Աչքի ցանցաթաղանթի վրայ անօթային նախշը օգնում է գնահատել ինսուլտի ռիսկը
Աչքի եւ ականջի Վիկտորիանական թագաւորական հիւանդանոցի (Royal Victorian Eye and Ear Hospital) գիտնականները պարզել են, որ աչքի ցանցաթաղանթի անոթների վերլուծութիւնը կարող է կանխատեսել ինսուլտի ռիսկը նոյնքան ճշգրիտ, որքան աւանդական մեթոդները, բայց առանց ինւազիւ լաբորատոր հետազօտութիւնների անհրաժեշտութեան: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Heart ամսագրում:
Գիտնականների կարծիքով՝ ցանցաթաղանթն ընդհանուր անատոմիական եւ ֆիզիոլոգիական առանձնայատկութիւններ ունի ուղեղի արիւնատար անօթների հետ, ինչը թոյլ է տալիս օգտագործել դրա կարգավիճակը՝ գնահատելու համակարգային հիւանդութիւնների, այդ թւում՝ շաքարախտի պատճառած վնասը: Այնուամենայնիւ, այս ներուժը նախկինում սահմանափակ է եղել անբաւարար ուսումնասիրութիւների եւ հետազօտութիւնների ոչ միանշանակ արդիւնքների պատճառով:
Կաթւածի կանխատեսման նոր մեթոդը հիմնւած է անօթների առողջութեան 29 հիմնական ցուցանիշների ուսումնասիրութեան վրայ, որոնք կարող են որոշւել աչքի յատակի պատկերների միջոցով: Շնորհիւ մեքենայական ուսուցման եւ ցանցաթաղանթի միկրոշրջանառութեան վերլուծութեան համակարգի (RMHAS), գիտնականներին յաջողւել է ստեղծել ճշգրիտ գործիք՝ ինսուլտի հետ կապւած կենսամարկերները յայտնաբերելու համար:
Գործիքի նախնական փորձարկմանը մասնակցել է 40-ից 69 տարեկան 45161 մարդ։ Մասնակիցները ենթարկւել են ցանցաթաղանթի անօթային կառուցւածքի վերլուծութեան այնպիսի պարամետրերով, ինչպիսիք են տրամաչափը, խտութիւնը, գալարաձեւութիւնը, ճիւղաւորման անկիւնը եւ անօթների բարդութիւնը: Դրան յաջորդել է 12,5 տաւայ հսկողութեան շրջան, որի ընթացքում 749 մասնակից ունեցել է ինսուլտ:
Արդիւնքները ցոյց են տւել, որ անօթների խտութեան փոփոխութիւնները մեծացնում են ինսուլտի ռիսկը 10-19%-ով, տրամաչափի փոփոխութիւնները՝ 10-14%-ով, իսկ անօթների բարդութեան եւ ոլորունութեան նւազումը՝ 10,5-19,5%-ով:
Չնայած ուսումնասիրութիւնն ունի սահմանափակումներ, ներառեալ մասնակիցների շրջանում հիմնականում սպիտակամորթ պոպուլիացիան, հեղինակները կարծում են, որ ցանցաթաղանթի անալիզը կարող է յարմար եւ գործնական միջոց լինել ինսուլտի ռիսկը գնահատելու համար:
«Աչքի յատակի լուսանկարների օգտագործումը որպէս ախտորոշիչ գործիք քայլ է դէպի աւելի մատչելի եւ ոչ ինւազիւ բժշկութիւն»,- նշել են հետազօտողները: