«Իրանահայ դերասանուհին սահմանումներն ու արգելքները փոխակերպում է յաջողութեան գրաւականի»
«ՄԵՀՐ»-ի անդրադարձը «Կատիւշա»-ի դերը մարմնաւորած Քարոլին Խուդադեանի խաղարկութեանը
«ԱԼԻՔ» – Թատրոնի դերասանուհի Քարոլին Խուդադեանի մասնակցութեամբ վերջերս «Շահրզադ» թատերասրահի «թիւ 1» բեմում էր «Կատիւշա» ներկայացումը:
Բեմադրութիւնը Ֆարշադ Արջի եւ Արաշ Դաւուդիի համատեղ աշխատութիւնն էր, իսկ թարգմանութիւնը՝ Փարիսա Ջաւանֆարի: Թատերգութիւնը «Աֆարինէշ» գրողների խմբի համաատեղ աշխատանքն էր՝ « Զբօսանք՝ Ռազմի դաշտում» ֆիլմի սցենարի ազատ ընկալման փորձով:
Նոյն կապակցութեամբ «Մեհր» լրատւական գործակալութիւնն անդրադաձել է ներկայացման իրանահայ դերասանուհու խաղին, ով յաջողութեամբ կարողացել է ընդունւած օրինաչափութիւնների շրջանակներում ներկայացնել սամա-կին-հիջաբ ենթադրեալ սահամանափակումները ներկայացնելով երաժշտա-շարժումային խաղ:
Յօդւածագիրը նշել է, որ իրանահայ դերասանուհուն յաջողւել է արւեստի լեզւով ընդհանուր լեզու գտնել եղած չեղած սահմանափակումների հետ (ձեւակերպումը «ՄԵՀՐ»-ինն է), ինչի մասին դերասանուհին պատասխանելով յօդւածգրի հարցերին նշել է, որ նման պատնէշները յաղթահարելով կարելի է դրանք փոխել առիթների, ինչը հէնց արւեստի թելադրանքն է:
Քարոլին Խուդադեանը «ՄԵՀՐ»-ին տւած հարցազրոյցում նշել է, որ արւեստը, երաժշտութիւնն ու ռիթմը հայկական ինքնութեան ու կենսակերպի կարեւորագոյն սիւներից են։
«Նա նաեւ ստեղծել է ոճ, որը կոչւում է samaenco, ինչը «սամա» եւ «ֆլամինգօ» պարային շարժումների համադրութիւնն ու խառնուրդն է»,- նշւած է յօդւածում:
Իր գեղարւեստական գործունէութեան մասին Քարոլին Խուդադեանը նշել է. «Առաջին անգամ 2017-ին Հանանայի կերպարում եմ խաղացել՝ «Հոմայի թռիչք» օպերայում: Ներկայացումը կայացել է «Վահդաթ» համերգասրահում, ինչպէս նաեւ «Սաադ Աբադ» պատմամշակութային համալիրում։ Դրանից յետոյ «Սիւաշ եւ Սուդաբէ»-ում մարմնաւորել եմ՝ կրակը, ապա «Հին աստւածներ» եւ «Շիզոֆրենիա» ներկայացումներում՝ սատանայի դերը»։
Այս դերասանուհին, ով «Կատիւշա»-ում մարմնաւորում է պատերազմի աստւածուհի Կատիւշայի դերը, նշել է նաեւ, որ ներկայացմանը խաղալու առաջարկը ստացել է Արաշ Դաւուդիից եւ Ֆարշադ Արջից: «Ներկայացմանը գնչու երաժշտի հետ ունեցած մենամարտն ինձ համար իշխանութեան պայքար է, որով փորձել եմ այդ դիմակայութիւնը լաւագոյնս մարմնաւորել իմ ոճով։ Վերջին տեսարանում, երբ բոլորը զոհւել են, ասես պատերազմն է յաղթել, արթնանում է պատերազմի աստւածուհին ու վերակենդանացնում բոլորին։ Իմ ներկայացրած օճը կոչւում է Samamanco, Սամայի եւ Ֆլամենկոյի շարժումների համադրութիւն է, իսկ ես այն կիրառում եմ իմ բոլոր ներկայացումներում»,- նշել է Քարոլինը:
Նշելով, որ խմբերի հետ աշխատելը նրա համար հեշտ չէ, նա յաւելել է. «Կերպարի հետ ունեցած խորը զգացողութիւնների, ինչպէս նաեւ առկայ բազմաթիւ համադրութիւնների պատճառով, ես չեմ կարող լինել խմբային ձեւաչափում։ Դրա համար ես նախընտրում եմ միայնակ աշխատել, թէեւ մենակատար լինելն աւելի դժւար է եւ ունի իր բարդ երեսը»:
«Կատիւշա» ներկայացման վերաբերեալ հանդիսատեսի արձագանգների մասին Խուդադեանն ընդգծել է. «Մենամարտի տեսարանի պատճառով շատերը երկրորդ անգամ էին տոմս գնել: Այս վերաբերմունքն ինձ ստիպում է զգալ, որ ես իմ աշխատանքը ճիշտ եմ կատարել: Չնայած բոլոր սահմանափակումներին՝ ես կարողացայ ցուցադրել իմ արւեստը։ Ճիշտ է, երկրից դուրս աւելի ազատ ես նման շարժումների հարցում, սակայն ինձ համար կարեւոր էր յաջողութեան հասնել այստեղ՝ Իրանում, հետեւելով իմ երկրի օրէնքներին։ Ես հաւատում եմ, որ արտիստը դժւարութեան մէջ է բացայայտում իր իսկական արւեստը»։
Նա «Կատիւշա» ներկայացման գլխաւոր կարգախօսը համարել է «Ո՛չ պատերազմին» իմաստը, եւ յաւելել. «Շատ խելացի ընտրութիւն էր։ Պիեսում խաղաղութիւնը, որպէս նպատակ պատմութեան շրջադարձային կէտն է։ Այն ժամանակներում, երբ աշխարհի համար պատերազմելն է առաջնահերթութիւնը, հէնց եղաւ նման առաջարկութիւն՝ աշխատել Երկրորդ աշխարհամարտի եւ դրա իրադարձութիւնների թեմայով, ես անմիջապէս ընդունեցի այն, քանի որ այս թեմաները, յատկապէս գրաւիչ են ինձ համար»:
Անդրադառնալով իր կրթող ու վարժութիւնների սեմինարներին՝ իրանահայ դերասանուհին նշել է, որ աշխատանքային հաւաքներ ու վարպետաց դասեր է անցկացրել ողջ Իրանում եւ նոյնիսկ Հայաստանում։ «Իմ ներկայացումները ինքնաճանաչման ձեւ ու թերապիայի միջոց են: Մարդուս համար շատ գրաւիչ է տեսնել իր ներաշխարհը, անկախ կեանքի հոգսերից, եւ առերեսւել իր տարբեր զգացմունքների հետ։ Իմ կարծիքով, ցաւն ու տառապանքը դրդում են ստեղծագործել, իսկ արւեստը մարդու աչքի առաջ է բերում աշխարհի (չերեւացող) երեսը»։
Վերջում Քարոլին Խուդադեանն իր ապագայ ծրագրերի մասին է խօսել եւ նշել, որ շարունակելու է իմացածով ու փորձառութիւններով կիսւել հասարակութեան հետ՝ իր կազմակերպած աշխատանքային ժողովների միջոցով:
Նա նշել է նաեւ այն մասին, որ վերջերս նկարահանւել է նաեւ ռեժիսոր Նահիդ Հասանզադէի ֆիլմերից մէկում, որն սպասում է էկրանաւորման իրաւունքի:
Լուսանկարները՝ ԱՄԻՐ ՆԱԻՄԵԱՆԻ