Այլ

Ինչպէ՞ս կարող են ռոբոտներն օգնել վիրաբոյժներին վիրահատութիւնների ժամանակ

Ռոբոտները շուտով կարող են աւելի զգալի դեր խաղալ վիրաբուժութիւնում արհեստական բանականութեան ոլորտի վերջին ձեռքբերումների շնորհիւ, գրել են փորձագէտները Science Robotics յօդւածում։

Գեներատիւ ԱԲ եւ այլ ոլորտների ձեռքբերումները կարող են թոյլ տալ ռոբոտներին օգնել վիրաբոյժներին որոշ խնդիրներ կատարելիս, որոնք պահանջում են ձեռքերի հմտութիւն, օրինակ՝ կարեր դնելիս։ «Յաւելեալ հմտութիւն» մօտեցման շրջանակում մարդ վիրաբոյժը ուշադիր կը հետեւի ռոբոտի աշխատանքին եւ անհրաժեշտութեան դէպքում իր վրայ կը վերցնի կառավարումը։

«Վիրաբոյժի հմտութիւնը յաճախ լաւ վիրաբոյժներին առանձնացնում է մեծ վիրաբոյժներից»,- գրել են փորձագէտները «Յաւելեալ հմտութիւն. ինչպէս կարող են ռոբոտները բարելաւել  մարդու վիրաբուժական հմտութիւնները» յօդւածում։

Նրանք առաջարկում են արհեստական բանականութեան ոլորտի վերջին ձեռքբերումներից մէկն օգտագործել բժշկութեան զարգացման եւ առողջութեան ու հանրութեան բարեկեցութեան բարելաւման համար։

Վիրաբոյժներն արդէն մշտապէս օգտագործում են ռոբոտներին որոշ սակաւ ինւազիւ միջամտութիւնների համար։ Բայց մարդն է որոշում մեքենայի գրեթէ իւրաքանչիւր շարժումը։

Augmented Dexterity համակարգում կը մշակւեն եւ կը տեղակայւեն նախատեսւող մանեւրների թւային պատկերները վիրաբուժական դաշտի կենդանի պատկերների վրայ։ Մարդ վիրաբոյժը նայում է, խմբագրում եւ հաստատում պլանը, իսկ յետոյ հետեւում է, թէ ինչպէս է ռոբոտն այն կատարում։ Դա կարող է կիրառւել այնպիսի խնդիրների դէպքում, ինչպիսին են կարեր դնելը եւ թերութիւնների վերացումը, ոլորտներ, որտեղ վիրաբոյժի հմտութիւնները տարբեր են, եւ որտեղ ոչ մեծ սխալները կարող են վնասել պացիենտներին։

Այդ մօտեցումը կընդլայնի նաեւ հեռավիրաբուժութեան հնարաւորութիւնները, երբ վիրաբոյժները վիրահատութիւնների ժամանակ օգնութիւն են ցուցաբերում հեռավար։ Օրինակ, վիրաբոյժները կը կարողանան միացնել ռոբոտի կառավարումը եւ «ստեղծել որակեալ վիրաբոյժների հեռավար հասանելիութիւն», գրել են հեղինակները։

Վիրահատարաններում յաւելեալ հմտութիւնն առայժմ չի կիրառւում։ Բայց Intuitive Surgical-ը՝ վիրաբուժական ռոբոտների ամենախոշոր արտադրողը, «քայլեր է անում նման հնարաւորութիւնների մշակման ուղղութեամբ» ռոբոտների համար, նրա da Vinci համակարգի նման։

Related Articles

Back to top button