Հրանտ Մելիք-Շահնազարեան․ «Անվտանգութիւն արտադրողից վերածւել ենք անվտանգութիւն սպառողի, իսկ դա խաղաղութիւն ապահովելու ռեսուրս չէ»
«Խաղաղութեան խաչմերուկ»-ի քարտէզում ամէն ինչ ճիշտ է նկարագրւած՝ բացի մէջտեղի գծերից։ Սա ոչ թէ խաչմերուկ է, այլ Հայաստանի վրայ խաչ քաշելու քարտէզ։ Այս իշխանութիւնները սիրում են քարոզչութիւն անել, ինչ-որ բաներ փաթեթաւորել, ասել՝ գաղափար ունենք, եւ դա փորձել «վաճառել» տարբեր հարթակներում։ Ինչ-որ մէկի գլխում հիմա ծնւել է «Խաղաղութեան խաչմերուկ»-ի գաղափարը, իրենք սկսել են դա տարբեր տեղերում ցոյց տալ, ասում են՝ նման միտք ունենք, այսպէս է լինելու։ Բայց հէնց այդ գաղափարի առաջին փորձաքննութիւնն է սկսւում, միանգամից հարցեր են առաջանում։ Եւ փորձագիտական շրջանակներում առկայ գլխաւոր հարցը հետեւեալն է՝ արդեօք Հայաստանն ունի՞ տարածաշրջանում խաղաղութիւն ապահովելու ռեսուրս։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը:
«Եւրոպացի փորձագէտները մեզ ասում են, որ մենք Արցախն ու այլ տարածքներ ենք կորցրել, կանգնած ենք Սիւնիքը կորցնելու վտանգի առջեւ, պատրաստ չենք մեր սեփական անվտանգութիւնն ու խաղաղութիւնն ապահովելու։ Այդ դէպքում ինչպէ՞ս ենք ուզում խաղաղութիւն վաճառել ամբողջ տարածաշրջանին։ Դրա ռեսուրսը Հայաստանը չունի։ Փաշինեանի կառավարութեան ներկայացրած այդ ծրագիրը կարող էր գործել, եթէ դրան կողմ լինէին Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, այսինքն՝ բացի Հայաստանից՝ բոլորը։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ սա տարածաշրջանի քաղաքական օրակարգ չէ, եւ եթէ նոյնիսկ կայ տարածաշրջանում խաղաղութիւն ստեղծելու քաղաքական օրակարգ, դրա մատակարարն այսօր արդէն Հայաստանը չէ»,- ասաց հասարակական գործիչը:
«Մինչեւ 44-օրեայ պատերազմում մեր պարտութիւնը Հայաստանն, այո՛, տարածաշրջանի անվտանգութեան հիմնական երաշխաւորներից մէկն էր։ Մենք եղել ենք անվտանգութիւն արտադրող եւ ոչ թէ՝ սպառող երկիր։ Բայց հիմա մենք անվտանգութիւն սպառող երկիր ենք, մեզ բոլորն ուզում են գալ եւ օգնել, բայց բոլորը միասին չեն կարողանում օգնել, որ այս կործանարար ընթացքից դուրս գանք։ Հետեւաբար՝ մենք ինչպէ՞ս ենք սպասարկելու ոչ միայն մեր, այլեւ ընդհանրապէս տարածաշրջանի խաղաղութեան օրակարգը։ Դրա ռեսուրսը չկայ։ Այն, ինչն առաջարկում են՝ որպէս խաչմերուկ, շատ կէտերով հակասութեան մէջ է մտնում տարածաշրջանում աւելի ուժեղ դիրքեր ունեցող երկրների շահերի հետ։ Նոյն Թուրքիան եւ Ադրբեջանը, բնականաբար, Հայաստանն իրենց համար դիտարկում են որպէս միջանցք՝ միմեանց հետ չվերահսկւող կապ իրականացնելու համար։ Սակայն որեւէ կերպ Հայաստանը չեն դիտարկում՝ որպէս նմանատիպ միջանցք Իրանի համար»,- նշեց քաղաքագէտը:
Մելիք-Շահնազարեանի կարծիքով՝ այս տարածաշրջանում, միեւնոյն է, Թուրքիան եւ Իրանը մշտապէս մրցակցելու են, Ռուսաստանն ու Արեւմուտքն էլ՝ միւս կողմից. «Երբ դու գալիս եւ ասում ես՝ ճանապարհները բաց են, որեւէ վերահսկողութիւն չի լինելու, այստեղ միանգամից սկսւում է աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցութիւնը։ ՌԴ-ն ուզում է, որ այդ խաչմերուկը լինի իր վերահսկողութեամբ, Արեւմուտքը՝ իր, Թուրքիան եւ Իրանը՝ իրենց։ Եւ նորից՝ հակասութիւն ու կոնֆլիկտ, ու դու այն պետութիւնը չես, որ կարողանաս զսպել այդ բոլորի ախորժակն ու ասել՝ ո՛չ, տարածաշրջանը շարժւելու է այս օրակարգով։ Որքան հանգիստ է վերաբերւում Ռուսաստանն այստեղի գործընթացներին, նոյնքան անտարբեր է Արեւմուտքն այդ ամենի նկատմամբ։ Մամուլում կարդում ենք ԱՄՆ Սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում Պետքարտուղարութեան պաշտօնեայի՝ Օ’Բրայէնի յայտարարութիւնները, որ Հայաստանն արտաքին քաղաքականութիւն է փոխում։ Բայց, երբ Արեւմուտքում խօսում ես այդ քաղաքականութիւնը մշակող անձանց հետ, այնտեղ վերապահումներով են վերաբերւում Փաշինեանի՝ այդքան արագ դէպի Արեւմուտք գնալու գաղափարին»:
«Արեւմուտքում կայ վախ, որ Հարաւային Կովկասը կը վերածւի Ռուսաստանի հետ հակամարտութեան թէժ կէտի, երկրորդ ճակատի։ Եթէ նախկինում կարծում էինք, թէ Արեւմուտքը կարող է երկրորդ ճակատ բացել՝ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դէմ պայքարում յաջողութիւններ արձանագրելու համար, հիմա Արեւմուտքն ինքն է սկսել վախենալ այդ երկրորդ ճակատից։ Ուկրաինայում Ռուսաստանի դէմ Արեւմուտքի պատերազմն արդէն անհեռանկար է, Արեւելեան Եւրոպայի մի շարք երկրներ հրաժարւում են պատժամիջոցները սպասարկելու գաղափարից։ Արեւմուտքը՝ որպէս Ուկրաինայի զէնքի, գումարի, տնտեսութեան մատակարար, սպառւել է, չունի ռեսուրսներ։ Եւ եթէ Արեւմուտքում կայ գիտակցում, որ Ուկրաինայում գործը բուրդ է, բնականաբար, նրանք չեն ցանկանայ, որ գործը բուրդ լինի նաեւ Հարաւային Կովկասում»,- ամփոփեց Հրանտ Մելիք-Շահնազարեանը: