) իշխանապետութիւնից, որովհետեւ Ստեփանոս Շահումեանի, Տէր Աւետիքի եւ «Ղափանցւոց պատմութեան» միւս լրատուների մանրամասն հաղորդումներից յստակ երեւում է, որ 1724 թ. այդպիսի զարգացումն անհնար էր։ Ճիշտ է, Սիւնեաց ազատամարտի այս հիմնական սկզբնաղբիւրը գրեթէ ոչինչ չի հաղորդում 1724 թ. սեպտեմբերից մինչեւ 1725 թ. ընկած ժամանակահատւածի մասին, բայց 1724 թ. գարնանը կապանցիների կրած մեծ կորուստները (միայն մարտի վերջին-ապրիլի սկզբին՝ շուրջ 5500 նահատակւած մարտիկ), ինչպէս նաեւ ամռանն օսմանեան բանակի Արարատեան երկրում ու Նախիջեւանում յայտնւելն արդէն իսկ բացառելու էին Ղափանից մեծաթիւ հայկական ուժերի դէպի Թաւրիզ հեռաւոր մարտարշաւը։
Հետեւաբար, շատ աւելի հաւանական է, որ Թաւրիզի պատերի տակ օսմանցիների դէմ մարտնչել են ոչ թէ Սիւնիքից, այլ Արցախից ժամանած հայկական զօրաջոկատները, իսկ Կրուշինսկին եւ նրան երկրորդած եւրոպացի հեղինակները սխալմամբ այդ կռիւները սիւնեցիներին (կապանցիներին) են վերագրել, քանի որ XVII–XVIII դարերում Ղափան տեղանունը բազմանշանակ էր՝ իր լայնիմաստ կիրառութեամբ այն երբեմն ներառում էր Կուր եւ Արաքս գետահովիտների միջեւ ընկած ամբողջ լեռնաշխարհը:
1. Փիլիբեկ Շերգիլի Բասաուրովի զօրագունդը
1754 թ. ռուսական բանակի փոխգնդապետ, թիֆլիսեցի Փիլիբեկ Շերգիլի Բասաուրովը՝ Ելիզաւետա կայսրուհուն յղած խնդրագրում վկայակոչելով իր մօտ գտնւող Թահմասպ Բ շահի երկու հրովարտակները, վերյիշում էր 1723 թւականին իր հրամանատարութեան տակ գտնւող հայկական զորագնդի կողմից 17,000-անոց օսմանեան բանակի ոչնչացումն «Արարատի մօտակայքում», որտեղ սպանւել է նաեւ նրանց հրամանատար Ումար (Օմար) փաշան:
Բասաուրովի համաձայն, «Սղնախների հայ ժողովրդի» մօտ իրեն ուղարկել է Քարթլիի արքայ Վախթանգ Զ-ն, իսկ օսմանցիների դէմ այդ ճակատամարտն ինքը տւել է «սղնաղցի հայերի» գլուխն անցած։ Եթէ նկատենք, որ «Սղնախէ կամ «Սղնախներ» եզրոյթը գրեթէ միշտ օգտագործւում էր Ղարաբաղի հայոց զօրքի իմաստով, ապա պէտք է կարծել, որ նրա հրամանատարութեան տակ գտնւող զօրագունդը բաղկացած է եղել Ղարաբաղում կազմաւորւած հայկական ստորաբաժանումներից։ Փիլիբեկ Բասաուրովը նոյն այն Փիլիպն է, ով 1724 թ. յիշւում է որպէս շահ Թահմասպի մօտ ուղարկւած պատւիրակ։ 1725 թ. մարտին նա արդէն վերադարձել էր Ղարաբաղ՝ շահ Թահմասպից Սղնախի հայ հրամանատարութեանն ուղղւած խրախուսիչ յատուկ մի հրովարտակ ու թանկարժէք նւէրներ իր հետ բերելով։ Այդ մասին էին 1725 թ. մարտի 10-ին Վախթանգ Զ-ին յայտնում Գանձասարի Եսայի կաթողիկոսը եւ Ղարաբաղի զօրահրամանատարներն ու մելիքները.
«Փիլիպը դարձեալ մեկնեց շահի մօտ՝ [այս անգամ] գանձակեցիների եւ մեր միջեւ [1724 թ. մարտին ստորագրւած] փաստաթղթերով, եւ ահա նոր վերադարձաւ՝ նրանից մեզ համար բերելով [պատւաւոր] խալաթ եւ [դրւատական] հրովարտակ»:
Բասաուրովը վստահելի կապաւորի դեր է կատարել նաեւ Վախթանգ Զ-ի ու Սղնախների ղեկավարութեան միջեւ. նոյն նամակում վերջիններս գրում են, թէ` «Փիլիպին գալովն զամենայն որպիսութիւն գրեալ եմք առ ձեր մեծութիւնդ»։ Այսպիսով փաստւում է նաեւ Բասաուրովի այն հաղորդումը, որ իրեն Սղնախներ է ուղարկել Վախթանգ Զ-ն։
Անկասկած, Փիլիբեկ (Փիլիպ) Բասաուրովն իր հետ Թահմասպի մօտ էր տարել Ղարաբաղի Սղնախների եւ Գանձակի մահմեդական ղեկավարութեան միջեւ՝ 1724 թ. մարտին կնքւած «փոխօգնութեան» պայմանագիրը, որն ուղղւած էր օսմանցիների եւ նրանց դաշնակից Կովկասի լեռնականների դէմ։
17,000-անոց օսմանեան զօրքին յաղթելու մասին իր պատմութիւնը Բասաուրովը վերագրել է 1723 թւականին, բայց մի քանի հանգամանք (ճակատամարտի ժամանակը, վայրը եւ օսմանեան կորուստների թիւը) յուշում են, որ այն կարող է վերաբերել 1724 թ. սեպտեմբերին տեղի ունեցած Թաւրիզի ճակատամարտին։
Թաւրիզի ճակատամարտում, ըստ Թ. Կրուշինսկու եւ վերոյիշեալ միւս եւրոպական աղբիւրների, օսմանցիների ընդհանուր կորուստները կազմել են շուրջ 20,000 զինւոր։ Այս թիւը եւ Բասաուրովի նշած 17,000 օսմանեան բանակի ջախջխումը միմեանց բաւականին մօտ են։ Բասաուրովն ինչ-ինչ պատճառներով ճակատամարտի վայրը նշել է առաձգականօրէն՝ «Արարատի մօտակայքում», որն առնւազն յուշում է օսմանեան բանակի հէնց Թաւրիզի ուղղութեամբ արշաւանքը։ Ժամանակի մէկ տարով տարբերութիւնն ուղղւում է, եթէ նկատենք, որ Փ. Բասաուրովն իրադարձութիւնների յաջորդականութիւնն սխալմամբ մէկ տարով վաղ է նշել նաեւ Քարթլիի նախկին արքայ (1716-1724 թթ.) Վախթանգ Զ-ի (1675-1737) Գիլան ժամանումը (դրա հետ կապւած նաեւ իր՝ Բասաուրովի, ռուսական բանակի ծառայութեան մէջ անցնելը). այդ դէպքերը նա սխալմամբ թւագրել է 1725 թ., այնինչ Վախթանգը ժամանել էր այնտեղ 1726 թ. սեպտեմբերի 10-ին։ Այսինքն՝ 30 տարւայ վաղեմութիւն ունեցող դէպքերը Բասաուրովը կա՛մ մոռացութեան պատճառով, կա՛մ միտումնաւոր կերպով մէկ տարով շուտ է նշել։
«Արարատի մօտակայքում» տեղի ունեցած ճակատամարտից յետոյ Բասաուրովը (իր ասելով՝ 1724 թ.) 50-հոգանոց ջոկատով մեկնել է Մազանդարան՝ Թահմասպ II-ի մօտ, որտեղ եւ գտնւել է, ինչպէս տեսանք, մինչեւ 1725 թ. սկզբները (ամենաուշը՝ մարտը)։ Հետաքրքիր է, որ Փ. Բասաուրովի որդին նոյն դրւագը պատմելիս, նշում է, որ այդ յաղթանակից յետոյ իր հայրը մեկնել է այցելելու Թահմասպին ոչ թէ Մազանդարան, այլ Թաւրիզ։ Աւելին, նմանատիպ որեւէ այլ ճակատամարտ սկզբնաղբիւրներից մեզ յայտնի չէ ոչ 1723, ոչ էլ 1724 թւականին։ Թւում է, թէ 1754 թ. իր խնդրագիր-զեկուցագրում Բասաուրովն ինչ-որ փաստեր է թաքցրել իր գործունէութիւնից եւ, հնարաւոր է, հէնց այդ պատճառով էլ ճակատամարտը 1724 թ. փոխարէն 1723-ով է թւագրել։ Այսպէս, այդ զեկուցագրում նա գրում է, թէ շահի մօտից նա մեկնել է ուղիղ Գիլան, հետագայում Ղարաբաղ մեկնելու մտադրութեամբ, սակայն սպասել է Վախթանգի գալուն եւ այդպէս էլ Ղարաբաղ չի գնացել։ Այնինչ 1724 թ. մարտի 10-ին Ղարաբաղում գրւած վերոյիշեալ նամակից մենք գիտենք, որ նա այդ պահին արդէն Ղարաբաղում էր ու, չի բացառւում, նաեւ մասնակցել էր 1725 թ. մարտի 3-ին օսմանեան կորպուսը ոչնչացնելու գործողութեանը։ Ամէն դէպքում, Բասաուրովի ջոկատի 1724 թ. գարնանից մինչեւ 1725 թ. սկզբները Թահմասպի զօրքերում գտնւելն անկասկած է։ Այս դրւագի վրայ կարող են որոշակի լոյս սփռել Շահ Թահմասպի՝ Փիլիբէկ Բասաուրովին շնորհւած զոյգ հրովարտակները, որոնք պահւում են Մոսկւայի Պետական կենտրոնական ռազմապատմական դիւանում։ Դիւանային վաւերագրերը տեղեկացնում են, որ 1726 թ. Փիլիբեկ Բասաուրովն անցել է ծառայութեան ռուսական բանակում եւ ստացել պորու(տ)չիկի, 2-3 տարի անց՝ կապիտանի, 1733 թ.՝ մայորի, 1745 թ.՝ փոխգնդապետի կոչում՝ 1726-1728 թթ. գլխաւորելով 50-հոգանոց, իսկ 1728-1735 թթ.՝ 100-150-հոգանոց ջոկատ (մահացել է 1756 թ. սեպտեմբերի 14-ին):
2. Փարսադան-բէկի 300-հոգանոց ընտիր զօրաջոկատը
Ուրիշ ի՞նչ հայկական զօրք կարող էր մասնակցած լինել 1724 թ. Թաւրիզի ճակատամարտին։ Միւս հաւանականութիւնը (որ չի բացառում Բասաուրովի զօրաջոկատի մասնակցութիւնը Թաւրիզի ճակատամարտին) այն է, որ հիւսիսային Իրանում Թահմասպ Բ-ի ենթակայութեան տակ ի սկզբանէ, այսինքն՝ 1722 թւականից ի վեր, կային հայկական որոշակի զօրաջոկատներ եւ զօրահրամանատարներ։
Նրանցից մէկը գեդալիբէկի զինւորական բարձր պաշտօնում յիշատակւող թիֆլիսեցի Փարսադան-բէկն էր՝ Դաւիթ-բէկի աները, ում անմիջական հրամանատարութեան տակ պէտք է լինէր այն «հայ իւզբաշին» (շատ հաւանաբար, իր որդիներից մէկը՝ Ռաֆայէլը կամ Թաղին), ով այդ պահին գլխաւորում էր Թահմասպի 300 «վրաստանցիներից» բաղկացած «ամենաընտիր զօրաջոկատը», որը, ըստ հայ հետախոյզ Ապելի, բաղկացած էր 300 վրաստանցիներից եւ 25 դերբենդցիներից»: Բանն այն է, որ XVII–XVIII դարերում վիրահայերին յաճախ էին «վրացի» կոչում՝ վրաստանցի հայ (Վրաստանի հայ, վիրահայ) իմաստով։ Այսպէս, Դաւիթ-բէկի զօրքում «վրացի» մականունով յիշւող հայ զօրահրամանատարների («վրացի Յովհաննէս», «Պայինտուր իշխանն վրացի») կապակցութեամբ վենետիկեան մխիթարեանները հարկ էին համարել յատուկ պարզաբանում ստանալ իրենց լրատու Տէր-Աւետիքից. «արդ սոքա Վրացի ասին, ըստ որում էին յերկրէն Վրաց, այլ ոչ եթէ էին ի Վրաց ազգէն, վասն զի Դաւիթ եւ ամենայն զօրավարք եւ զօրքն իւր էին ի յազգէ Հայոց»։ Նոյն փաստը Ղուկաս Սեբաստացին շեշտում է նաեւ մէկ այլ առիթով. «Այս Դաւիթ Բէկն էր… ազգաւ հայ ինքն եւ ամենայն հետեւօղք իւր»։ Բնականաբար, վերոյիշեալ 300 «վրաստանցի» զինւորականների առնւազն կէսը, եթէ ոչ մեծամասնութիւնը, բաղկացած էր վիրահայերից, գոնէ երկուսին գիտենք անւանապէս՝ դրանք Փարսադան-բէկի որդիներն էին՝ Ռափայէլն ու Թաղին, որոնք քիչ անց՝ 1724 թ. վերջին, լքել են Սեֆեանների ճամբարը եւ անցել ռուսական ծառայութեան՝ հիմնելով այսպէս կոչւած «Վրացական էսկադրոնը»։ Ընդորում՝ այդ էսկադրոնում ծառայողների մեծամասնութիւնը դարձեալ վիրահայերն էին։
Ամէն դէպքում, Փարսադան-բէկի եւ վրաստանցիների 300-հոգանոց «ընտիր զօրաջոկատի» մասնակցութիւնը Թաւրիզի ճակատամարտին կարելի է համարել բաւականին հաւանական։ Փարսադան-բէկի մասին պահպանւած վերջին տեղեկութիւնն այն է, որ նա մահացել է Արդեբիլում եւ այնտեղ էլ յուղարկաւորւել է։ Այդ դէպքը տեղի է ունեցել, ամենայն հաւանականութեամբ, 1724 թ. երկրորդ կէսին, այլապէս նրա որդիները հազիւ թէ 1724 թ. վերջերին հեռանային իրանական բանակից եւ անցնէին ռուսական ծառայութեան մէջ՝ իրենց հօրն այդ բացայայտ դասալքութեամբ մահացու վտանգի ենթարկելով։
3. Թահմասպ Բ-ի 6 հայ հարիւրապետերի 500-հոգանոց զօրքը
Թահմասպ Բ-ի ընտիր «ղուլերի» զօրագնդի կազմում յիշատակւում են նաեւ վեց ուրիշ հայ քրիստոնեայ զօրահրամանատարներ (իւզբաշիներ)՝ իրենց ենթակայ 500-հոգանոց զօրքով։ «Ղուլերը» Սէֆեան շահերի անձնական գւարդիայի մարտիկներն էին, որոնք գրեթէ բացառապէս հաւաքագրւում էին քրիստոնեաներից՝ հայերից ու վրացիներից։ Սովորաբար, ղուլերը ենթարկւում էին կրօնափոխութեան՝ մահմեդականացւում էին։ Բայց, ինչպէս երեւում է հետեւեալ հաղորդումից, XVIII
դարի առաջին երեսնամեակում ու յատկապէս 1720-ական թթ. Իրանում տիրող արտակարգ ծանր պատերազմական իրավիճակում այդ կանոնը չի պահպանւել.
«Պարսից զօրքում կար 6 քրիստոնեայ իւզբաշի (=հարիւրապետ), որոնք Թահմազի ղուլերից էին։ Մէկը Դաւին էր, իսկական անունը՝ Դաւիթ։ Միւսին Գորիցեցի բէկ են կոչում։ Երրորդին կոչում են Գեղաքունիի կամ Գեղայքունիի դուն (՞), նա Սոթ գիւղից է, սոթեցի Ատոմի որդին է, անունը՝ Աբիջան։ [Չորրորդը]՝ չափնեցի Այդին-բէկի որդի Աղաջանն է։ [Հինգերորդը]՝ չափնեցի Մռաւենց Տէր-Մովսէսի որդի Բալիգն է։ [Վեցերորդը]՝ Ճաթայկերենց Թոբուզի որդի Հախնազարն է։ Այս 6 քրիստոնեաների զօրքում կայ 500 զինւոր, եւ ոչ աւելին»։
Այս վեց հայ հարիւրապետերը եւս 1724 թ. Թաւրիզի ճակատամարտի շատ հաւանական մասնակիցներից են՝ իրենց, ըստ ամենայնի, հիմնականում հայերից բաղկացած հարիւրակների հետ միասին։ Ընդորում, նրանցից մէկը ծնունդով Վրաստանի Գորի քաղաքից էր, երկուսը՝ Ղափանի Չափնի (Չաբնի) գիւղից, եւս մէկը՝ պատմական Գեղարքունիքի Սոթք գիւղից։ Այսինքն՝ գոնէ վերջին երեք հրամանատարները կարող էին կապանցի-սիւնեցի համարւել, ինչը նոյնպէս, հնարաւոր է, նպաստել է նրան, որ Կրուշինսկին Թաւրիզի ճակատամարտին մասնակցած հայերին կապանցի անւանի։
Աբրահամ Երեւանցին մէկ ուրիշ դրւագում հարիւրապետ Դաւիին կոչում է Դաւիթ-բէկ (չշփոթել 1722-1728 թթ. Սիւնեաց առաջնորդի հետ)՝ պատմելով, թէ նա ինչպէս է մի գիշերով գաղտնի այցելել շահ Թահմասպ Բ-ին ու նախազգուշացրել նրան Թահմասպ-կուլի խանի (ապագայ Նադիր շահի) նենգ մտադրութիւնների մասին։ Այս ուշագրաւ հաղորդումը վկայում է այն մասին, որ հարիւրապետ Դաւին (Դաւիթ-բէկը) եղել է Թահմասպ Բ-ի վստահելի մերձաւոր անձանցից մէկը։
4. Դիզակի մելիք Եգանի զօրքը
1723 թ. օգոստոսի 17-ին շարադրւած մի պատմական վաւերագրում մատնանշւած է շահ Թահմասպ Բ-ի դրական վերաբերմունքը Ղարաբաղի հայոց զօրքի հանդէպ.
«Շահի (իմա՝ շահ Սուլթան-Հոսէյնի, 1694–1722) որդին (Թահմասպ Բ-ն) բարեկամաբար է գրում դէպի [Ղարաբաղի] Հայոց զօրքը` հրամայելով, թէ՝ «Ամբողջ ուժով կռւէք Դաուդ-բէկի լեզգիական զօրքի դէմ, միայն թէ իմ զօրքերին վնաս մի տւէք»։
Վերլուծելով 1723 թ. Այսրկովկասի վիճակը եւ հայ զինւորութեան մէջ առաջին տեղ յատկացնելով Դիզակի մելիք Եգանին՝ Նադիր շահի (1736-1747) պալատական պատմիչ Մոհամմադ-Քյազիմն արձանագրում էր, որ այդ ժամանակ հայկական զօրքերն իրենց իշխանութիւնը տարածել էին մինչեւ Կուր եւ Արաքս։ Յայտնի է նաեւ, որ Եգանին պաշտօնապէս Դիզակի մելիք է նշանակել ոչ այլ ոք, քան շահ Թահմասպ Բ-ն։
Նկատի ունենալով, որ առնւազն 1723 թ. ի վեր Կուրի ափը հիւսիսից վերահսկում էր հէնց Դիզակի հայոց զինուժը (Մեղրիի հատւածը չհաշւած), ինչպէս նաեւ Թաւրիզին Ղարաբաղի Հայոց Սղնախներից հէնց Դիզակի սղնախի ամենամօտ գտնւելը՝ տեղին կը լինի ենթադրել, որ
մելիք Եգանի հրամանատարութեամբ մի զօրամաս նոյնպէս կարող էր մասնակցութիւն բերել Թաւրիզի 1724 թ. պաշտպանութեանը։ Այդ դէպքում շատ հաւանական կը լինէր, որ մելիք Եգանի գլխաւորած զօրքը գործեր Սղնախներից շահ Թահմասպ Բ-ի մօտ ուղարկւած վերոյիշեալ Փիլիբէկ Բասաուրովի զօրախմբի հետ համատեղ՝ հայկական մի խոշոր համահաւաք զօրագնդի կազմում։