Այլ

Սնւելն ազդում է երիտասարդների կեսնաբանական ծերացման արագութեան վրայ

Ֆինն գիտնականները պարզել են, որ սնւելու սովորութիւնները կարող են ազդել կենսաբանական ծերացման արագութեան վրայ արդէն երիտասարդ տարիքում։ Հետազօտութիւնը, որն իրականացւել է Իւվիասկիւլի համալսարանում եւ Գերոնտոլոգիայի հետազօտական կենտրոնում, ցոյց է տւել, որ ֆասթֆուդի, կարմիր եւ մշակւած մսի, ինչպէս նաեւ քաղցր գազաւորւած ըմպելիքների բարձր պարունակութեամբ դիետաներն արագացնում են օրգանիզի ծերացումը, մինչդեռ բանջարեղէններով եւ մրգերով հարուստ սնունդը, հակառակը, դանդաղեցնում է այդ գործընթացը։

Համալսարանի կայքում նշւել է, որ մարդու կենսաբանական տարիքը որոշւում է էպիգենետիկ ժամացոյցով՝ յատուկ հաշւողական մոդելով, որը վերլուծում է ԴՆԹ մեթիլացման փոփոխութիւնները, որոնք կարգաւորում են գէների ակտիւութիւնը: Նոր հետազօտութեանը մասնակցել են 826 անհատական երկւորեակներ եւ 20-25 տարեկան 363 զոյգ երկւորեակներ: Օգտագործելով 55 մթերքների կիրառման յաճախակիութեան հարցման տւեալները՝ գիտնականները համեմատել են մասնակիցների սննդակարգը նրանց կենսաբանական տարիքի հետ։

«Մենք պարզեցինք, որ նոյնիսկ ֆիզիկական ակտիւութեան, ծխելու եւ մարմնի քաշի գործօնները վերահսկելուց յետոյ սննդակարգը դեռեւս փոքր, բայց նշանակալի կապ է պահպանում ծերացման արագութեան հետ»,- նշել է հետազօտութեան առաջատար հեղինակ Սուվի Ռաւին:

Երկւորեակների վերլուծութիւնը նաեւ հնարաւորութիւն է տւել գնահատել գենետիկական ազդեցութիւնն այս գործընթացի վրայ: Պարզւել է, որ ընդհանուր գենետիկական նախադրեալը, բայց ոչ մանկական միջավայրը, առանցքային դեր է խաղում սնուցման եւ ծերացման միջեւ կապի հարցում: Բայց դա չի նշանակում, որ ճիշտ սնունդն օգտակար չէ նրանց համար, ովքեր գենետիկօրէն հակւած են աւելի արագ ծերանալու:

Առողջ սնունդը շարունակում է մնալ օրգանիզմի երիտասարդութիւնը պահպանելու եւ տարիքային հիւանդութիւնների կանխարգելման կարեւոր գործօն»,- ընդգծել է Ռաւին:

News.am

Related Articles

Back to top button