
Գործարանի տանիքը՝ դառնում է էլեկտրակայան, արտադրական անցեալը՝ ապագայի փորձառութիւն
ՀԱՏԻՍ
Գործարանի տանիքը սովորաբար արտադրութեան մասին պատմող առաջին վայրը չէ։ Այնտեղ, առաւելագոյնը, կարելի է պատկերացնել ջերմութեան, օդափոխութեան կամ տեխնիկական այլ համակարգեր։ Սակայն «ՄԵՐՍԵԴԷ» տեքստիլ արտադրամասում տանիքը դարձել է նաեւ էլեկտրականութիւն արտադրող տարածք։
Իրանահայ գործարար եւ ճարտարագէտ Ռազմիկ Խուդաբախշեանը մինչեւ Իրան-ԱՄՆ վերջին պատերազմի բոցավառումը հասցրել էր իր արտադրամասի տանիքին տեղադրել արեւային էներգիայի համակարգ։ Մեր այցելութեան հիմնական նպատակն էլ հէնց այդ համակարգը տեսնելն ու հասկանալն էր՝ ինչպէս է այն աշխատում, ինչ չափով է կարողանում ապահովել գործարանի էներգիայի պահանջարկը, եւ ինչու է արտադրութեան մէջ սեփական էներգիա ստանալը նրա համար դարձել կարեւոր քայլ։
Համակարգը, սակայն, նախատեսւած չէ արտադրամասի ներսում օգտագործւող էլեկտրականութիւնը տեղում ապահովելու համար։ Պրն. Խուդաբախշեանի բացատրութեամբ՝ արտադրւած հոսանքը միացւած է ընդհանուր էլեկտրական ցանցին։ Գործարանը ցանցին փոխանցած էլեկտրականութեան դիմաց համապատասխան հաշւարկ է ստանում, ինչի շնորհիւ իր սպառած էլեկտրականութեան համար վճարւող գումարների վրայ է դրականօրէն ազդում:
Համակարգը գործարկւել է 2026 թւականի Նոր տարւայ օրը։ Գործարանի համար այն, փաստօրէն, ոչ միայն Ամանորեայ ինքնանւէր էր, այլեւ սեփական արտադրամասում էլեկտրականութիւն արտադրելու նոր շրջանի սկիզբը։
«Մերսեդէ»-ի պատմութիւնը
Ռազմիկ Խուդաբախշեանի պատմածով՝ շուրջ երեք տասնամեակ առաջ ինքը եւ իր գործընկեր Վահիկ Մանսուրեանը ձեռք են բերել ընկերութեան բաժնետոմսերի 50 տոկոսը։ Ընկերութիւնը զուտ հայկական է, եւ կառավարւում է ընտանիքի միջոցով, քանի որ հէնց այդպիսին է, այսինքն ընտանիքի սեփականութիւնն է: Իսկ անունը, ինչպէս նշում է նա, սկզբից եւեթ եղել է «Մերսեդէ»։ «Մերսեդէ»-ի պատմութիւնը սկսւում է 61 տարի առաջ՝ Յակոբ Աւետիսեանի հիմնադրած ընկերութիւնից։ Հետագայում ընկերութիւնն անցնում է նրա որդուն՝ Վարուժ Աւետիսեանին։
Այսօր այդ անունը կապւած է տեքստիլի ներկման, կտորեղէնի մշակման եւ նախշազարդման արտադրութեան հետ, սակայն Ռազմիկ Խուդաբախշեանի համար այս գործարանը միայն արտադրութեան ներկայիս փուլը չէ։ Այն մի ճանապարհի շարունակութիւնն է, որի տարբեր կանգառներում եղել են էլեկտրական ճարտարագիտութիւնը, մեքենաշինութիւնը, հաստոցաշինութիւնը, արտադրական տեխնոլոգիաների տեղայնացումը եւ, ի վերջոյ, բնութեան հետ աւելի համահունչ արտադրութիւն ստեղծելու փորձը։

Ի դէպ, Վահիկ Մանսուրեանն այստեղ եւս պատահական անուն չէ։ Նա Ռազմիկի ընտանիքի անմիջական հարազատն է՝ կնոջ եղբայրը։ Իսկ կնոջ հայրը՝ Արշաւիր Մանսուրեանը, եւս իր ոլորտում լեգենդ է համարւում՝ Իրանի հիւսիսային շրջաններում ձեռք բերած մեծ ճանաչման շնորհիւ։ Արշաւիր Մանսուրեան անունը յայտնի է Կասպից ծովի ափամերձ շրջաններում բրինձ մշակողների համար պարկագործական մեքենաներ արտադրող արտադրամաս հիմնելով, ինչն առանցքային նշանակութիւն է ունեցել տեղի գիւղատնտեսական համայնքների տնտեսութեան համար։
Իսկ Ռազմիկ Խուդաբախշեանը «Սանաթէ-Շարիֆ» համալսարանի շրջանաւարտ է՝ էլեկտրական ճարտարագիտութեան մասնագէտ։ Գուցէ առաջին հայեացքից ուղղակի կապ չերեւայ տեքստիլի արտադրութեան եւ էլեկտրական էներգիայի միջեւ, սակայն այսօր նրա գործարանի տանիքին կանգնեցւած արեւային վահանակներն այդ կապը դարձնում են առաւել տեսանելի։
Գործարանի տանիքը բառացիօրէն աշխատում է։
Արեւոտ ժամերին այնտեղ տեղադրւած համակարգը կարող է արտադրել մինչեւ 250 կՎտ հզօրութեամբ էլեկտրականութիւն։ Երբ արեւի ճառագայթների անկիւնը փոխւում է, արտադրութիւնը կարող է նւազել մինչեւ շուրջ 200 կՎտ։ Իսկ տանիքի վրայ տարածւած արեւային վահանակները կատարում են նաեւ մէկ այլ, աւելի աննկատ գործ. դրանք ստւեր են ստեղծում տանիքի վրայ եւ սահմանափակում դրա տաքացումը՝ արտադրամասի ներսում ստեղծելով համեմատաբար աւելի հով աշխատանքային միջավայր։
Խուդաբախշեանի փոխանցմամբ՝ իր գործարանն այս առումով առաջինն է մայրաքաղաքի հարաւարեւմտեան հատւածի արդիւնաբերական աւանների շրջանում։
Բայց արեւային վահանակներին հասնելու համար Խուդաբախշեանի ճանապարհը սկսւել է շատ աւելի վաղ։
«Լամբորն»-ը եւ գերմանական տեխնոլոգիաների «Reverse engineering»
1990-ականներին Ռազմիկ Խուդաբախշեանը մասնաբաժնային սեփականութեամբ զբաղւել է մեքենաշինութեամբ։ «Լամբորն» անունը կրող ընկերութիւնը մասնագիտացել էր բարդ համակարգերով մեքենաների նախագծման եւ պատրաստման մէջ։
Այդ տարիների աշխատանքի առանցքային գործիքներից մէկը եղել է այն, ինչ տեխնիկական աշխարհում անւանում են «Reverse engineering- հակադարձ ճարտարագիտութիւն»: Պատրաստի մեքենան կամ տեխնոլոգիական համակարգը մանրամասն ուսումնասիրել, հասկանալ դրա կառուցւածքն ու աշխատանքի սկզբունքը եւ դրա հիման վրայ ստեղծել սեփական տարբերակը։

Խուդաբախշեանի պատմութեան մէջ այս մեթոդը միայն պատրաստի մեքենան կրկնօրինակելու լուծում չի եղել։ Դրա միջոցով նա եւ գործընկերները կարողացել են ուսումնասիրել բարդ արտասահմանեան տեխնոլոգիաներ, դրանք տեղայնացնել եւ արտադրական պայմաններին համապատասխանեցնել։
Այստեղ, թերեւս, թաքնւած է Խուդաբախշեանի արտադրական փիլիսոփայութեան ամենակարեւոր գիծը. օգտագործել գոյութիւն ունեցող գիտելիքն այն սեփական փորձի, աշխատանքի եւ հնարամտութեան միջոցով նոր արտադրանքի վերածելու համար։
«Լամբորն»-ի այդ փորձառութիւնը հետագայում եւս չկորաւ։ Երբ արտադրութեան հիմնական ուղղութիւնը փոխւեց, եւ Խուդաբախշեանի գործունէութիւնը տեղափոխւեց տեքստիլի ներկման, կտորեղէնի նախշազարդման եւ նիւթակայունացման ոլորտ, մեքենաշինական մտածողութիւնը շարունակեց մնալ գործարանի ներսում։
Այդ պատճառով էլ այսօր արտադրամասում տեսանելի հաստոցներից մի քանիսը կրկին կրում են նրա աշխատանքի հետքը։
Նա պատմեց նաեւ այն տարիների մասին, երբ ժամանակի նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի ձեռամբ գնահատւել է, որպէս լաւագոյն արտադրող եւ արդիւնաբերող, իրականացրած հաստոց եւ մեքենաշինութեան գործունէութեան համար։
Սակայն պրն. Խուդաբախշեանի ներկայացմամբ՝ նոյն տարիներին արտասահմանեան բանեցւած հաստոցների ներմուծումը հեշտացնող եւ մաքսային առումով ընդունւած արտօնեալ օրէնքները փոխեցին շուկայի հաւասարակշռութիւնը։ Եւրոպայում արդէն օգտագործւած ու այնտեղ այլեւս քիչ պահանջարկ ունեցող մեքենաները հնարաւոր դարձաւ «ջրի գնով» բերել Իրան։ Արտադրողի համար այդ ընտրութիւնը բնական էր. ինչո՞ւ գնել տեղական արտադրողի պատրաստածը, եթէ կարելի էր աւելի ցածր գնով ձեռք բերել գերմանական արտադրութեան օգտագործւած սարքաւորում։
Բայց այդ ընտրութեան երկարաժամկէտ հետեւանքը, Խուդաբախշեանի համոզմամբ, աւելի ծանր էր. այն թուլացրեց տեղական մեքենաշինութեան եւ հաստոցաշինութեան հիմքերը՝ դժւարացնելով այն մարդկանց աշխատանքը, որոնք փորձում էին արտադրական տեխնոլոգիաներ ստեղծել հէնց երկրի ներսում։
«Լամբորն»-ի պատմութեան մէկ այլ շրջադարձ էլ կապւած էր հէնց «Մերսեդէ»-ի հետ։ Խուդաբախշեանի խօսքով՝ «Լամբորն»-ին առաջարկւել է ձեռք բերել «Մերսեդէ»-ի ամբողջ բաժնեմասը՝ դրա դիմաց փոխանցելով «Լամբորն»-ի մնացած բաժնեմասը։ Այդ գործարքից յետոյ նախկին մեքենաշինական արտադրութիւնը Էքբաթանից տեղափոխւում է Թեհրանի արդիւնաբերական կարեւոր կենտրոններից մէկը՝ «Ջադէ Մախսուս»-ի 9-րդ կիլոմետր։
Այստեղ արդէն սկսւում է պատմութեան ներկայիս գլուխը։
Պողպատից անցում դէպի մետաքս
Այսօր արտադրամասում աշխատում է աւելի քան 25 մասնագէտ եւ աշխատող։ Գործարանն ունի սեփական լաբորատորիան, որտեղ արտադրութեան մէջ մտնող իւրաքանչիւր կտոր անցնում է մանրակրկիտ ուսումնասիրութեան։
Կտորի տեսակից եւ պահանջւած վերջնական արդիւնքից կախւած՝ այստեղ որոշւում են անհրաժեշտ գունաւորման երանգները, մշակման եղանակը եւ ամրակայունութիւն ապահովող նիւթերը։ Միայն այդ նախապատրաստական փուլից յետոյ կտորը մտնում է արտադրական գործընթաց՝ ներկւելու, հարթեցւելու, նախշազարդւելու եւ շուկայական տեսք ստանալու համար։

Արտադրամասում շրջելիս նկատելի է նաեւ մէկ այլ բան: Խուդաբախշեանի համար մեքենաները արտադրութեան անանուն գործիքներ չեն։ Դրանց կառուցւածքի, աշխատանքի սկզբունքի եւ հնարաւորութիւնների մասին նա պատմում է այնպիսի մանրամասնութեամբ, ինչպէս մարդը կը պատմի տարիների ընթացքում սեփական ձեռքով ստեղծած իրերի մասին։
Գործարանի մի անկիւնից միւսը անցնելիս մեքենաների ձայները ստեղծում են արտադրամասին յատուկ համաչափ աղմուկ։ Մէկ տեղում կտորն է շարժւում, միւսում՝ գունաւորւում, մէկ այլ հատւածում այն հարթեցւում ու նախապատրաստւում է յաջորդ փուլին։ Իսկ այդ ամբողջ ընթացքի վերեւում, գրեթէ անտեսանելի, արեւային վահանակներն են։
Թւում է՝ գործարանի երկու տարբեր ժամանակաշրջաններ հանդիպել են նոյն տարածքում: Ներքեւում՝ մեքենաները, որոնց մի մասը ծնունդ է առել Խուդաբախշեանի մեքենաշինական անցեալից, վերեւում՝ արեւային վահանակները, որոնք փորձում են արտադրութեան համար անհրաժեշտ էներգիայի մի մասն ստանալ անմիջապէս արեւից։
Վերամշակման կոյուղին
Մեր այցելութեան ընթացքում, սակայն, եւս մէկ կանգառ կար՝ ջրի մաքրման եւ վերամշակման համակարգը։
Տեքստիլի արտադրութեան մէջ ջուրը անհրաժեշտ ռեսուրս է, իսկ դրա օգտագործումը՝ նաեւ լուրջ պատասխանատւութիւն։ Խուդաբախշեանը պատմեց, որ գործարանում օգտագործւած ջուրը փորձ է արւում մաքրելու եւ զտելու միջոցով կրկին վերադարձնել համապատասխան շրջանառութեան մէջ։ Համակարգը, ինչպէս եւ արտադրամասի մի շարք այլ լուծումներ, նախագծւել եւ պատրաստւել է նրա մասնակցութեամբ։
Այստեղ արեւային էներգիայի եւ ջրի վերամշակման գաղափարները միացւում են։
Մի կողմից՝ տանիքից ստացած էներգիան, միւս կողմից՝ արտադրութեան մէջ օգտագործւած ջուրը մաքրելուց յետոյ կրկին շրջանառութեան վերադարձւածի… Երկու դէպքում էլ հիմքում նոյն հարցն է՝ ինչպէ՞ս օգտագործել ունեցած ռեսուրսը ոչ միայն մէկ անգամ, այլ հնարաւորինս արդիւնաւէտ կերպով։
Խուդաբախշեանը կարեւորում է նաեւ բնական էներգիաներից օգտւելու մշակոյթի ձեւաւորումը եւ, իր բնորոշմամբ, «նորարար մտքերի բացը» լրացնելու անհրաժեշտութիւնը։ Նրա համար խնդիրը միայն մէկ գործարանում արեւային վահանակ տեղադրելը չէ։ Խօսքը նաեւ մասնաւոր հատւածում այնպիսի մշակոյթ ձեւաւորելու մասին է, որի մէջ գործարարը մտածում է ոչ միայն արտադրանքի եւ շահոյթի, այլեւ էներգիայի, ջրի, տեխնոլոգիայի եւ ապագայի մասին։
Այդ պատճառով էլ նա պատրաստակամութիւն է յայտնում իր փորձով կիսւելու երիտասարդ իրանահայ վարպետների եւ արհեստաւորների հետ՝ յատկապէս «թաբլոսազ» մասնագէտների, որոնց աշխատանքը անմիջականօրէն կապւած է էլեկտրական համակարգերի նախագծման եւ տեղադրման հետ։
Նիւթի եւ էներգիայի փոխակերպւող շրջապտոյտը
Գործարանի տանիքին արեւն է աշխատում։ Ներքեւում՝ տասնեակ մեքենաներ, կտորներ ու ներկեր։ Մի անկիւնում լաբորատորիան է, միւսում՝ ջրի մաքրման համակարգը։ Իսկ այս ամէնից մի քանի տասնամեակ առաջ մի երիտասարդ մասնագէտ փորձում էր ուսումնասիրել ու հասկանալ օտարերկրեայ բարդ մեքենաների աշխատանքի գաղտնիքները՝ դրանք տեղայնացնելու եւ սեփական արտադրութեան վերածելու համար։
Այսօր այդ նոյն մարդու համար տեխնոլոգիան այլեւս միայն մեքենայ չէ։
Այն կարող է լինել մի հաստոց, որը նա ինքն է նախագծել։ Կարող է լինել համակարգ, որը վերամշակում է օգտագործւած ջուրը։ Կարող է լինել արեւային վահանակ, որն արտադրամասի տանիքին էլեկտրականութիւն է արտադրում։ Եւ կարող է լինել նաեւ այն գիտելիքը, որը նա պատրաստ է փոխանցել յաջորդ սերնդին։
Թերեւս հէնց այս պատճառով «Մերսեդէ»-ի տանիքին տեղադրւած արեւային վահանակները պէտք չէ դիտել որպէս գործարանի պատմութեան առանձին դրւագ։ Դրանք այդ պատմութեան ներկայիս կէտն են՝ մի ճանապարհի, որն սկսւել է մեքենաշինութիւնից եւ այսօր հասել է էներգիայի ու ջրի խնայող օգտագործման գաղափարին։
Իսկ այդ ճանապարհը դեռ աւարտւած չէ։



