Հանրածանօթ ցաւազրկողների մէջ վտանգաւոր կողմնակի ազդեցութիւններ են յայտնաբերւել
Վերջերս աւստրալիական հետազօտութիւնը մատնանշում է անհանգստացնող կապը գաբապենտինոիդների՝ նեարդային ցաւի եւ էպիլեպսիայի համար նախատեսւած դեղամիջոցների օգտագործման եւ տարեցների շրջանում ազդրի կոտրւածքների ռիսկի բարձրացման միջեւ: Գիտնականների կարծիքով, շատ մարդիկ կարող են նոյնիսկ չհասկանալ, որ իրենց մկանային-կմախքային համակարգին լուրջ վնաս է սպառնում, գրում է McKnight’s Long Term Care-ը:
Լայնածաւալ վերլուծութիւնը, որը հրապարակւել է JAMA Network Open բժշկագիտական հանդէսում, ներառել է 2013-2018 թւականներին աւելի քան 28 հազար խնամեալի տւեալներ Աւստրալիայի Վիկտորիայում եւ պարզել է, որ այս դեղերն ընդունող տարեց մարդիկ 30%-ով աւելի շատ են տառապում 60 օրւայ ընթացքում դրանց ընդունումից օրեր անց ազդրի կոտրւածք ստանալուց, գրում է «Ֆոկուս»-ը։
Նշւած բացայայտումները նշանակալի էին նոյնիսկ այն պարագայում, երբ հաշւի առնւեցին կենտրոնական նեարդային համակարգի վրայ ազդող այլ դեղամիջոցներ:
Յատկապէս խոցելի խմբերն են եղել երիկամների խրոնիկական հիւանդութիւնից տառապողները, որոնց ռիսկը 141%-ով բարձր է եղել, եւ տկար մարդիկ, որոնց համար վնասւածք ստանալու վտանգն աճել է 75%-ով։ Ժողովրդագրական տւեալներն ընդգծում են տարեց կանանց խոցելիութեան աճը, քանի որ հետազօտւած պոպուլիացիայի 71%-ը տարեց կանայք էին, իսկ 60%-ը՝ 80 եւ աւելի տարեկան: Հետազօտութեան տւեալները միաժամանակ ցոյց են տւել, որ մինչեւ 2018 թւականը գաբապենտինոիդներ են նշանակւել 80 տարեկանից բարձր 7 աւստրալացուց մէկին, ինչը վկայում է այս դեղամիջոցների լայնածաւալ օգտագործումը տարեցների շրջանում քրոնիկ ցաւի բուժման համար:
Գաբապենտինոիդները, որոնք յաճախ յայտարարւում են որպէս օփիոիդների աւելի անվտանգ այլընտրանք, կարող են կողմնակի բարդութիւններ, մասնաւորապէս՝ գլխապտոյտ, քնկոտութիւն եւ հաւասարակշռութեանն առնչւող խնդիրներ առաջացնել, ինչը տարեցների շրջանում կարող է մեծացնել ընկնելու վտանգը: Հեղինակները նշում են, որ գաբապենտինոիդներից աճող կախւածութիւնը պահանջում է դեղերի զգոյշ նշանակում, յատկապէս նրանց համար, որոնք արդէն իսկ հակւած են ընկնելու՝ տկարութեան կամ գոյութիւն ունեցող բժշկական պայմանների, օրինակ, երիկամների հիւանդութեան պատճառով:
Ազդի կոտրւածքների խնդիրը խիստ տարածւած է. ամէն տարի 80 տարեկանից բարձր 25 մարդուց մէկը տառապում է այդ վնասւածքից, ընդորում 25%-ը մէկ տարւայ ընթացքում մահանում է դրան առնչւող բարդութիւններից: Ստացւած տւեալներն ընդգծում են անհրաժեշտութիւնը, որ առողջապահական ծառայութիւններ մատուցողները յատկապէս ռիսկային խմբերի համար գաբապենտինոիդներ նշանակելիս ուշադիր գնահատեն դրանց վտանգներն ու օգուտը:
Ազդրի կոտրւածքներն առողջական լուրջ խնդիր են ամբողջ աշխարհում: Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը տարեցների շրջանում ընկնելուն առնչւող վնասւածքները նշել են իբրեւ լուրջ մտահոգութիւն՝ առաջարկելով վնասւածքների առկայութեան դէպքում բարելաււել կանխարգելման ռազմավարութիւններն ու վերանայել նշանակւող դեղերը: Այլ երկրներում իրականացւած հետազօտութիւնները եւս արդէն մատնանշել են ընդհանուր հաւասարակշռութեան եւ գիտակցութեան վրայ ազդող դեղերին առնչւող վտանգները:
News.am