ՀՀ ԱԺ յայտարարութեան նախագիծը. «Անմիջապէս ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը եւ միւս բոլոր հայ գերիներին»
«ԱԼԻՔ» – Նոյեմբերի 13-ին տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները ներկայացրել էին «Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների վերաբերեալ» ԱԺ յայտարարութեան նախագիծ, որը սակայն չընդունւեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան քւէրակութեանը չմասնակցելու պատճառով:
Ստորեւ ներկայացնում ենք առաջարկւած յայտարարութեան տեքստը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՒՈՂ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրէնքի 98-րդ եւ 123-րդ յօդւածները, ինչպէս նաեւ 12.11.2024 թ. Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստում «Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների վերաբերեալ» հրատապ թեմայով քննարկման արդիւնքները, նկատի առնելով ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխութեան մասին շրջանակային կոնւենցիայի» մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP29) ս.թ. նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանում անկացնելու հանգամանքը Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը.
ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան ժողովրդի դէմ 2020 թւականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2023 թւականի հոկտեմբերի 4-ը իրականացւած լայնածաւալ ռազմական ագրեսիայի հետեւանքով ամբողջ արցախահայութիւնը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ ստիպւած եղաւ լքել իր պատմական հայրենիքը, որտեղ հայկական քաղաքակրթական ժառանգութիւնը ունի հազարամեակների պատմութիւն:
Բաքւի ռեժիմի կողմից ցեղասպան քաղաքականութեամբ իրականացւած արցախահայութեան զանգւածային բռնի տեղահանումը միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտում է: Ադրբեջանական ագրեսիայի եւ արցախահայութեան բռնի տեղահանման հետեւանքով աւելի քան մէկ տարի ապօրինաբար գերութեան մէջ են պահւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը եւ բազմաթիւ հայազգի գերիներ։ Բաքւի բանտում մեր հայրենակիցներին պահելը ոչ միայն Ադրբեջանի հայատեաց քաղաքականութեան հետեւանք է, որի դրսեւորումները չեն դադարում մինչեւ այժմ, այլեւ առկայ բանակցային գործընթացում մարդկային կեանքերը, ազատութիւնն ու արժանապատւութիւնը որպէս ճնշման միջոց օգտագործելու փորձ:
Բաքւում անցկացւելիք ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխութեան մասին շրջանակային կոնւենցիայի» մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի (COP29) անցկացման զուգընթաց Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը.
1. Կոչ է անում միջազգային հանրութեանը՝ օգտագործել իր ազդեցութիւնը եւ պահանջել Ադրբեջանի կողմից անմիջապէս ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը եւ միւս բոլոր հայ գերիներին, ովքեր անօրինական կերպով պահւում են Բաքւում:
2. Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը յորդորում է ակտիւօրէն համագործակցել միջազգային կազմակերպութիւնների հետ՝ հասնելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը եւ միւս բոլոր հայ գերիների ազատ արձակմանը:
3. Յիշեցնում է Ադրբեջանի ղեկավարութեանը, որ ելնելով միջազգային իրաւունքի եւ մարդու իրաւունքների հիմնարար դրոյթներից՝ Ադրբեջանը պարտաւոր է անյապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։