Ի՞նչ է բոտուլիզմը եւ ինչո՞վ է այն վտանգաւոր
«Ռոսպոտրեբնադզորի» համաձայն՝ բոտուլիզմը սննդային թունաւորման ծանր ձեւ է, որն առաջանում է այն ժամանակ, երբ սննդամթերքների մէջ յայտնւում է բոտուլոտոքսինը (այն առաջ է բերում Clostridium botulinum մանրէն թթւածնի ցածր պարունակութեան պայմաններում)։
Եւ չնայած բոտուլոտոքսինն օգտագործում են բժշկական եւ կոսմետիկական նպատակներով (դրա հիման վրայ ստեղծում են բոտոքսը), այն ամենահզոր օրգանական թոյներից մէկն է, որը յայտնի է մարդկութեանը։
Օրգանիզմում յայտնւելով՝ այն արգելակում է նեարդային ազդանշանները, որոնք ստիպում են մկաններին սպազմի ենթարկւել։ Ճիշտ կիրառման դէպքում դրա շնորհիւ կարելի է բուժել սպազմները, հարթել մաշկը եւ անգամ կանխել միգրենը, գրել է «ՏԱՍՍ»-ը։ Բայց եթէ նէյրոտոքսինը յայտնւում է բաց վէրքում կամ ստամոքսում, մարդու մօտ առաջանում է նեարդային համակարգի ծանր ախտահարում, ուղեղի ազդանշանները դադարում են հասնել մկաններին, ինչը յանգեցնում է կաթւածի։ Աւելի յաճախ տուժում են հիւսւածքները, որոնք պատասխանատու են կլլման, խօսելու եւ շնչելու համար։
Այս վիճակը կոչւում է բոտուլիզմ։ Վաղ ազդանշաններն են հոգնածութիւնը, թուլութիւնը եւ գլխապտոյտը՝ տեսողութեան հետագայ մթագնմամբ, չորութիւնը բերանում եւ կլլման եւ խօսելու հետ կապւած դժւարութիւնները։ Սովորաբար առաջին ախտանշաններն առաջ են գալիս արդէն թունաւորումից 12-36 ժամ յետոյ, եւ, թէեւ մարդիկ հազւադէպ են հիւանդանում բոտուլիզմով, մահացութեան մակարդակը բարձր է (5-10 տոկոս դէպքերն աւարտւում են մահացու ելքով)։ Երբ բոտուլիզմը առաջին անգամ գրանցւեց 1793 թ. Գերմանիայում, 13 վարակւածներից ողջ մնաց միայն 7-ը։ Վաղ բուժօգնութիւնը (հակատոքսինի ներարկում եւ միացում արհեստական շնչառութեան սարքին անհրաժեշտութեան դէպքում) կրիտիկականօրէն կարեւոր է պացիենտի կեանքը փրկելու համար, ուստի տոքսիկոզի առաջին նշանների դէպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։
Կարեւոր է զգոյշ լինել։ Քանի որ մանրէներն առաջ են բերում նէյրոտոքսին անօդ միջավայրում, «Ռոսպոտրեբնադզորը» խորհուրդ է տալիս ուշադրութիւն դարձնել հերմետիկ պահածոյացւած տնային պահածոներին (սունկ, բանջարեղէն, մրգեր, միս եւ թռչնամիս, պաշտետներ), ինչպէս նաեւ գործարանային արտադրութեան պահածոներին, եթէ բանկան ուռել է, աղի կամ ապխտած ձկներին, խոզի մսին։ Ինչպէս բացատրել է Ռոսբիոտեխի ամբիոնի վարիչ Դմիտրի Կուլիկովը, ուտելիքի մէջ բոտուլոտոքսինի առկայութեան նշան կարող է լինել բանկայի պարունակութեան պղտորումը կամ պղպջակները (թէեւ նշաններից ոչ մէկը 100 տոկոսանոց երաշխիք չի տալիս թոյնի առկայութեան կամ բացակայութեան մասին)։ Երաշխաւորւած ձեւով մանրէն սպանելուն կօգնի մթերքները եռացնելը. այն ոչնչանում է +100 °С-ի պայմաններում 5-15 րոպէ, +80 °С-ի դէպքում կէս ժամ եռացնելիս։
News.am