Լիլիթ Գալստեան. Օպտիմալացման անւան տակ դպրոցներ էք փակում. այս ոչ հեռատես քայլով դատարկում էք գիւղերը, բացում էք երկրի թիկունքը

ԱԺ-ում ԿԳՄՍ եւ Սփիւռքի հարցերի մշտական հարցերի յանձնաժողովի նախագահի պաշտօնում ՔՊ-ական Սիսակ Գաբրիէլեանի թեկնածութեան քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն անդրադառնալով ոլորտի խնդիրներին, նշեց. «Կրթական ոլորտի խնդիրների մասին անցնող շրջանում շատ եմ խօսել եւ շարունակելու եմ բարձրաձայնել, որովհետեւ դրանք թէ՛ ինստիտուցիոնալ, թէ՛ օրէնսդրական անյետաձգելի լուծումների կարիք ունեն։ Յանձնաժողովի տիրոյթի ոլորտները՝ մշակոյթը, կրթութիւնը, գիտութիւնը, ցանկացած երկրի համար խիստ ռազմավարական նշանակութիւն ունեն։ Բայց նախ անդրադառնամ խոստումներ եւ իրականութիւն խորը խզմանը՝ սկսելով հանրակրթութիւնից։
Հինգ տարի շարունակ մանանայի պէս ժողովրդին կերակրել էք դպրոցաշինութեան ծրագրով՝ խոստանալով հինգ տարում կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտէզ։ Տասնեակ անգամներ ես եւ գործընկերներս խմբագրել ենք ձեզ եւ ներկայացրել իրական պատկերը։ Չեմ զլանայ նորից կրկնելով։
2025 թւականի տարեվերջի դրութեամբ «300 դպրոց, 500 մանկապարտէզ» ծրագրի շրջանակում աշխատանքներն աւարտւել են ընդամէնը 122-ում։ Սա կազմում է խոստացւածի կէսից էլ պակասը՝ մօտ 40,7 տոկոսը։
Նոյն ծրագրով մինչեւ 2026 թւականը նախատեսւած էր 500 մանկապարտէզ եւ նախակրթարան։ 2025-ի վերջին ԿԳՄՍ-ն յայտնում է, որ աշխատանքներն աւարտւած են ընդամէնը 280-ում, որը խոստացւածի 56 տոկոսն է։
Եւ քանի որ շատ էք սիրում սեւացնել անցեալը, մի կարեւոր համեմատութիւն։ Ուղղակի յիշէք, սա էլ եմ բազմաթիւ անգամներ կրկնել։ Յիշէք՝ նախագահ Քոչարեանի իշխանութեան տարիներին կառուցւել է, կառուցւել ոչ թէ նորոգւել, հիմնանորոգւել, այլ միայն կառուցւել է 154 դպրոց»,- նշեց նա։
Հանրային մասնագիտական ահազանգերից յետոյ պետական փորձաքննութիւն անցած եւ երաշխաւորւած մի շարք դասագրքեր կրկնակի փորձաքննութեան, անգամ վերատպութեան կարիք են ունենում, իսկ Այբբենարանում Մաշտոցի նկարը QR կոդով փոխարինելը պարզ խայտառակութիւն չէ, ես չգիտեմ ինչպէս այն գնահատել»:



