BMC Medicine. Մանուկ հասակում ունեցած իւրաքանչիւր ստրես 13 տոկոսով աւելացնում է քրոնիկական հիւանդութիւնների հաւանականութիւնը
Դանդիի համալսարանի հետազօտութիւնը ցոյց է տւել, որ մանուկ հասակում ունեցած ցանկացած ստրես հետագայում 13 տոկոսով աւելացնում է քրոնիկական հիւանդութիւնների հաւանականութիւնը։
Ոչ նպաստաւոր մանկական փորձը (ՈՆՄՓ) լրացուցիչ մանկական ստրեսն է, որը տեղի է ունեցել մինչեւ 18 տարեկանը։ Դրանք կարող են ներառել բացասական ապրումների լայն ընդգրկում, այդ թւում դաժան վերաբերմունք, ընտանիքի դիսֆունկցիա եւ ստրեսի այլ ձեւեր, ինչպիսին են ծաղրը, քաղցը կամ պատերազմը։
Մինչ այժմ պարզւել է, որ ՈՆՄՓ-ը կապւած է առողջութեան եւ սոցիալական ոլորտի վրայ տարբեր աննպաստ հետեւանքների բարձր ռիսկի հետ աւագ տարիքում։ Սակայն դրանց ընդհանուր ազդեցութիւնը քրոնիկական հիւանդութիւնների վրայ, որոնք յայտնի են նաեւ որպէս մուլտիմորբիդութիւն, աւագ տարիքում մինչ այժմ անյայտ է մնում։
ՈՆՄՓ ազդեցութիւնը պարզելու համար համալսարանի Բժշկական դպրոցի մասնագէտների խումբը դոկտոր Դհան Սենարաթնէի գլխաւորութեամբ իրականացրել է 25 ուսումնասիրութիւնների մետա-անալիզ, որոնց մասնակցել է աւելի քան 370 000 մարդ։ Նրանց աշխատանքը հրապարակւել է BMC Medicine ամսագրում։
Դոկտոր Սենարաթնէն ընդգծել է, որ թէեւ այս հետազօտութիւնն ամրապնդում են այն ապացոյցները, որոնք հաստատում են առողջութեան վրայ մանուկ հասակում ստրեսի ունեցած հետեւանքները մեծ տարիքում, այն չի պարզում, թէ արդեօք ՈՆՄՓ-ը մուլտիմորբիդութեան ուղիղ պատճառն է։
Նրա խօսքով՝ ՈՆՄՓ-ի պարզման եւ կանխման մեթոդների վերաբերեալ աշխատանքը կարող է օգտակար լինել երկարաժամկէտ հիւանդութիւնների զարգացման վտանգը նւազեցնելու համար։