ՀամայնքՆոր Ջուղա

Նշւեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնը

Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնի առթիւ, երկուշաբթի՝ հոկտեմբերի 21-ի երեկոյեան, նոյն եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանի, մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Օրւայ պատարագիչն էր Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանը. հոգեպարար կարգին մասնակցութիւն էին ցուցաբերել՝ թեմի եկեղեցական դասն ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արբի Բաբումեանի:

Յաւարտ Ս. Պատարագի, Ս. Յովսէփ Արիմաթացի աջով կատարւեց Ջրօրհնէքի կարգ, ապա վանքի շրջափակում՝ զանգակատան առջեւ տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ վանքում պաշտօնավարած հոգեւորական եւ աշխարհական ննջեցեալ սպասաւորների, ինչպէս նաեւ եկեղեցու բարերարների հոգիների խաղաղութեան համար:

Այնուհետեւ իրականացւեց առիթին նւիրւած գեղարւեստական կատարումներով ողողւած երեկոյ՝ հանդիսավարութեամբ Մարինէ Առաքելեանի, ով իր բացման խօսքում անդրադառնալով Սուրբ Յովսէփ Արիմաթացու կենսագրական գծերին, այսպէս ընդգծեց. «Նա եղել է Քրիստոսի ծածուկ աշակերտներից՝ հարուստ, պարկեշտ, բարեգործ եւ արդար մի մարդ, ով Աստծոյ արքայութեանն էր սպասում: Նա իմանալով, որ Յիսուսն արդէն մահացել է խաչի վրայ, համարձակւում է մօտենալ Պիղատոսին եւ թոյլտւութիւն խնդրել Տիրոջ մարմինը թաղելու համար»:

Գեղարւեստական բաժնում՝ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամուհիներ Վանէ Խաչիկեանն ու Սերինէ Յակոբեանը հերթաբար ասմունքեցին՝ Պարոյր Սեւակի «Հայաստան»-ը եւ Գէորգ Էմինի «Հայաստանի գարունը», ղեկավարութեամբ Նայիրա Ալեքսանեանի, ազգային առաջնորդարանի Հայ եկեղեցասէր յանձնախմբի անդամները խմբերգեցին Կոմիտասի «Ամէն հայի» երգը, իսկ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը, ղեկավարութեամբ Համիկ Ալեքսանդրեանի, հանդէս եկաւ «Իրիկնային Երեւան», «Հայաստան» եւ «Գարնանային» խորագրերով կատարումներով:

Աւարտին իր հայրական օրհնանքը փոխանցեց թեմակալ առաջնոդ Սրբազան Հայրը: Նա յատկապէս ընդգծելով Ս. Արիմաթացիի կենսագրութեան այն հանգրւանը, որտեղ Պիղատոսից ստանում է Քրիստոսի մարմինը եւ թաղում ժայռափոր գերեզմանում, ընդգծեց, թէ առաքեալների միջոցով քրիստոնէութիւնը Հայաստան բերւելու, ինչպէս նաեւ Գրիգոր Լուսաւորչի միջոցով այն Հայաստանում տարածւելու լոյսը, հայ ժողովրդին տւեց մտքի, սրտի եւ հոգու լուսաւորութիւն, որը պահպանւել է մինչեւ այսօր: Նա աւելացրեց նաեւ, որ նոյն լոյսի շնորհիւ մեր նախնիները Սպահանի «Զայանդեռուդի» ափին կերտեցին Նոր Ջուղան՝ վերակենդանացնելով պատմական Ջուղան, եւ այսօր մեր պարտականութիւնն է արժեւորել այս բոլորը:

Անւանակոչութեան տօնին ներկայ էին ազգային մարմինների անդամները, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները եւ ժողովուրդ:

Վերջում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

Թղթակից (Նոր Ջուղա

Related Articles

Back to top button