Օդի աղտոտւածութեան ազդեցութիւնը մանուկ հասակից բարձրացնում է գետնանուշից ալերգիայի առաջացման հաւանականութիւնը

Մերդոկի մանկական գիտահետազօտական ինստիտուտի եւ Մելբուռնի համալսարանի գիտնականների կատարած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ օդի աղտոտւածութիւնը մանուկ հասակից կապւում է գետնանուշից ալերգիայի առաջացման հաւանականութեան հետ կեանքի առաջին 10 տարիների ընթացքում։ Նման կապ չի յայտնաբերւել, սակայն, ձւից ալերգիայի կամ էկզեմայի դէպքում։
Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Journal of Allergy and Clinical Immunology-ում։ Հետազօտութիւնը առաջինն է, որում ուսումնասիրւել է կապն աղտոտւած օդի եւ ապացուցւած սննդային ալերգիայի միջեւ կեանքի առաջին 10-ամեակում։
Հետազօտութեանը մասնակցել է 5 276 երեխայ Մելբուռնից (1-4 եւ 6-10 տարեկան)։ Հետազօտողները օգտագործել են փոքր դիսպերսիոն մասնիկների (PM2,5) եւ ազոտի երկօքսիդի (NO2) միջին տարեկան խտութեան գնահատականները իւրաքանչիւր մասնակցի վրայ։
«Սա առաջին հետազօտութիւնն է, որում օգտագործւում է սննդի պերօրալ օգտագործման թեստը՝ սննդային ալերգիայի ախտորոշման ոսկէ ստանդարտը։ Օդի աղտոտիչները գրգռող եւ բորբոքային ազդեցութիւն են գործում, որը կարող է ուժեղացնել իմունային համակարգի պրոալերգիկ ռեակցիան՝ առաջ բերելով սննդային ալերգիա։ Բայց անհրաժեշտ է շարունակել հիմնական մեխանիզմների ուսումնասիրութիւնը, թէ ինչպէս է օդի աղտոտւածութիւնը մեծացնում գետնանուշից ալերգիայի հաւանականութիւնը, եւ ինչու էկզեմայից եւ ձւից ալերգիան ազդում է տարբեր կերպ»,- նշել են գիտնականները։
News.am