Ինչո՞ւ է այդքան կարեւոր թոքի քաղցկեղի յայտնաբերումը վաղ փուլերում
Աշխարհում եւ Հայաստանում թոքի քաղցկեղը առաջատարն է եւ առաջնային դէպքերի քանակով, եւ մահացութեան ցուցանիշով։
Նոր դէպքերի 75%-ը յայտնաբերւում են ուշ փուլերում, երբ բուժման արդիւնաւէտութիւնը անհամեմատ ցածր է։
Յայտնի փաստ է, որ թոքի քաղցկեղի բուժումը կարող է արդիւնաւէտ լինել այն դէպքում, երբ յայտնաբերւում է վաղ փուլերում։
Ի՞նչ է նշանակում ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ՎԱՂ ՓՈՒԼ
Չարորակ նորագոյացութեան փուլը որոշւում է ուռուցքի չափով, տեղակայմամբ, մետաստազների առկայութեամբ եւ ծաւալով։ Թոքերի վաղ քաղցկեղը ներառում է I, II եւ որոշ դէպքերում III փուլերը: Այս դէպքերում ուռուցքը չի տարածւում կրծքաւանդակի միւս կէսի վրայ, չի ներթափանցում ուրիշ օրգան-համակարգեր (չի մետաստազաւորւում) եւ բուժման հիմնական մեթոդը` վիրահատութիւնն է:
Ինչո՞ւ է այդքան կարեւոր թոքի քաղցկեղի յայտնաբերումը վաղ փուլերում
Որքան շուտ յայտնաբերւի թոքի քաղցկեղը եւ սկսւի բուժումը, այնքան բարձր է լաւ կանխատեսման հաւանականութիւնը։ Թոքի քաղցկեղի վաղ փուլերում ախտորոշւած եւ համապատասխան թերապիա ստացած պացիենտների 5-ամեայ ապրելիութեան ցուցանիշը կարող է հասնել 90%-ի, իսկ ուշ փուլերում՝ թոքերի մետաստատիկ քաղցկեղի դէպքում կարող է լինել 6%-ից պակաս:
Թոքի քաղցկեղի II փուլի ախտորոշումից յետոյ 5 տարւայ ընթացքում ռեցիդիւի (հիւանդութեան կրկնւելու) հաւանականութիւնը կազմում է 62%, իսկ III փուլի՝ 76%:
Ինչո՞ւ է թոքի քաղցկեղը աւելի յաճախ յայտնաբերւում ուշ փուլերում
Թոքի քաղցկեղը երկար ժամանակ կարող է ընդհանրապէս չունենալ որեւէ ախտանշան։
Թոքի քաղցկեղի ախտանշանները սպեցիֆիկ չեն․ հազը, կրծքաւանդակում ցաւը, հեւոցը, ընդհանուր թուլութիւնը կարող են զարգանալ բազմաթիւ հիւանդութիւնների եւ վիճակների ժամանակ։
Ովքե՞ր պէտք է լինեն զգօն եւ չափազանց ուշադիր իրենց առողջութեան նկատմամբ.
- Ծխողները: Թոքի քաղցկեղը 80-85% դէպքերում զարգանում է ծխողների մօտ: Պասիւ ծխելը (այսինքն ներկայ լինելը ծխողի կողքին եւ շնչելը այդ աղտոտւած օդը) նոյնպէս հանդիսանում է ռիսկի գործօն։
- Թոքերի խրոնիկ հիւանդութիւն ունեցողները։
- Մարդիկ, որոնք ապրում են օդի չափազանց աղտոտւածութեամբ տարածքներում։
- Մասնագէտներ, որոնք աշխատանքի ընթացքում շփւում են վտանգաւոր գործօնների հետ։ Ռադոնի, ասբեստի, մկնդեղի, քրոմի, ֆորմալդեհիդի, իոնացնող ճառագայթման, նիկելի, պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների, օրգանական փոշու, վինիլքլորիդի հետ ռեգուլիար կոնտակտը, ածուխի եւ փայտի այրման արտադրանքների ներշնչումը շատ վտանգաւոր է։
Ինչպէ՞ս յայտնաբերել թոքի քաղցկեղը վաղ փուլերում
Տարին մէկ անգամ կատարել ցածր չափաբաժիններով համակարգչային տոմոգրաֆիա։
Այս մեթոդն աւելի արդիւնաւէտ է, քան սովորական կրծքաւանդակի ռենտգենը, եւ բժիշկներին թոյլ է տալիս յայտնաբերել ուռուցքը վաղ փուլում:
Ո՞վ պէտք է հետազօտւի
50-80 տարեկան մոլի ծխողները՝ 20-ից աւելի ծխելու ինդեքսով, ովքեր ներկայումս ծխում են կամ թողել են ծխելը վերջին 15 տարւայ ընթացքում։
Ինչպէ՞ս հաշւարկել ծխելու ինդեքսը.
Ծխելու ինդեքսը հաշւարկւում է հետեւեալ բանաձեւով.
Օրւայ ծխախոտի քանակը բազմապատկած ծխելու տեւողութեանը, բաժանած 20-ի։
Օրինակ՝ մարդը ծխում է 30 տարի օրեկան 25 ծխախոտ, ուրեմն
30×25/20=750/20= 37,5 ծխելու ինդեքսն է, որը 20-ից բարձր է, հետեւաբար այս մարդը իւրաքանչիւր տարի պէտք է անցնի ցածր դոզաւորման համակարգչային տոմոգրաֆիա։
Շատ կարեւոր է իմանալ, որ
- հազի, հեւոցի, ընդհանուր թուլութեան դէպքում պէտք է դիմել բժշկի,
- թոքի քաղցկեղը կարող է զարգանալ ոչ միայն տարեց ծխող մարդկանց մօտ, այլեւ երիտասարդ, չծխող անձանց մօտ։
Ի՞նչ անել, եթէ համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ յայտնաբերւել են փոփոխութիւններ
Եթէ յայտնաբերւում են կասկածելի օջախներ, անհրաժեշտ է դիմել ուռուցքաբանի։
Եթէ հաստատւի թոքերի քաղցկեղի բարձր հաւանականութիւնը, ապա կատարւում է բիոպսիա էնդոսկոպիայի ժամանակ կամ բարակ ասեղով՝ ուլտրաձայնային հսկողութեան ներքոյ։ Ուռուցքային հիւսւածքը վերցւում է մանրադիտակի տակ հետազօտութեան համար: Ախտորոշումը հաստատելուց յետոյ կատարւում է միասնական խորհրդատւութիւն ճառագայթաբանի, պաթոլոգի, ուռուցքաբանի, կրծքային վիրաբոյժի մասնակցութեամբ եւ որոշւում է պացիենտի հետագայ վարման տակտիկան։
Ինչպէ՞ս են բուժւում վաղ թոքի քաղցկեղով հիւանդները
Վաղ փուլերում թոքի քաղցկեղ ունեցող հիւանդների բուժման հիմնական մեթոդը վիրահատութիւնն է: Ցուցումների դէպքում բժիշկը կարող է դեղորայքային թերապիա նշանակել վիրահատութիւնից առաջ կամ յետոյ: Նման բուժումը կարող է նւազեցնել հիւանդութեան կրկնութեան հաւանականութիւնը:
Բժշկութեան հնարաւորութիւններն անընդհատ ընդլայնւում են։ Մեր օրերում ռեցիդիւը կանխելու համար օգտագործւում են ոչ միայն քիմիաթերապիայի դեղամիջոցներ, այլեւ բուժման ամենաարդիական մեթոդները՝ թիրախային բուժումը եւ իմունոթերապիան։
Բուժումից յետոյ հիւանդը գտնւում է ուռուցքաբանի հսկողութեան տակ եւ պէտք է պարբերաբար հետազօտւի։
Որքան շուտ յայտնաբերւի հիւանդութիւնը, այնքան աւելի արդիւնաւէտ կը լինի բուժումը:
Եթէ դուք գտնւում էք ռիսկային խմբում կամ ունէք վերը նշւած գանգատները, այցելէք ձեր բժշկին եւ կատարէք կանխարգելիչ հետազօտութիւններ։