Այլ

Քաղցկեղի դէպքերի մօտ կեսը կապւած է աւելորդ քաշի հետ

Ուռուցքային հիւանդութիւնների աւելի քան 30 տեսակների պատճառ կարող է լինել աւելորդ քաշը։ Գիտնականները յայտնաբերել են կապ, ճարպակալման եւ քաղցկեղի միջեւ հիւանդութեան 40 տոկոսի դէպքում։ Մասշտաբային հետազօտութեան արդիւնքների մասին, որի շրջանակում ուսումնասիրել են 4,1 մլն. մարդու առողջական վիճակը, տեղեկացրել է The Telegraph-ը։Սպասւում է, որ 40-ամեայ հետազօտութեան վերաբերեալ հաշւետւութիւնը հեղինակները կը ներկայացնեն Ճարպակալման եւրոպական կոնգրեսում, որը տեղի է ունենում Վենետիկում մայիսի 12-15-ին, գրել է «Ռուբրիկան»։ Դիտարկումների ընթացքում գիտնականները յայտնաբերել են ուռուցքային հիւանդութիւնների առաջացման 333 հազար դէպք, որոնց 40 տոկոսը կապւած է եղել աւելորդ քաշի հետ։ «Հետազօտութեան արդիւնքները կարեւոր են հանրային առողջութեան համար։ Պարզւել է, որ ճարպակալման հետ է կապւած քաղցկեղի դէպքերի 25 տոկոսը, բայց դրանց ընդհանուր թիւը հասնում է 40 տոկոսի, եթէ հաշւի են առնւում ուռուցքաբանութեան հետ կապւած պոտենցիալ հիւանդութիւնները։

Դա նշանակում է, որ քաղցկեղի դէպքերի զգալի մասը կարելի է կանխել՝ մարմնի նորմալ քաշը պահպանելով»,- ասում են գիտնականները։

Նախնական միջազգային ուսումնասիրութիւնը ի յայտ է բերել քաղցկեղի 13 տեսակներ՝ կապւած ճարպակալման հետ։ Խօսքը, մասնաւորապէս, աղիների, կրծքի, արգանդի եւ երիկամների քաղցկեղի մասին է։

Եւ այս աշխատանքում գիտնականները հաւաստիացնում են, որ քաղցկեղի այդ տեսակների քանակը հասնում է 32-ի:

 Նոր հետազօտութիւնը վկայում է, որ մարմնի զանգւածի ինդեքսի աւելացումը հինգ կետով տղամարդկանց մօտ բարձրացնում է նման քաղցկեղի հաւանականութիւնը 24 տոկոսով, կանանց մօտ՝ 12։

Հետազօտութեան հեղինակները կարծում են, որ ճարպակալման ազդեցութիւնը քաղցկեղի վրայ կարող է աւելին լինել, քան կարծում էին մինչ այժմ։

Մեծ Բրիտանիայի առողջապահութեան նախարար Վիկտորիա Աթկինսը նշել է, որ լիարժէք սննդի, մշտական ֆիզիկական վարժութիւնների ընտրութիւնը եւ հրաժարումը ծխելուց կարող են երկարացնել կեանքը եւ մարդկութիւնն աւելի առողջ դարձնել։

News.am

Related Articles

Back to top button