ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժէք իրաւունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին
Արցախի 60 ՀԿ-ներ դիմում են յանձնել Արարատ Միրզոյեանին
«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին է փոխանցւել Արցախի ոչ կառավարական կազմակերպութիւնների կողմից ԵԱՀԿ գործող նախագահ Եան Բորգին 2024 թւականի սեպտեմբերի 2-ին ուղղւած դիմումի պատճէնը: Հաղորդում է «Առաւօտ»-ը:
Դիմումում մասնաւորապէս նշւած է. «Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար պարոն Արարատ Միրզոյեանին:
2024 թւականի սեպտեմբերի 2-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան քաղաքացիական հասարակութեան աւելի քան 50 կազմակերպութիւններ Ուղերձ են յղել Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) Գործող նախագահ պարոն Եան Բորգին:
Այդ Ուղերձի պատճէնն ուղարկում ենք Ձեզ՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի արտաքին-քաղաքական գերատեսչութեան ղեկավարի:
Անհրաժեշտ ենք համարում յիշեցնել, որ Հայաստանի Հանրապետութիւնը բաւարար իրաւունքներ եւ պարտաւորութիւններ ունի Արցախի Հանրապետութեան քաղաքացիների հաւաքական ու անհատական հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցում, ինչն ամրագրւած է ինչպէս ազգային, այնպէս էլ միջազգային մակարդակներում ընդունւած փաստաթղթերում:
Ադրբեջանի ղեկավարութիւնը չի դադարեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման միջազգային մանդատ ունեցող միակ կառոյցի լուծարման փորձերը: Իր ապօրինի նկրտումներին իրաւազօրութիւն հաղորդելու նպատակով ադրբեջանական կողմը Հայաստանից լկտիաբար պահանջում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի եւ դրա հետ կապւած կառոյցների լուծարման խնդրանքով:
Կարեւոր ենք համարում նշել, որ Հայաստանի իշխանութիւնները չպէտք է համաձայնւեն պաշտօնական Բաքւի այս եւ համանման պահանջներին, քանի որ դրանց ընդունումը ոչ միայն նւաստացուցիչ է հայ ժողովրդի համար, այլեւ Հայաստանին զրկելու է Արցախի քաղաքացիների կենսականօրէն կարեւոր շահերի ու իրաւունքների եւ ՀՀ պետական շահերի պաշտպանութեան հարցում միջազգայնօրէն ճանաչւած ռազմավարական նշանակութեան մեխանիզմից:
ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժէք իրաւունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին: Աւելին՝ ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի համապատասխան բանաձեւերով Հայաստանն օժտւել է ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման որոշակի գործառոյթներով: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան տարածքի ապօրինի զաւթման փաստը, էթնիկ զտումը եւ բնիկ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողութիւններն ամենեւին էլ չեն նշանակում, որ խաղաղութեան միջազգային համաժողովում Լեռնային Ղարաբաղի իրաւաքաղաքական կարգավիճակի որոշման եւ Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնման ու պաշտպանութեան հարցը փակւած է:
Խիստ դատապարտելի ու կործանարար համարելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերեալ ՀՀ իշխանութիւնների դիրքորոշումը եւ դրանից բխած գործողութիւնները՝ այժմ էլ արձանագրում ենք, որ ԵԱՀԿ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում ստանձնած միջազգային պարտաւորութիւններից Հայաստանի իշխանութիւնների արդէն ֆորմալ հրաժարումը բացարձակապէս հիմնազուրկ ու խիստ վտանգաւոր է: Աւելին՝ այն խթանում է ՀՀ-ի նկատմամբ Բաքւի վարչակարգի անհիմն յաւակնութիւնները:
Վստահ ենք, որ Հայաստանի իշխանութիւնները պէտք է սկզբունքօրէն եւ հետեւողականօրէն հետամուտ լինեն ՀՀ կառավարութեան դատական հայցերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումների կատարմանը:
Հայաստանի Հանրապետութիւնը, որպէս Արցախի բռնատեղահանւած բնակչութեանն ընդունած երկիր, իրաւունք ունի եւ պարտաւոր է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ջանքեր գործադրել Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիք հաւաքական, անվտանգ, արժանապատիւ ու կայուն վերադարձի եւ կեանքի, Արցախի հոգեւոր-մշակութային հարուստ ժառանգութեան պաշտպանութեան, ադրբեջանական գերութեան մէջ ապօրինի պահւող անձանց ազատման, ինչպէս նաեւ մեր քաղաքացիների մասնաւոր ու հանրային սեփականութեան պահպանութեան ու պաշտպանութեան ուղղութեամբ:
Հարկ է ընդգծել նաեւ, որ առանց հայ-ադրբեջանական հակամարտութեան հիմնական հարցերի (այդ թւում՝ Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձի, անվտանգութեան ու իրաւունքների երաշխաւորման, Արցախի միջազգային կարգավիճակի որոշման) հասցէագրման՝ անհնար է պատկերացնել որեւէ տեւական, արդար ու արժանապատիւ խաղաղութիւն Հարաւային Կովկասում: Ուստի, հայ-ադրբեջանական բանակցութիւններում այս եւ մի շարք այլ կարեւորագոյն հիմնախնդիրների դիտաւորեալ անտեսումը չի կարող իրաւաչափ ու արդիւնաւէտ հիմքեր ձեւաւորել կայուն, արդար ու արժանապատիւ խաղաղութեան համար»:
Դիմումը ստորագրել են Արացխի 60 հասարակական կազմակերպութիւններ: