ԹեհրանՀամայնքՄշակութային

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Գրական խմբի նախաձեռնութեամբ՝ գրական երեկոյ նւիրւած ՆՈՐՎԱՆ-Ի «ԹՐԱՍՔԻԽԷՆ»-ին

ՀԱՏԻՍ

 

«ԱԼԻՔ» – Ուրբաթ՝ յունիսի 14-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Գրական խմբի նախաձեռնութեամբ նոյն միութեան «Սուքերեան» սրահում կազմակերպւած գրական երեկոյի հիւրն էր գրող-բանաստեղծ ՆՈՐՎԱՆ-ը:

Գրական երեկոյի առիթը գրողի վերջին վիպակի՝ «Թրասքիխէն»-ի հրատարակումն էր, որին մասնակցած լսարանի շարքերում աչքի էին ընկնում մեծ թւով ուսուցիչներ, Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, Զէյթուն եւ Սասուն քաղաքամասերի ծխահայեր ու քահանայ հայրեր, եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ներկայացուցիչներ:

Ծրագրի մեկնարկը տրւեց Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի միջոցով կատարւած Տէրունական աղօթքով, որից յետոյ ծրագրի հաղորդավար Քլարա Աղախանեանը ընթերցեց ՆՈՐՎԱՆ-ի գրական-ստեղծագործական անցեալի մասին պատմող նիւթը, որտեղ անդրադարձ կար ժամանակին հրապարակւող «Հանդէս, գրականութեան եւ արւեստի» ամսագրի մասին, որի խմբագրական կազմի անդամ էր ինքը Նորվանը, ինչպէս նաեւ հրատարակած գրքերի մասին, այդ թւում իր տեսակի մէջ բացառիկ համարւող «Յազկերտի մահը» աշխատութեան հայերէն թարգմանութեան եւ միւս հատորներն ու գրքերը:

Նորվանն իր հերթին ներկայացւած  աշխատութիւնների ու գրքերի ցանկից վրիպած «Այստեղ ձիւները չեն հալւում» նովէլի մասին յիշեցնելով նշեց, որ այն եւս իր արձակ ստեղծագործութիւններից է, ընդորում առաջին արձակ գիրքը, ինչը նաեւ հանդիսանում է, որպէս գրողի առաջին վէպը: Նա պատմեց, որ «Ձիւներ…»-ում գրողը պատմում է Ղարադաղ գիւղական համայնքում իր անցկացրած մանկութեան ապրումների մասին, որտեղ գիւղական կեանքի դրւագներով  ներկայացւած  է նաեւ իրանահայի դիմանկարներից մէկը:

Գրողը յիշեցրեց նաեւ «Թրասքիխէն»-ի ուղղագրութեան տեսակի մասին նշելով, որ սկզբում որոշւած է եղել գիրքը հրատարակել Հայաստանում: «Սակայն, երբ հնարաւորութիւն ստեղծւեց Թեհրանում հրատարակելու առանց սպասելու գործի անցանք: Իսկ ուղղագրութիւնը դասականի վերադարձնելու համար ժամանակ չկար, քանի որ գնաճը հաշւի առնելով գուցէ այս հնարաւորութիւնն էլ փախցնելու լինէինք»,- արձանագրեց գրքի հեղինակը:

«Թրասքիխէն»-ը որպէս անուն ընտրելու մասին Նորվանը նշեց, որ այն Աւստրիայի մայրաքաղաքի արւարձաններում գտնւող ճամբարի անունն էր, ինչի մասին նաեւ ասւում է, որ տարածքը Երկրորդ Աշխարհամարտին ծառայել է, որպէս տարհանման կենտրոն կամ նման նպատակներով օգտագործող ճամբար: «Իրական անունը այլ բան է, չնայած մի քիչ նման «Թրասքիխէն»-ին: Այնտեղ հաստատւած իրանահայերի առոգանութեանը աւելի հաշտ ձեւակերպումը «Թրասքիխէն»ը: Մէկ ու մէջ էլ նկատում էիր, որ հեշտացրած՝ Թրանսքիխէն էին անւանում»,- նշեց գրքի հեղինակը:

Գիրքը չի գրւել որեւէ խնդրին լուծում տալու կամ առկայ հարցերին պատասխան տալու համար: «Գրողը պատասխան չի փնտրում։  Առհասարակ արւեստը հարցեր է առաջացնում: Այդ թւում գրականութիւնը: Այնպէս, որ կոչւած չէ խնդիրներին պատասխան գտնելու»: Նոյն ուղղութեամբ խորանալով Նորվանը նշեց, որ այնուամենայնիւ, հեղինակը, յատկապէս, գրականութեան ասպարէզում, հիմնւում է իր ապրումների, տեսածի, անցեալից եկած դրւագների, եւ այն բոլորի վրայ, որոնց միջով անցել է ինքը՝ գրողը: «Այստեղ՝ գրքում կան այդ բոլորը, երբեմն իրականութիւնների տեսքով ու վաւերագրմամբ, երբեմն էլ հիւսւած պատմութիւններով ու դրւագներով: Եւ սա չի կարող նշանակել այն, որ պէտք է գործը վաւերագրական պատում համարել: Փոխարէնը այն հէնց գեղարւեստական պատում է, որտեղ պատկերւած են նաեւ ընթերցողին ծանօթ դէպքերն ու իրադարձութիւնները»,- նշեց Նորվանը:

Նորվանը պատմեց նաեւ, որ Թրասքիխէնում ինքը եղել է ընդամէնը մէկ շաբաթ: Նա նշեց, որ ժամանակին ԱՄՆ արտագաղթելը բոլորի մօտ նոյն նպատակով չէր, որ տեղի էր ունենում: «Գաղթականների խնդիրը, յատկապէս, իրանահայութեան դէպքում, ոչ մի առնչութիւն չունէր Մերձաւոր Արեւելքի միւս շրջաններից, կամ Աֆրիկայից, կամ նոյնիսկ Եւրոպայի սրտում գտնւող Բոսնիայից գաղթողների խնդիրների հետ: Նրանք փախստականներ էին, իսկ մերոնք ուղղակի վիզայի ելք փնտրողներ էին: Մերոնցից եթէ գնում էին՝ գնում էին նրանք, ովքեր կարող էին յաղթահարել ճանապարհածախսի հետ կապւած խնդիրները: Այդպիսով կարելի է հասկանալ նաեւ, որ մերոնք ոչ փախչելու խնդիր ունէին, կամ էլ ապրուստի հետ լուրջ բարդութիւն, ուղղակի տարբեր պատճառներով էին գնում: Մէկը թոռանը մօտ լինելու, միւսը բուժման, մէկ-մէկ էլ նոր կեանք ստեղծելու երազանքով»,- նշեց նա:

Գրքի հերոսի՝ Ռուբէն Սարոյեանի մասին ակնարկելով Նորվանը նշեց, որ պատմութեան հերոսը ուսուցիչ է:  Հեղինակը Սարոյեանի ակնոցից է նկարագրել իրանահայ ճամբարականների կեանքը: «Թրասքիխէնում Սարոյեանն ամենաշուտն է գլխի ընկնում, որ դա իր տեղը չէ: Ոչ այն պատճառով, որ ինքն իրեն աւելի բարձր է դասում, կամ միւսները բարձրորակ մարդիկ չեն: Այլ պարզապէս զգացել է դա: Զգացել, որ սա իր տեղը չէ»,- նշեց Նորվանը յաւելելով, որ յաճախ լսել է այն մասին, թէ գրողն այս գրքով  իր կեանքն ու կենսագրութիւնն է ներկայացրել: «Ոչ, այդպէս չէ: Ուղղակի սա վէպ է, որտեղ կայ այն, ինչը կայ: Իսկ, եթէ մեր ընկալումների տեսակին մօտ զգացումներով է պայմանաւորւած գրական ստեղծագործութեան էութիւնը, ապա դա ես չէ, որ պիտի ասեմ լաւ է, թէ լաւը չէ: Իսկ իմ մասին այսքանը, որ, եթէ հարց են տալիս, որ Ամերիկան լաւ տեղ է թէ վատ, պատասխանում եմ՝ լաւ: Կարող է նաեւ արտակարգ լինել, բայց ինձ համար չէ այն: Ես այլ մարդ եմ, ուղղակի ինձ համար  չէր այն»,- նշեց Նորվանը:

Գրքում տեղ գտած իրանական ժամանակակից պատմութեան դրւագների մասին խօսելով հեղինակը նշեց, որ դրանցից մի քանիսը իրական են, սակայն հերոսների հարցում գրողը հաճախ պահպանելով  ստեղծագործական շնչերանգը, պատմութիւնը համեմում է համապատասխան երանգներով: Նա այստեղ մէջբերեց «Սինէմա Ռէքս»-ի դէպքի մասին, որտեղ գրքում այդ ողբերգութեան հետ միասին ներկայացւած են վէպի հերոսների պատմութիւնները:

«Գաղթականի կերպարն է պատկերագրւած «Թրասքիխէն»-ով»,- նշեց Նորվանը եւ յաւելեց, որ գրքի առաջին էջից է պարզ դառնում, որ Ռուբէնն ով է, կամ իր կինը՝ Կարինէին ինչ վախճան է սպասւում:

Նորվանը նշեց, որ բոլոր դրւագները մանր պատումների մասին են, որոնք գրքի պատմութեան հիւսւածքն են:

«Ինքնակենսագրական չէ, բայց չի էլ կարող երեւակայածին լինել»,- կրկնեց նա եւ ընթացքում նշելով, որ 13 կանգառից է կազմւած վիպակը եւ ընթերցելով գրքի տարբեր գլուխներից հատւածներ, ներկայացրեց հէնց այն դրւագներից մի քանիսը, որոնցով ընդգծւած երեւակւում է իրանահայի դիմապատկերը:

Այստեղ յատուկ ուշադրութեան էր արժանի 7-րդ կանգառում (գրքում իւրաքանչիւր գլուխ այդպէս է անւանւել) պրն. Թադէոսի (Թադեւոսի) եւ տկն. Թամարի պատմութիւնը: Տարեց ամուսինները փորձում են գնալ Ամերիկա թոռների մեծանալը վայելելու: Վէպում ալցհայմերով տառապող ծերուկը մահանում է ճամբարի իրենց սենեակում: Սարոյեանի հետ Թադէոսի զրոյցից մէջբերումներ անելով Նորվանը, նշեց, որ ժամանակին իր հօր ընկերներից մէկին հանդիպել էր Թեհրանում, իսկ զրոյցի ընթացքում նա Նորվանին հարցրել էր իր աշխատանքի մասին: Նորվանն էլ՝ ուսուցիչ եմ,- պատասխանել էր: Նա էլ ոչ տարել, ոչ բերել ասել էր՝ «վնաս չունի»… նոյնի մասին ակնարկ կայ գրքում, որով Նորվանը նշեց, որ նման դրւագների մասին յիշելով կարելի է այն ներառել պատմութեան հիւսւածքներում:

«Բարեգործութիւն է իհարկէ մեր արածը, կարծես»,-նշեց Նորվանը վերադառնալով նախորդ տողին: «Այստեղ: դահլիճում ներկաներից շատերն են ուսուցիչ: Ինքնաբերաբար մէկս միւսին հաստատում է, որ մեր արածը բարեգործութեան է նմանում, քան հէնց աշխատանքի»:

«Արտագաղթելն ու հեռանալը հասկանալի է, ուղղակի անհասկանալին եղած-չեղածն իր հետ տանելու մէջ է: Որ ինքդ ես գնում ու թողնում ես անցեալին քեզ կապող իրերը, նշանակում է դեռ ամէն բան չի անէացել: Իսկ որ եղածն ու չեղածդ, օժիտի պէս բարձում՝ տանում ես, ոնց որ ինքդ էլ ես կորչում այստեղի պատմութեան երեսից մաքրւում: Արտագաղթը մեր դէպքում այդպիսին էր»,- նշեց Նորվանը:

Գեղարւեստական տեքստի մասին նշումներ անելով Նորվանը յաւելեց, որ մէկ-մէկ էլ  կարելի է խօսքերում չասւած բանը թողնել ընթերցողին, նրան եւս ներառելով ստեղծագործութեան մէջ: ««Պատից կախւած թոռները»… այդպէս էլ պատմութեան մէջ գրւած է տկն. Թամարի սենեակը նկարագրելիս, եւ նման այլ պատումների մասին է խօսքն իհարկէ»,- օրինակի փոխարէն նշեց նա:

Դա Վինչիի «Վերջին ընթրիքը» ստեղծագործութեան մասին պատմող պատմութիւնը եւս այն հատւածներից էր, որն ընթերցեց գրողը:

Վէպում նշւած է, որ Ս. Թարգմանչաց եկեղեցու պատից կախւած «Վերջին ընթրիք»-ն է՝ Գառնիկ Ասրեանսի նկարած: «Գառնիկը յօրինւած կերպար է, չնայած նոյն քաղաքամասում Ասրեանս անունով նկարիչ կայ:  Բանը նրանում է, որ Յուդայի կերպարի փոխարէն նա նկարել էր մէկ այլ մարդու, ում հետ անձնական հաշիւներ է ունեցել ինքը նկարիչը: Իսկ այդ անձը գլխի ընկնելով այդ նմանութեան մասին, արդէն աւելի շատ է այցելում եկեղեցի՝ վայելելու Առաքեալների շարքում իրեն բաժին ընկած պատիւը: Նորվանը նշեց, որ իրականում եղել է նման պատմութիւն: Սակայն ոչ «Վերջին ընթրիք»-ի հետ կապւած: Իրական պատմութիւնը մէկ այլ կտաւի շրջանակում է տեղի ունենում, որտեղ հէնց գրող-ուսուցչի գործընկերն է պատկերւած նկարում:

Մէկ այլ ընթերցւած հատւածում նա ներկայացրեց Թրասքիխէնի բակում երկու տատիկի զրոյցից մի դրւագ, որտեղ նրանցից եւ ոչ մէկին միւսի լեզուն հասկանալի չէր, բայց նրանք լուռ լսում էին միմեանց եւ հաստատում: Նրանցից մէկը տկն. Թամարն էր:

«Յիշում եմ Հեշմաթիէում հաստատւած եւ գիւղից նոր եկած փերեցիներն ու ղարադաղցիները նոյնպէս տան շեմերին տեղադրւած քարերին բազմած զրուցում էին առանց իրար հասկանալու: Պարզ է, որ նրանց լսող էր պէտք: Իսկ մենք ժամանակակիցներս լաւ լսողներ չենք…»,- նշեց նա:

Իր ելոյթի աւարտից առաջ նա ընթերցեց 11-րդ կանգառից հատւածներ, որտեղ նկարագրւած է Կարինէի մահը:  Կարինէն անկողնուն գամւած ամուսնուն ձեռքից չտալու մասին է մտածում: ««Յանկարծ չթռչի ձեռքիցս»: Այնինչ թռչողն ինքն է…»,- նշւած է տողերում:

Ուշագրաւ էր Նորվանի ձեւակերպումները բախտի յոյսին  արտագաղթի ճամբէն բռնածների կեանքի մասին: Մարդն արթնանում է հրաշքի յոյսով, սակայն  զարմանում՝ երբ ամէն բան նոյնն է…: Իսկ երբ այդ սպասումներն էլ միւս զգացումների պէս սովորական առօրեայի են վերածւում, մենք սկսում ենք մեր ապրած պահերին երանի տալ»:

Նորվանը յիշեցրեց նաեւ այն փաստի մասին, որ ցաւը նկարագրելու համար պէտք է նախ նրանից հեռու կանգնես, որպէսզի հնարաւոր լինի այն տեսնելով ցոյց տալ: Ազգովի ենք ցաւի մէջ խրւած ու հեռացած չենք դրանից, քանի այն տեսնելու առիթը չենք ունեցել: Պատկերացում անգամ չունենք մեր ներկայ ցաւերի խորութեան մասին: Դեռ երէկ էր, որ տեսանք ինչ է կատարւում ու կատարւեց Արցախի հետ:  Կամ ի՛նչ վիճակ է տիրում այսօր Հայաստանում: Մէկս միւսի մասին պատկերացում կազմելու առիթից ենք զրկւած կարծես… սրանք հարցեր են, որոնց պատասխանը ոչ մէկը չգիտի: Սպասենք ապագան հասնի: Այնքան շատ ու խորն են լինելու վէրքերի ու ցաւերի մասին պատումները, որ վախենամ ուշ լինի այդ մասին խօսելը… բայց գոնէ մէկս միւսին հասկացած կը լինենք…

Վերադառնալով «Թրասքիխէն»-ին հեղինակը նշեց, որ սա այն դէպքն է, երբ թէկուզ ժամանակաւոր, բայց ստիպւած քեզ գտնում ես այն մարդկանց մօտ ում՝ դու չես, որ ընտրել ես: «Նման կոնտրաստների հարցը քեզ օգնում է հասկանալ՝ հարազատ միջավայրում լինելու կարեւորութիւնն ու հանգստութիւնը»,- նշեց նա:

«Մի անգամ երբ Գլենդէլում էի նկատեցի, որ մի 80-ն անց պապիկ, ով հեռւից պարզ երեւում էր, որ հայ է, փորձում էր խաչմերուկն անցնել: Ոչ գիտէր լոյսը կարմիր է թէ կանաչ, ոչ էլ կարեւոր էր իր համար: Մտածում ես նա հիմա պիտի լինէր Սասունի 85-րդ հրապարակում, կամ Զէյթունում իրեն հարազատ ընկերների շրջապատում…»,- նշեց Նորվանը բացած այդ քանի թեմաներն իրար հիւսելով:

Նորվանի ելոյթին յաջորդեց ներկաների հարցերը: Ուշագրաւ փաստի առաջ ես կանգնում երբ, նկատում ես, որ ելոյթների թիկունքում թաքնւած է գիրքը չընթերցելու հետ ի յայտ եկող ինքնավստահութիւնը: Առաւել հետաքրքրին այն է, որ այս մասին խոստովանում էին նաեւ հէնց իրենք՝ կարծիք յայտնողներից մի քանիսը: Չգիտես այն դնել Նորվանի վարպետութեան ու յաջողութեամբ ներկայացրած պատկերի հաշւին, թէ ինչի: Այնուամենանիւ ամէն բան նման էր «Թրասքիխէն»-ի պատումներին, յատկապէս, գրողի արած «լսող ականջի սով» ակնարկը: Մտածում ես այն մասին, որ մեզնից իւրաքանչիւրը կարող էր լինել թրասքիխէնի դինամիկ բնակիչ:

Արձանագրենք, որ դահլիճում նկատելի էր նաեւ թեմայի շուրջ ծաւալւող զրոյցին մասնակից դառնալու բուռն ցանկութիւնը: Սակայն հարց տւողից ու կարծիք յայտնողից բացի միւս ներկանները ստիպւած էին հարցի մասին կռահել Նորվանի տւած պատասխաններից, քանի որ ձայնը հասանելի չէր դահլիճին:

Իսկ Նորվանի երբեմն, մի քանի անգամ տւած նոյն պատասխանից կարելի էր հասկանալ նաեւ կրկնւող հարցերի մասին:

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը եւս ելոյթ ունեցողների շարքում էր: Նա ակնարկելով Նորվանի արած «Ուսուցի՞չ ես: Վնաս չունի» պատմութեանը պատմեց, որ, երբ շուրջ 35 տարի առաջ ծնւեց  իր աղջիկը, իր սիրելի հօրեղբայրը անմիջապէս հետաքրքրւել էր երեխայի առողջութիւնից եւ վերջապէս հետաքրքրւել երեխան աղջիկ է թէ՞ տղայ: Իսկ երբ լսում է «աղջիկ» է,  պատասխանում է «վնաս չունի»: Նա նշեց, որ սա ոնց որ ինքնատիպ արտայայտման ձեւ լինի:

Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը եւս արտայայտւողների շարքում էր: Նա ակնարկելով գրողի ընթերցած «չաղօթքին», որով փակւում է նաեւ պատմութիւնը, նշեց, որ գրականութեան ասպարէզում նման նախադէպերը քիչ չեն, որոնք մօտ են Նիցշէի «Այսպէս խօսեց Զրադաշտը» գրքում եղած ակնարկին: «Չնայած Նիցշէի շօշափած խորութեանը դժւար թէ ամէն մարդ հասնելու լինի: Երբեմն սխալ ընկալումների արդիւնք են»,- նշեց քահանայ հայրը եւ յաւելեց, որ շուտով լոյս է տեսնելու իր հեղինակած «Այսպէս խօսեց իսկական Զրադաշտը» հատորը, որտեղ նա փորձել է նման երեւոյթներն առաւել պարզ լեզւով բացատրել:

Աւելի ուշ՝ ընդունելութեան սեղանի շուրջ զրոյցի ժամանակ Նորվանը «ԱԼԻՔ»-ի դիտարկմանը, թէ «Ձեր առաջին նովէլի՝ «Ձիւներն այստեղ չեն հալւում» գրքի գիւղական պատկերներից անցում էք կատարել «Թրասքիխէն»-ի քաղաքային կեանք: Իսկ հայերէն լաւ ասացւածք կայ՝ «Աստւած ստեղծեց գիւղը, մարդը՝ քաղաքը:  Եթէ լինելու է նաեւ «երրորդ»-ը, ապա ստեղծագործելու համար գրողը կը նախընտրի գի՞ւղը թէ՞ քաղաքաը»,- Նորվանը կատակով պատասխանեց. «Երազանքների աշխարհը»:

Յիշեցնենք, որ «Թրասքիխէն»-ը մինչեւ «Նայիրի» միութեան յարկի ներքոյ ներկայացնելը, գրքի շնորհանդէս-քննարկումն տեղի էր ունեցել Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան կենտրոնատեղիում:

Related Articles

Back to top button