Այլ

Ինչո՞ւ է ներքին ձայնը դառնում օտար. գիտնականները բացայայտում են շիզոֆրենիայի գաղտնիքը

Նոր Հարաւային Ուելսի համալսարանի գիտնականները նոր հետազօտութիւն են հրապարակել, որն ամենահամոզիչ ապացոյցներն է տրամադրում այն մասին, որ շիզոֆրենիայի ժամանակ լսողական հալիւցինացիաները, կամ «ձայներ լսելը», կարող են պայմանաւորւած լինել ուղեղի՝ սեփական ներքին ձայնը ճանաչելու կարողութեան խանգարմամբ։

«Schizophrenia Bulletin» ամսագրում հրապարակւած յօդւածում հետազօտողները պնդում են, որ այս բացայայտումը կարող է կարեւոր քայլ դառնալ դէպի կենսաբանական մարկերների բացայայտումը, որոնք ցոյց են տալիս շիզոֆրենիայի առկայութիւնը։ Սա շատ կարեւոր է, քանի որ ներկայումս գոյութիւն չունեն արեան թեստեր, ուղեղի սքանաւորումներ կամ լաբորատոր կենսամարկերներ, որոնք կարող են եզակիօրէն բնութագրել շիզոֆրենիան։

Նոր Հարաւային Ուելսի համալսարանի հոգեբանութեան դպրոցի պրոֆեսոր Թոմաս Ուիթֆորդը նշում է, որ ներքին ձայնը ձեր գլխում առկայ ձայնն է, որն անձայն մեկնաբանում է ձեր մտքերը, գործողութիւնները, պլանները կամ դիտողութիւնները։

Մարդկանց մեծամասնութիւնը պարբերաբար զգում է ներքին խօսք, յաճախ առանց գիտակցելու, թէեւ կան նաեւ մարդիկ, ովքեր ընդհանրապէս չեն զգում այն։ Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ երբ մենք խօսում ենք, նոյնիսկ մտքում, ուղեղի այն հատւածը, որը մշակում է դրսից եկող ձայները, դառնում է պակաս ակտիւ, քանի որ ուղեղը կանխատեսում է սեփական ձայնը։ Այնուամենայնիւ, այն մարդկանց մօտ, ովքեր ձայներ են լսում, այս կանխատեսումը խանգարւում է եւ ուղեղը արձագանքում է այնպէս, կարծես ձայնը գալիս է մէկ այլ անձից։

Սա հաստատում է այն վարկածը, որը գոյութիւն ունի արդէն 50 տարի, թէ շիզոֆրենիայի ժամանակ լսողական հալիւցինացիաները կարող են պայմանաւորւած լինել սեփական ներքին ձայնը որպէս արտաքին սխալ վերագրելով։

News.am

Related Articles

Back to top button