Այլ

Հանգստեան օրերի քունը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը եւ իջեցնում դեմենցիայի հաւանականութիւնը

Սուչժոուի համալասարանի (Չինաստան) գիտնականները հաստատել են, որ հանգստեան օրերին քնի լրացուցիչ ժամերը նպաստում են ծերացման գործընթացի դանդաղմանը եւ տարբեր հիւանդութիւնների, այդ թւում՝ դեմենցիայի առաջացման հաւանականութեան նւազմանը: Գիտական աշխատանքի արդիւնքները հրապարակւել են Journal of Suzhou University (JSU) ամսագրում։

Կամաւորների մասնակցութեամբ իրականացւած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ շաբաթ եւ կիրակի մէկ-երկու ժամ լրացուցիչ քունը կարող է մասամբ փոխհատուցել աշխատանքային շաբաթւայ ընթացքում կուտակւած գիշերային հանգստի պակասը։ Մարդիկ, որոնք հանգստեան օրերն օգտագործում են վերականգնւելու համար, 34 տոկոսով աւելի քիչ են յակւած վաղաժամ ծերանալուն, եւ 70 տոկոսով աւելի քիչ է նրանց մօտ դեմենցիայի առաջացման հաւանականութիւնը՝ նրանց համեմատ, ովքեր մշտապէս քնի անբաւարարութիւն ունեն:

Գիտնականներն աւելացրել են, որ լրացուցիչ քունն օգնում է նւազեցնել բորբոքումն օրգանիզմում, որն առանցքային դեր է խաղում նէյրոդեգեներատիւ եւ սիրտ-անօթային հիւանդութիւնների կանխարգելման գործում։ Բազմաթիւ հետազօտութիւններ հաստատում են նաեւ, որ լիարժէք հանգիստը բարելաւում է իմունային համակարգի աշխատանքը։

Այնուամենայնիւ, գիտնականներն ընդգծել են, որ միայն հանգստեան օրերին բաւարար քունը միշտ չէ, որ արդիւնաւէտ է։ Քնի ռեժիմի յանկարծակի փոփոխութիւնները կարող են յանգեցնել քնի իներցիայի, ինչը բացասաբար է անդրադառնում կենտրոնացման եւ ուշադրութեան վրայ: Փորձագէտները խորհուրդ են տալիս կայուն քնի ժամանակացոյց ունենալ եւ օրգանիզմի համար ապահովել առնւազն 7-8 ժամւայ հանգիստ ամէն գիշեր։

News.am

Related Articles

Back to top button