Սի Ծինփինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի եւ Պուտինի հետ

«ԱԼԻՔ» – Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մտադիր է սեպտեմբերի 3-ին՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի աւարտի տօնակատարութեան ժամանակ, Պեկինում հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է անգլիական The Times-ը՝ յղում անելով չինական աղբիւրներին։
Ըստ պարբերականի՝ Պուտինն արդէն ընդունել է հրաւէրը, իսկ Թրամփին պաշտօնական հրաւէր կուղարկւի առաջիկայում։
Չինաստանի դիրքորոշմամբ՝ նման ձեւաչափով հանդիպումը կարող է «խաղաղութեան եւ կայունութեան հզոր ազդանշան» դառնալ։
Սի Ծինփինն ու Թրամփը նախկինում եւս փոխանակւել են այցելութիւնների հրաւէրներով, սակայն կոնկրետ օր երբեւէ չի յայտարարւել։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս գագաթնաժողովը ձեռնտու կը լինի Չինաստանին եւ Ռուսաստանին՝ արտաքին քաղաքական շահերի տեսանկիւնից, սակայն Սպիտակ տնում այն կարող են ընկալել որպէս պոտենցիալ քաղաքական ծուղակ՝ Չինաստանի վերահսկողութեամբ միջոցառմանը «երրորդ կողմ» ներկայանալու տեսանկիւնից։