Ռուբէն Սաֆրաստեան. «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագիրը կարեւոր է Թուրքիայի համար՝ իր համամոլորակային ամբիցիաներն իրականացնելու
Նոյեմբերի վերջին ԱՄՆ Պետքարտուղարի նախկին յատուկ խորհրդական (1990-ական թթ.), ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակաւոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականութեան ինստիտուտի պրոֆեսոր Փօլ Գոբլը հարցազրոյց էր տւել ադրբեջանական լրատւամիջոցներից մէկին եւ անդրադարձել էր, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ին։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը չի նահանջի՝ Զանգեզուրն Ադրբեջանի մաս լինելու գաղափարից։
«Ղարաբաղեան հարցը դեռեւս աւարտւած չէ, այն դեռ երկար կը մնայ մեզ հետ։
Հաշւի առնելով այն փաստը, որ 100 հազար հայ մեկնել է Հայաստան կամ այլ երկրներ, իսկ աւելի վաղ մօտաւորապէս 700 հազար ադրբեջանցի ստիպւած է եղել փախչել այնտեղից եւ ներկայումս ցանկանում է վերադառնալ։ Սա նպատակ է ապագայի համար։ Այստեղ խօսքը հակամարտութեան միայն մէկ փուլի աւարտի մասին է։ Այս բոլոր դժւարութիւնները մեզ հետ կը մնան դեռ երկար ժամանակ։ Մարդիկ, ովքեր կորուստներ են կրել, նրանց հարազատները երկու կողմերից էլ չեն պատրաստւում հեշտութեամբ համակերպւել։
Ես շատ անգամներ եմ ասել, որ Ղարաբաղեան հարցն աւելի մեծ խնդրի մի մասն էր, եւ դա Հարաւային Կովկասում ժողովուրդների ու տարածքների բաշխման գործընթացն էր»,- ասել է Գոբլը՝ յաւելելով, որ նմանատիպ խնդիրներից մէկն էլ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցն է։
«Եթէ հիմա Հայաստանը չգնայ լուրջ զիջումների, կը դառնայ աւելի մեկուսացւած, եւ Սիւնիքով ճանապարհի փոխարէն՝ Իրանի ճանապարհը լինի դէպի Նախիջեւան, Հայաստանին կը դնեն աւելի ոչ-շահաւէտ իրավիճակի մէջ»,- ասել է յայտնի վերլուծաբանը։
Ի՞նչ մեսիջներ է պարունակում Փօլ Գոբլի հարցազրոյցը՝ յատկապէս «Զանգեզուրի միջանցք»-ի առնչութեամբ, ի՞նչ սպասել։
168.am-ի հետ զրոյցում Արեւելագիտութեան ինստիտուտի նախկին տնօրէն, ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը պատասխանելով այս հարցերին, նախ ասաց, որ Գոբլի հարցազրոյցը չի կարդացել, սակայն այնպէս չէ, որ վերջինս նորութիւն է ասել։
«Վաղուց եմ ասում, որ Ադրբեջանը եւ առաջին հերթին՝ Թուրքիան երբեք չեն հրաժարւի «Զանգեզուրի միջանցք»-ի իրենց ծրագրից, որովհետեւ կարծում եմ՝ դա առաջին հերթին Թուրքիայի համար է կարեւոր։ Կարեւոր է ոչ միայն Ադրբեջանի հետ, այլեւ Կենտրոնական Ասիայի թուրքական երկրների հետ կապ ունենալու համար, նաեւ Թուրքիայի համար հնարաւորութիւն է՝ իր համամոլորակային ամբիցիաները իրականացնելու համար։ Թուրքիան, Էրդողանի կառավարման վերջին տարիներին, տեսնում ենք, որ փորձում է դուրս գալ տարածաշրջանային պետութեան շրջանակներից՝ այնպիսի դերակատարում ստանձնել, որը կարող է ազդել համաշխարհային գործընթացների վրայ»,- շեշտեց Ռուբէն Սաֆրաստեանը։
Այս համատեքստում մեր զրուցակիցը յիշեցրեց՝ Թուրքիան ցանկանում էր միջնորդ լինել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, ակտիւ դերակատարում ունենալ Գազայում Իսրայէլի ու ՀԱՄԱՍ-ի պատերազմը հանգուցալուծելու հարցում։ Իսկ ուղղակի կապը Կենտրոնական Ասիայի երկրների հետ նշանակում է, որ Թուրքիան հնարաւորութիւն է ստանում օգտագործել տնտեսական պոտենցիալը. եթէ վերցնենք Կենտրոնական Ասիայի եւ Ադրբեջանի ընդհանուր տնտեսութիւնները, ապա տարեկան արտադրանքը 1 տրիլիոն դոլար է։ Այդ ամէնը Թուրքիան կօգտագործի իր ամբիցիաներն, աշխարհում սեփական դիրքերն ուժեղացնելու համար։
«Թուրքիան աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների վրայ հաստատել իր ազդեցութիւնը։ Փաստօրէն, սա Թուրքիայի համար ոչ միայն կոնկրետ պանթուրքիստական նպատակների համար է, այլ իր համաշխարհային ամբիցիաներն աւելի հասանելի դարձնելու»,- յաւելեց ակադեմիկոսը։
«Մարգարա» սահմանային անցակէտն արդէն պատրաստ է՝ այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի գրաւոր հարցմանը պատասխանել էին ՀՀ ԱԳՆ-ից: Թէ երբ այն կը սկսի գործել՝ հարցին Ռուբէն Սաֆրաստեանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ Թուրքիան կը սպասի մինչեւ այն պահը, երբ կը ստորագրւի պայմանագիր՝ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից։ Մինչեւ չստորագրւի այդ պայմանագիրը, կամ Թուրքիան ակնյայտ չտեսնի, որ այն ստորագրւելու է, որեւէ քայլ չի ձեռնարկելու»։