Ինչո՞ւ են ազատ արձակել «Չաղ Ռուստամին»․ «Կարճ ասած»

«ԱԼԻՔ» – Այսօր (մարտի 2-ին-ԽՄԲ.) մեր երկրում 4 ակցիա տեղի ունեցաւ։ Մեկը Ծիծեռնակաբերդում էր՝ ի յիշատակ Արցախեան շարժման օրերին Խորհրդային Ադրբեջանում ջարդերի՝ ցեղասպանութեան զոհերի։ Միւս երեք ակցիաները կառավարութեան, ԱԳՆ, ՄԱԿ-ի երեւանեան գրասենեակի մօտ էին։ Պահանջում էին յետ բերել Բաքւի բանտերում գտնւող հայ գերիներին։ Ինչպէ՞ս արձագանգեց իշխանութիւնը. ԱԳՆ շէնքը, կառավարութեան շէնքը շատ արագ շրջափակւեց ոստիկաններով։ Ոչ մէկը ներս մտնելու ցանկութիւն չունէր, Նիկոլի աթոռը չէին ուզում, պահանջում էին որպէս պետութեան գլուխ մի բան անել։ Նիկոլը անմիջապէս վախեցաւ աթոռը կորցնել ու բերեց ոստիկաններին։ Յետոյ սկսեց ֆէյսբուքում գրել, թէ ՀՆԱ-ն աճել է 5,9 տոկոսով, Հայաստանում աշխատանք ունի 760 հազար մարդ ու նման բաներ։ Արեց վիճակագրական ծառայութեան պետի գործը։ Երէկ գրել էր, թէ՝ եթէ ուզում էք «իրական Հայաստանի» գաղափարը քննարկել, 20-30 հոգանոց խմբերով եկէք կառավարութիւն, քննարկենք։ Բայց եթէ 70 հոգանոց ու աւելի խումբ լինի, ես կը գամ, դուք իզուր մի եկէք։ Այսօր մի 300 հոգանոց խմբով եկել էին, բա իջնէիր քննարկէիր, թէ ինչու են մինչեւ հիմա էդ քո ասած «իրական Հայաստանի» 23 քաղաքացի Բաքւի բանտերում։ Էս նեղ մաջալին, երբ մեր ուշքումիտքը Բաքւում մեր հայրենակիցների հետ կատարւողն է, իշխանութիւնը զբաղւած է աթոռ պահելով, Գիւմրու ընտրութիւններով։ Մատը մատին չի խփում, որ Բաքւի բանտերից ազատ արձակւեն մեր գերիները, բայց բայց ամէն ինչ անում է, որ ՀՀ բանտից ազատ արձակւի սպանութեան համար կալանաւորւածը։ Ալիեւին չի զանգում իր էն օպերատիւ կապով, որ խնդրի թողնեն գերիներին, բայց երեւի Մասիս Մելքոնեանին է զանգում, որ բաց թողնի կալանաւորին, որն իրեն պէտք է։ Նա էր, ասել, չէ՞, կա՞յ տէնց մի դատաւոր, որ իմ ասածը չանի։
Ի՞նչ տեղի ունեցաւ երէկ։ Կալանքից ազատ արձակւեց «Չաղ Ռուստամ» մականունով յայտնի Ռուստամ Ստեփանեանը, որը կալանաւորւած է «Ֆազ» մականունով յայտնի քրէական հեղինակութիւն Սերգէյ Գրիգորեանի սպանութեան կազմակերպման մեղադրանքով։ Ի դէպ, այդ սպանութեան օրը երբեմն յիշում եմ մեր ոստիկանութեանն անդրադառնալիս։ Նախորդ տարւայ յունիսի 11-ը Սրբազան պայքարի թէժ օրերից էր։ Քաղաքացիները, որոնք մտահոգ էին մեր պետութեան ճակատագրով, պահանջում էին Տաւուշից հողեր չյանձնել Ադրբեջանին։ Յունիսի 11-ի ակցիաների ժամանակ եղաւ քաշքշուկ ոստիկանութեան հետ։ Յաջորդ օրը յայտնի նռնականետման արարողութիւնն էր ՆԳ նախարարի տեղակալ Արամ Յովհաննիսեանի կատարամբ։ Խաղաղ ակցիայի մասնակիցները հաւաքւել էին ԱԺ դիմաց ու նախագահականի մօտ, տեղի ունեցաւ քաշքշուկ, բազմաթիւ ոստիկաններ էին լցւած էդ տարածքում, քաղաքի ուրիշ հատւածում ոստիկան չէր մնացել։ Քաշքշուկ եղաւ, ցուցարարներ բերման ենթարկւեցին։ Արդէն 11-անց էր երեկոյեան տուն գնալիս տեսնեմ մարդիկ են հաւաքւած արդէն Աջափնեակում ու էն բանից, որ ընդամէնը մէկ-երկու ոստիկան էր, հասկացայ, որ ընդդիմութեան հետ կապ չունէր, թէ չէ՝ մի գունդ ոստիկան կը լինէր։ Պարզւեց՝ հէնց այս սպանութիւնն էր տեղի ունեցել։ Ամառւայ շոգին էդ ժամին մարդիկ զբօսնում են, հէնց հանգիստը վայելող մարդկանց աչքի առաջ, նրանց կեանքը վտագելով, տեղի էր ունեցել սպանութիւնը, իսկ ոստիկանները զբաղւած էին ակցիա ցրելով։ Մէկ ամիս անց սպանութեան կազմակերպման մեղադրանքով կալանաւորւեց Ռուստամ Ստեփանեանը։ Հէնց այդ ժամանակ էլ լուրեր էին տարածւում, որ ԱԺ ՔՊ-ական մականունաւոր պատգամաւորի հետ կապ ունի կալանաւորւածը։ Ու Մասիս Մելքոնեանը նրան ազատ արձակեց։ Չգիտեմ՝ այդ կապերի շրջանակներում է, թէ ոչ։ Ամէն դէպքում, Մասիս Մելքոնեանը յայտնի է որպէս իշխանութեան քմահաճոյքները բաւարարող դատաւոր։
Չեմ ուզում խորանալ հիմքերի մէջ՝ ազատ արձակումը որքանով էր օրինական կամ ոչ, իրաւաբան չեմ։ Բայց տեղի ունեցածը Սրբուհի Գալեանի, Աննա Վարդապետեանի, Գրիգոր Մինասեանի, Կարէն Անդրէասեանի, Նիկոլ Փաշինեանի «բարեփոխած» դատական համակարգի թշւառութեան եւս մէկ ապացոյց էր։ Ո՞վ է դատաւոր Մասիս Մելքոնեանը, որն ազատ է արձակել սպանութեան կազմակերպման մէջ մեղադրւողին․ Նիկոլ Փաշինեանի կոալիցիոն գործընկեր Արամ Զաւէնի Սարգսեանի կուսակցութեան անդամ կամ նախկին անդամ է։ Սա այն դատաւորն է, որ բողոքի ակցիայի մասնակցելու համար կալանաւորել է Լեւոն Քոչարեանին, այն դէպքում, երբ նրա նկատամբ բռնութիւն էին կիրառել կարմիր բերետաւորները ու գտնւում էր հիւանդանոցում։ Ոչ մի բերետաւոր հիւանդանոցում չէր, Լեւոն Քոչարեանը բուժօգնութիւն էր ստանում, ինչը հէնց վկայութիւն էր, որ բերետներն են կիրառել բռնութիւն․ բայց Մասիսը կալանաւորեց Լեւոն Քոչարեանին, որովհետեւ Նիկոլն ասել էր՝ կա՞յ տէնց մի դատաւոր, որ իմ ասածը չանի։
Մասիս Մելքոնեանն այն դատաւորն է, որ կալանքի տարաւ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանեանին, էլի նրա համար, որ ընդդիմադիր է, իսկ ինքը՝ դատաւորը, կոալիցիա ՔՊ-ի հետ։ Մասիս Մելքոնեանն այն դատաւորն է, որ կալանքի էր տարել 44-օրեայ պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալէեանի հօրը՝ Գարիկ Գալէեանին, իսկ ամիսներ անց ազատ արձակելուց յետոյ արգելել այցելել որդու շիրիմին՝ Եռաբլուր։ Մասիս Մելքոնեանն այն դատաւորն է, որը Արցախից բռնագաղթից յետոյ կալանքի տարաւ Ստեփանակերտ քաղաքապետ Դաւիթ Սարգսեանին, որպէսզի չկարողանայ ակցիաների ժամանակ արցախցիներին մոբիլիզացնել։ Մասիս Մելքոնեանն այն դատաւորն է, որը կալանքի տարաւ ազգային հերոս Տիրան Խաչատրեանին՝ անզգուշութեամբ կատարւած ինչ-որ արարքի համար։ Մասիս Մելքոնեանն այն դատաւորն է, կալանքի տարաւ Կիրանց գիւղից տարածքների յանձնման դէմ ակտիւ պայքարող գնդապետ Միհրան Մախսուդեանի որդուն՝ Վահագն Մախսուդեանին։ Գիտէ՞ք ինչի համար. Կիրացում ակցիայի ժամանակ ոտքով հարւածել էր իրենց վրայ քշած, ակցիա անողներին հարւածող երկրապահների մեքենային։ Մասիս Մելքոնեանն այն դատաւորն է, որը ոչ մեծ ծանրութեան յանցանք կատարած անձին, որին քրէական օրէնսգիրքն արգելում է ազատազրկել, դատապարտել էր այդ նմանատիպ արարքի համար առաւելագոյն ազատազրկման։ Ու նոյն դատաւորը, որը ոչ մեծ ծանրութեան յօդւածով կալանաւորին դատում է, անզգուշութիւն գործած գեներալին կալանաւորում է, դատարանի դահլիճից ազատ է արձակում նրան, ով մեղադրւում է սպանութեան կազմակերպման մէջ։ Ըստ երեւոյթին, ազատ է արձակել Արամ Զաւէնի Սարգսեանի եւ Նիկոլ Փաշինեանի կոալիցիոն յուշագրի շրջանակներում։
Ինչո՞ւ է ազատ արձակել, կը հետաքրքրի ձեզ։ Ինչո՞ւ է Նիկոլին, որը օրէնք է ընդունել քրէական ենթամշակոյթի դէմ, պէտք է, որ ազատութեան մէջ յայտնւի քրէական ենթամշակոյթի կրող։ Ժողովուրդ ջան, ասեմ, որ Մասիս Մելքոնեանն այն դատաւորն է, որը էս կարգի բաները ինքնուրոյն չի անի, ինչպէս որ ինքնուրոյն չի որոշում ընդդիմադիրների կալանաւորումները։ Սա էն դատաւորն է, որին անգամ Վահագն Խաչատրեանն էր հրաժարւել դատաւոր նշանակել, որովհետեւ անցնում է աղմկայարոյց գործով, յայտնի ու սիրւած դերասանուհիներից մէկը մեղադրում է նրան իր գումարները գողանալու մէջ։ Բայց դարձաւ դատաւոր, ըստ երեւոյթին՝ հէնց էն պայմանով, որ Նիկոլն ինչ ուզենայ՝ անի։ Ու անում է։
Եւ ուրեմն, ինչո՞ւ է Նիկոլին պէտք, որ ազատութեան մէջ լինի քրէական տարրը, որը մեղադրւում է ծանր գործով։
Ինչպէս ասում են՝ մենք մերոնցով խօսում ենք, եկէք վերլուծենք։ 2018 թւականի ընտրութիւններում, Նիկոլ Փաշինեանը կրիմինալի կարիքը չունէր, չխառնեց ընտրութիւններին, ընդհակառակը, օրէնք ընդունեց քրէական ենթամշակոյթի դէմ։ 2021 թւականին, արդէն, երբ յանձնել էր մեր հայրենիքի մի մասը ու կասկածներ ունէր, թէ էդ ցածր հեղինակութեամբ կարող է ընտրւել, սկսեց համագործակցել կրիմինալի հետ։ Օդում կախւած տեղեկութիւններ կան այն մասին, թէ ինչպէս էին ՔՊ-ի յայտնի մականունաւորները հանդիպում քրէական տարրերին ու առաջարկում աշխատել ՔՊ-ի, Նիկոլի համար ու նրանց վրայ դրւած քրէական գործերը կարճւում էին, պատժաչափը կրճատւում էր, բանտային ռեժիմը փոխւում էր։ 2020 թւականից յետոյ բոլոր ընտրութիւններին, ըստ նոյն տեղեկութիւնների, խառնել են քրէական տարրերին։ Թալինի ընտրութիւնները յիշո՞ւմ էք, պարտւեց ՔՊ-ական Տաւրոսը, յետոյ ասում են՝ կրիմինալը խառնեցին, նոր ընտրութիւն եղաւ, Տաւրոսը ընտրւեց։ Վեդիում պարտւեց կոկորդիլոսագէտը, յետոյ ասում են՝ կրիմինալ խառնեցին, յաղթած թեկնածուն ծեծւեց, նոր ընտրութիւն եղաւ, յաղթեց կոկորդիլոսագետը։ 2023 թւականի Երեւանի աւագանու ընտրութիւների ժամանակ եւս խառնեցին կրիմինալին, բայց այս անգամ քիչ ազդեց, որովհետեւ Աւինեանը պարտւեց, ու յետոյ անասնագողութեան շնորհիւ դարձաւ Երեւանի քաղաքապետ։
Հիմա տեղի են ունենալու ընտրութիւններ Գիւմրիում։ Տարբեր հաշւարկներ կան, որոնց համաձայն՝ ընտրութիւններում մասնակցող մինչեւ 10 թեկնածուից ՔՊ-ի այսպէս կոչւած «Մեր Սարիկը» ոտքին է գցել ու 4-5-րդ տեղերում է։ Ու չի բացառւում, որ այս քրէական ենթամշակոյթին ազատ են արձակել հէնց Գիւմրու ընտրութիւնների համար։ Կը գնաս, ոնց ուզում ես կանես, որ Սարիկը ընտրւի. եթէ չընտրւեց, նայի հա, դատախազութիւնը բողոքարկում է ազատ արձակման որոշումը, վերաքննիչը նորից կը կալանաւորի. եթէ ընտրւեց, կը մնաս ազատութեան մէջ։ Բայց գործերը իրականում դժւար են, որովհետեւ Սարիկ Մինասեանը հէնց առաջին հանդիպման օրը իրեն պահեց Ալէնի մօր եւ Աւինեանի հօր պէս, այսինքն՝ ՔՊ-ի առանց այն էլ զրոյական հեղինակութիւնը մինուս տարաւ՝ պատերազմի բոլոր մասակիցներին վիրաւորելով։
Որքա՞ն են աճել յանցագործութիւնները Նիկոլ Փաշինեանի օրօք․ կրկնակի․ 20 հազարից դարձել են 40 հազար։ Թէ ինչու, հարցի պատասխանը տւել է Մասիս Մելքոնեանը, ամենայն հաւանականութեամբ նրան զանգած Նիկոլ Փաշինեանը։ Մի երկրում, որտեղ ծանր յանցագործութիւնների մէջ կասկածւողներն ազատ են արձակւում, իրաւազանցութիւն արածներն ուղարկւում են բանտ, ազդակ է, որ սրանից յետոյ ոչ մի թեթեւ յանցանք, ուզում էք չպատժւել՝ միանգամից սպանութիւն։ Ի դէպ, 2022-ին մեր երկրում գրանցւել է 542 սպանութիւն, 2023-ին՝ 1187։
Կարճ ասած՝ ՔՊ-ն ընդունել է քրէական ենթամշակոյթի դէմ պայքարի մասին օրէնք ու զարգացրել է քրէական ենթամշակոյթը։ Ժողովուրդ սրանք ինչի դէմ են խօսել, դա են արել՝ խօսել են կոռուպցիայի դէմ, զարգացրել են կոռուպցիան, խօսել են կազինոների դէմ, զարգացրել են ղումարբազութիւնը, խօսել են Ադրբեջանի հետ փոխզիջան դէմ, յանձնել են Արցախը, սրանք ինչի դէմ խօսել են, զարգացրել են։ Իսկ ինչին կողմ են խօսել, դարձեալ արել են հակառակը։ Այս մասին հաղորդել է yerevan.today-ը:
ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ