ԻրանՄիջազգայինՔաղաքական

Դոկտ. Բահմանի Ղաջար. «Իրանը միջազգայնօրէն ընդունւած պարտաւորութիւնների համաձայն իրաւունք ունի արձագանգելու հարեւան երկրի ինքնիշխանութեան դէմ սադրանքներին»

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – «Իրանի տարածքային ամբողջականութիւնը Փահլաւիի ժամանակաշրջանում-(Բահրէյն)» գրքի հեղինակն անդրադառնալով անկլաւները պատկան պետոթիւններին կապող ճանապարհների խնդրին, նշել է, որ ոչ մի հարեւան երկիր  կամ երրրոդ կողմ պարտաւորութիւն չունի հաղորդակցւելու համար տարածք տրամադրել։ «Նման խնդիրները լուծելի են միայն բարիդրացիութեան հաշւին: Այդ դէպքում արդեօ՞ք Հայաստանը կամ Իրանը պարտաւոր են տարածք տրամադրել Ադրբեջանի Հանրապետութեանը, կամ  Լեհաստանն ու Լիտւան՝ Ռուսաստանին»,- ակնարկելով կալինինգրադեան ձեւաչափի վրայ եղած պնդումների մասին, նշել է իրաւագէտ Բահմանի Ղաջարը: Դոկտ. Մոհամադ-Ալի Բահմանի-Ղաջարը «Ասիայի հետազօտութիւնների ինստիտուտում» կայացած  ««Զանգեզուրի միջանցք»-ի իրաւական, քաղաքական, տնտեսական եւ աշխարհաքաղաքական քննարկումը» համաժողովին՝ անկլաւների խնդիրը միջազգային իրաւունքի եւ երկրների ինքնիշխանութեան իրաւունքի տեսանկիւնից վերլուծելով, անդրադարձել է երրորդ երկրների անվտանգութեան խնդրին, չբացառելով միջամտելու, անգամ ուժ կիրառելու իրաւունքը:

Իրաւագէտը ընդգծւած նշել է, որ միջազգային իրաւունքի ինստիտուտի պատասխանն այս հարցին բացասական է: «Որեւէ իրաւական պարտաւորութիւն լինել չի կարող: Չկայ՝ ոչ իրաւական, եւ ոչ էլ դատական ​​ընթացակարգ։ Անգամ կարող եմ ասել, որ նոյնիսկ ակադեմիական հարթակներում նման փաստի չեմ հանդիպել, երբ միջազգային իրաւունքի հետազօտողը նման դոկտրինի մասին ակնարկած լինի, որի համաձայն, որպէսզի երկրները կարողանան շփւել իրենց անկլաւային տարածքների հետ, միջնորդ երկիրը պարտաւորւած լինի տրամադրել յարմարութիւններ։ Կարելի է բարիդրացիութեան պայմաններում ասել, որ միջնորդ երկիրը կարող է ստեղծել միջոցներ, կամ  ճանապարհ, ինչպէս նոյն իրավիճակն, ինչ Իրանը ստեղծեց Ադրբեջանի Հանրապետութեան համար Նախիջեւանի հետ կապւելու դէպքում»,- շեշտաւորել է Բահմանի Ղաջարը յաւելելով, որ, սակայն դրա հակառակ պատկերն ունի գիտա-իրաւական ամուր հիմնաւորում:

Դոկտ. Բահմանի Ղաջարն անդրադառնալով Բաքւի կողմից  «պարտաւորութիւններ»-ի անւան տակ հնչող պահանջներին ու պնդումներին, նշել է, որ զինադադարի համաձայնագրի դէպքում, ինչպէս համաձայնագրի անւանումն է նշում, պայմանագիր չէ եւ ոչ էլ իրաւական առումով պարտաւորեցնող:

«Այս համաձայնագիրը հիմնւած է այն բանի վրայ, որ ինքնահռչակ Արցախի Հանրապետութիւնում կար հայ բնակչութիւն, եւ Հայաստանը ցանկանում էր չխզել յարաբերութիւններն այս Հայկական Հանրապետութեան հետ՝ Լաչինի միջոցով։ Փաստօրէն, այս ճանապարհի դիմաց առաջարկւել է Նախիջեւանի հետ հաղորդակցւելու միջոց տրամադրել Ադրբեջանի Հանրապետութեանը: Իսկ հիմա, երբ աւերւել եւ հայաթափւել է Արցախի Հանրապետութիւնը, եւ Հայաստանն այլեւս չի կարող կապ ունենալ այդ տարածքի հետ, ապա Սիւնիքում «Զանգեզուր»-ի հարցն արծարծելն իմաստ չունի։ Սա նշանակում է, որ իրաւական տեսանկիւնից  այս պայմանագիրը համարւում է շահոյթի առարկայ  եւ ոչ այլ բան»,- նշել է փորձագէտը եւ յիշեցրել. «Համաձայնագրի խախտման համար Հայաստանին մեղադրելն անիմաստ է, քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանը դեռ Հայաստանից շուտ են խախտել այն, Արցախի հայ բնակչութեան գոյակցումն ու անվտանգութիւնը չերաշխաւորելու, կամ նրանց բռնի տեղահանելու փաստով: «Ռուսաստանը դուրս բերեց կամ մի կողմ քաշեց իր խաղաղապահներին, փաստացիօրէն թոյլ տալով Ադրբեջանի Հանրապետութեանը օկուպացնել եւ լուծարել ինքնահռչակ Արցախի Հանրապետութիւնը»:

Բահմանի Ղաջարի կարծիքով հէնց այստեղ էլ պարզ է դառնում «միջանցք»-ի քաղաքական բնոյթը, որը Նախիջեւանի միջոցով Թուրքիան Բաքւին եւ Կենտրոնական Ասիայի հետ կապող «Թուրանեան միջանցք»-ի զարկերակն է լինելու: «Հիմնականում վերջին մի քանի տարիներին Կենտրոնական Ասիա տերմինը հանւում է, եւ չգիտես ինչու փոխարէնը նշւում է «Թորքեստան» անիմաստութիւնը»,- հետեւութիւն անելով յիշեցրել է փորձագէտը: 

Բահմանի Ղաջարը նշել է, որ միջանցքի իրաւական բնոյթը Հայաստանի ազգային ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան իրաւունքի ժխտումն է։ Նա թւարկելով լծակները նշել է, որ Երեւանի դէմ ուժի կիրառման սպառնալիքներն ու սահմանները փակ պահելով՝ Հայաստանը շրջափակման մէջ պահելու փաստերը միջազգային իրաւունքի բացայայտ խախտումներ են։

«Ուժի կիրառման արգելքը չի սահմանափակւում միայն  ուժի չդիմելով:  Այն նաեւ արգելք է դնում ուժի կիրառման սպառնալիքների լեզւով խօսելու վրայ: Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետութեան կամ երրորդ կողմի, օրինակ՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի կամ որեւէ այլ երկրի կողմից կիրառւող ցանկացած ճնշում միջազգային իրաւունքի կարեւորագոյն կանոնների խախտում է:  Առաջինը՝ պետութիւնների ներքին գործերին միջամտելու արգելքն է, երկրորդը՝ երկրների անկախութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ ազգային ինքնիշխանութիւնը յարգելու սկզբունքը, երրորդը՝ ագրեսիայի արգելման սկզբունքն է։ Այնպէս, որ նկրտումներ չունենալու սկզբունքի խախտում է նաեւ ոտնձգութեան սպառնալիքը: Չորրորդը բարիդրացիութեան պահպանումն է»,- նշել է իրաւագէտը եւ հարց բարձացրել, որ  ո՞րն է լինելու Իրանի պատասխանատւութիւնը նման ճնշումների դիմաց:

Բահմանի Ղաջարը բացելով խնդիրը նշել է, որ «Պետութիւնների միջազգային պատասխանատւութիւնը» կարգաւորող կանոնակարգում առկայ է երրորդ պետութիւնների պատասխանատւութիւնը՝ միջազգային իրաւունքի կանոնագրութիւնը խախտւած տեսնելու դէպքում։ Նա նշել է . «Այսինքն՝ Իրանը որպէս պետութիւն կարող է եւ իրաւունք ունի, նոյնիսկ այլ կերպ ասած՝ պարտաւոր է արձագանքել Հայաստանի ազգային ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան ոտնահարմանը, որպէս հարեւան երկիր: Դա Իրանի բացարձակ իրաւունքն է պաշտպանւելու բնական իրաւունքի առումով նաեւ: Իսկ կառավարութիւնների միջազգային պատասխանատւութիւնը կարգաւորող կանոնների հիման վրայ Իրանն ունի արձագանքելու լայն միջոցներ եւ իրաւական լծակներ: Իրանը կարող է  բողոքարկել, չհամագործակցել, չճանաչել, անգամ ռազմական միջոցների դիմել»: 

«Այս հարցում Իրանը Հայաստանի թոյլտւութեանը սպասելու կարիք չունի»:Նշել է միջազգային իրաւունքի աւագ փորձագէտը եւ յաւելել. «Հայաստանի հետ պաշտպանական պայմանագիրն այս դէպքում պարտադիր կէտ չէ:  Եթէ խախտւում են երկրների տարածքային ամբողջականութեան եւ անկախութեան յարգման սկզբունքներն ու միջազգայինօրէն ճանաչւած իրաւունքները, ապա Իրանը կարող է արձագանքել եւ օրինական կերպով պաշտպանել Հայաստանը ցանկացած ագրեսիայից»։

«Եթէ ​​Հայաստանը մեզ (Իրանին) նման խնդրանքով դիմի, դա ունենալու է իր յստակեցւած հիմքերը: Այդ դէպքում Իրանի առճակատման համար կարելի է դիտարկել հետեւեալ երեք հիմնաւորումները։

Առաջինը՝ Հայաստանը ցոյց է տալիս, որ դժկամութեամբ է համաձայնութիւն տւել  սպառնացող երկրի կամքին: Այստեղ կարելի է ասել, որ Հայաստանն ազատ չի եղել չհամաձայնւելու համար եւ դա հիմնաւորւած ձեւով պարզ է բոլորին: Այսինքն ՀՀ իշխանութիւններին ստիպել են բռնի ուժով համաձայնութիւն տալ: Այժմ մեր արձագանքը լինելու է իրաւական հաստատում ունեցող լայն միջոցների կիրառման տեսքով: Որպէս սկզբունք, մեր արձագանքներն, առանց պահպանողականութեան, չպէտք է անմիջապէս ռազմական տեսքով լինի, քանի դեռ երկրները ուժ չեն կիրառել սեփական վէճերը լուծելու համար։

Երկրորդը՝ մեր երկրի կենսական շահերի հարցն է։ Եթէ ​​Հայաստանը գնաց նման ճանապարհով, ապա մենք մատնւելու ենք աշխարհաքաղաքական շնչահեղձ վիճակի: Նման իրավիճակում վտանգւած են լինելու մեր ազգային եւ կենսական շահերը, իսկ միջազգային իրաւունքում, երբ երկրի կենսական շահերը վտանգւած են, համապատասխան արձագանգը բնական իրաւունք է համարւում: 

Երրորդը՝ կանխարգելիչ պաշտպանութիւնն է։ Կանխարգելիչ պաշտպանութեան հիմնարար սկզբունքների համակարգը միջազգային իրաւունքի նշանաւոր դոկտրինն է:

Related Articles

Back to top button