Րաֆֆի Յակոբեան. «Ցաւ եմ ապրում՝ լսելով այս կլկլոցները. թուրքական ելեւէջներով երգողներ, թուրքերը հայավարի երգո՞ւմ են»
«ԱԼԻՔ» – Աշուղական արւեստը ժողովրդապրոֆեսիոնալ ստեղծագործական եւ կատարողական արւեստ է, որը յատուկ է աշուղներին։ Աշուղ են համարւում ժողովրդական այն ստեղծագործողները, որոնք երգի խօսքն ու երաժշտութիւնը կատարում են որեւէ երաժշտական գործիքի նւագակցութեամբ (քամանչա, սազ, թառ եւ այլն)։ Աշուղական արւեստի մասին 168.am-ը զրուցել է Սայեաթ-Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլի աշուղ Րաֆֆի Յակոբեանի հետ։
– 1992 թւականից աշխատում էք «Սայեաթ-Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլում։ Ձեր մուտքը երգարւեստ այստեղի՞ց է սկսւել։
– Սովորել եւ աւարտել եմ Երաժշտամանկավարժական ուսումնարանը, որը հիմա կոչւում է Երեւանի Առնօ Բաբաջանեանի անւան պետական երաժշտամանկավարժական կոլէջ։ Փոքրուց սիրել եմ երգելը, միշտ մասնակցել եմ դպրոցական միջոցառումներին։ Աշխատել եմ Հայ համերգում։ Աշուղական, ժողովրդական երգերին ծանօթ եմ մանկուց։ Ժամանակին ձայներիզներ կային, լսում էինք մեր հին երգիչների՝ Շարա Տալեանի, Լուսիկ Քոշեանի, Վաղարշակ Սահակեանի, Արաքսիա Գիւլզադեանի երգերը։ Եւ, քանի որ երգում էի գուսանական անսամբլներում, Թովմաս Պօղոսեանն ինձ նկատել էր ու, երբ հանդիպում էինք, ասում էր, որ ցանկանում է վերականգնել Վաղարշակ Սահակեանի ղեկավարած աշուղական անսամբլը, որը շուրջ 20 տարի չէր գործում։ Բաւականին արհեստավարժ մարդիկ հաւաքւեցին եւ 1992 թ․ ստեղծւեց «Սայեաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը։
– Մեծանուն աշուղ Ջիւանիի դէպքում տաղանդը բացայայտում է ուսուցիչը։ Նա հորթարած էր, դաշտում միշտ երգել է, նւագել, եւ նկատել են ունակութիւնները։ Ձեր դէպքում բացայայտումն ինչպէ՞ս եղաւ։
– Տանը փոքրուց երգում էինք թէ՛ ես, թէ՛ եղբայրներս, ու ես ընտրեցի հէնց այս ոլորտը։ Աշուղական երգարւեստը շատ սիրւած էր յատկապէս սովետական շրջանում։ Իսկ հիմա ժողովուրդն այս երգերի «համը պէտք է առնի»։
– Կա՞ն աշուղական արւեստով հետաքրքրւող երիտասարդներ։
– Աշուղը կոչում է։ Աշուղը կոչւում է սիրահար։ Աշուղները մի քանի գործողութիւն են կատարել՝ մեղեդի են գրել, երգել, նւագել։ Հիմա գործում է Ջիւանու անւան աշուղական դպրոցը, որտեղ սովորում են աշուղական արւեստ։ Կայ մօտ 150 աշակերտ։
– Եղե՞լ է աշուղ, ում ցանկացել էք նմանւել։
– Աւելի շատ ասում են, որ իմ երգերը «ջիւանիական» են։ Երգեր ունեմ նւիրւած Սայեաթ-Նովային, Ջիւանուն։ Սայեաթ-Նովան էլ է նւագել քամանչա, ու երբ նայեցի «Սայեաթ-Նովա» ֆիլմը, գործիքը դուրս եկաւ։
– Աշուղները երգում են, նւագում, ստեղծագործում։ Եթէ, օրինակ, մեկը երգել կամ նւագել չգիտի՝ կրկին աշուղ համարւո՞ւմ է։
– Բոլոր գործողութիւնները կատարողները կոչւում են բանիբուն աշուղներ։ Կան աշուղներ, որ մեղեդի չեն հնարել եւ հիմնականում օգտագործել են դասական աշուղական մեղեդիները։ Կան նաեւ ուղղակի երգերը կատարողներ։
– Ձեր երգերից մէկում հետեւեալ տողը կայ․ «Ով շնորհք չունի, ասպարէզ չելնի»։ Այդպէս ինչպէ՞ս կը լինի։ Կարող է ասպարէզ է դուրս գալիս, փորձ է ձեռք բերում ու շնորհքով է դառնում։
– Եթէ մէկը երաժշտական լողութիւն չունի, ինչպէ՞ս կարող է երգել։ Շատերը երգում են՝ ձայն չունեն, բայց երաժշտական լսողութիւն ունեն։ Մենք առաջ առանց բարձրախօսի ենք երգել։ Աստւած ամէն մէկին շնորհք է տւել, ուղղակի պէտք է ճիշտ մասնագիտութիւն ընտրի։
– Աշուղներն անդրադառնում են նաեւ հասարակութեանը յուզող խնդիրներին։ Կա՞ն թեմաներ, որոնց մասին ուզում էք գրել, սակայն համարձակութիւն ձեռք չէք բերում։
– Չէ, համարձակ եմ։ Անգամ ինձ խորհուրդ են տալիս գրւածքներս չհրատարակել։ Կարդամ դրանցից մէկը, որը կոչւում է «Հայ երգը»։
Փոքր հասակից մեր մէջ
Սերմանւել է անընդմէջ
Երգ, նւագը մեր անգին
Հիասքանչ թանկագին։
․․․Երգել ենք մենք մշտական
Երգը ժողովրդական,
Ոչ կառուցւածքն ենք փոխել
Եւ ոչ էլ աղաւաղել։
Քանդւեց Սովետ երկիրը
Շատ փոխւեց մեր երկիրը
Մտանք օտար հեղեղներ
Ջնջւեցին շատ արժէքներ։
․․․Հայ երգը արժեզրկւեց
Փոխարէնը ներդրւեց
Էժան, ռաբիս, անմշակ
Փողոցային անճաշակ
Երգ նւագը անճոռնի,
Որ մարդու սիրտ կը խառնի։
Կան տգէտներ չափազանց,
Որ մտնում են համացանց
Լսում թուրքի լաց ու կոծ,
Վայնասուն ու մղկտոց,
Բերում, խառնում հայ երգին՝
Երկրպագելով թուրքին։
Էս ի՞նչ օրի ենք հասել․․․
– Կարծես Սովետական միութեան երկրպագո՞ւ էք, հա՞։
– Չէ, այն ժամանակ ուղղակի շատ ասպարէզներում ծաղկունք էր։ Մենք այն ժամանակ ունէինք նախանձախնդիր ղեկավարներ։ Կարէն Դեմիրճեանը շատ հայասէր էր։
– Ունեք նաեւ «Հայութեան յատուկ տեսակ» երգը, որտեղ քննադատում էք քաղքենիներին՝ նրանց, ովքեր նախընտրում են անգլերէն, ռուսերէն խօսել՝ մոռանալով հայերէնը։ Խնդիրը լուծելու տարբերակ գտե՞լ էք։
– Եթէ մարդն իր վրայ չի առնելու, ոչ մէկը չի կարող ստիպել։ Մահուբի Գէորգն ասում է. «Սրտիս մեջը պահեմ խնամ, մամոնային չստրկանամ։ Հազար միլիոն փող ունենամ՝ մահս եկաւ, թողնեմ կերթամ»։ Մենք երգում ենք սա, լսում են ու ոչ մէկն իր վրայ չի վերցնում, ասում են՝ ինչ լաւ է գրւած։ Վերադառնանք քաղքենիներին։ Նախադասութեան կէսը հայերէն են ասում, կէսը՝ ռուսերէն, ինչո՞ւ։ Կամ՝ խօսենք երգի մասին։ Թուրքական ելեւէջներով երգողներին հարց տանք՝ թուրքերը հայավարի երգո՞ւմ են։ Ցաւ եմ ապրում, երբ լսում եմ այդ կլկլոցները։
– Աշուղներն իրենց երգերով խրատում են հասարակութեանը։ Օրինակ, Ջիւանին իր օրինակով խրատում է միւսներին։ Երգերից մէկում ասում է՝ «Ջիւանի, չլինի, որ օձերին լաւութիւն անես»։ Իր խրատներից ո՞րը կը յիշէք։
– Ջիւանին բարոյախօս է։ Նրա երգերը խրատական, խոհափիլիսոփակայան են։ Նա ապրել է առաքինի կեանքով։ Երգերից մէկում ասում է․
«Ես, Ջիւանս ամէնին աղաչել եմ, պաղատել եմ,
Որ լինին սիրով, միաբան, մէջս այսպէս դատել եմ.
Ինչ տեղում ատելութեան հոգու ծնունդ նկատել եմ,
Պատճառին առանց վախի՝ հանդիմանել, նախատել եմ,
Ինչքան իմ ուժս պատել է, այնքանով աշխատել եմ,
Ժողովրդին մի օգուտ տալ՝ եղել է նպատակս»։
– Դուք Ձեզ ի՞նչ խրատ կը տայիք։
– Սխալներից դասեր առնել ու աշխատել չկրկնել։
Զրոյցը՝ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ