ԻրանՔաղաքական

Բաղայի. «Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ ապաշրջափակումը պէտք է իրականացւի առանց որեւէ երկրի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը խախտելու»

«ԱԼԻՔ» – Իրանն աջակցում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղութեան խաչմերուկ» նախաձեռնութեանը եւ կարծում է, որ դրա կեանքի կոչումը օգտակար կը լինի ամբողջ տարածաշրջանի համար։ Թեհրանը համոզւած է, որ փոխկապակցւածութիւնը տնտեսական զարգացման եւ բարօրութեան հիմնական բաղադրիչն է։

«Արմէնպրես»-ին տւած հարցազրոյցում այս մասին ասել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով Հարաւային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցւածքների ապաշրջակման շուրջ քննարկումներին, այդ համատեքստում Հայաստանի ներկայացրած առաջարկներին ու Ադրբեջանի կողմից շարունակւող յայտարարութիւններին արտատարածքային միջանցքի մասին։

Հարցազրոյցում Էսմայիլ Բաղային անդրադարձել է նաեւ Արեւմուտքի հետ յարաբերութիւնները խորացնելու Հայաստանի քաղաքականութեանը ու դրա վերաբերեալ Իրանի դիրքորոշմանը, Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան գործընթացին, ինչպէս նաեւ Փեզեշքիան-Ալիեւ հեռախօսազրոյցին, որի ժամանակ Իրանի նախագահն Ադրբեջանի գործընկերոջը կոչ էր արել հետաքննել հրապարակումներն այն մասին, թէ Իսրայէլը Իրանի դէմ յարձակման համար օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը։

– Հարաւային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցութիւնների ապաշրջափակման համատեքստում Հայաստանը առաջարկել է «Խաղաղութեան խաչմերուկ» նախաձեռնութիւնը՝ ելնելով տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան, իրաւազօրութեան եւ փոխադարձութեան սկզբունքներից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է արտատարածքային միջանցք պահանջել Հայաստանից՝ Նախիջեւանի հետ կապ հաստատելու նպատակով։ Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանն այս հարցում։

– Թոյլ տւէք այսպէս ձեւակերպել։ Նախ՝ մենք մեծապէս գնահատում ենք մեր երկկողմ յարաբերութիւնները թէ՛ Ադրբեջանի Հանրապետութեան, եւ թէ՛ Հայաստանի Հանրապետութեան հետ։ Նրանք մեր հարեւաններն են, եւ մենք հաստատակամ ենք շարունակելու մեր բարի հարեւանութեան քաղաքականութիւնը երկու պետութիւնների հետ։ Մենք բարեկամութեան ամուր կապեր ունենք թէ՛ Ադրբեջանի, եւ թէ՛ Հայաստանի հետ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք Իրանում ունենք շատ աշխոյժ եւ կարեւոր հայկական համայնք, որով հպարտանում ենք։ Մեզ համար կենսական նշանակութիւն ունի Հարաւային Կովկասում խաղաղութեան եւ կայունութեան ապահովումը, որովհետեւ այդ տարածաշրջանի խաղաղութիւնն ու անվտանգութիւնը մենք ընկալում ենք որպէս մեր սեփական խաղաղութեան ու անվտանգութեան բաղադրիչ։

Մենք կը ձեռնարկենք բոլոր հնարաւոր ջանքերը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութիւն հաստատելու համար։ Ինչ վերաբերում է տրանսպորտային ուղիներին, ապա մենք միշտ աջակցել ենք դրանց, որովհետեւ համոզւած ենք, որ փոխկապակցւածութիւնը տնտեսական զարգացման թէ՛ հայերի, թէ՛ ադրբեջանցիների, ինչպէս նաեւ իրանցիների բարօրութեան հիմնական բաղադրիչն է։

Մենք անկեղծօրէն յոյս ունենք, որ այդ նախաձեռնութիւնները կը ծնեն դրական արդիւնք։ Մենք աջակցել ենք Հայաստանի կողմից առաջ քաշւած «Խաղաղութեան խաչմերուկ» նախաձեռնութեանը եւ կարծում ենք, որ այն օգտակար է ամբողջ տարածաշրջանի համար։ Միաժամանակ մենք յստակօրէն նշել ենք, որ ցանկացած տրանսպորտային ուղի պէտք է իրականացւի՝ յարգելով միջազգային ճանաչում ունեցող սահմանները եւ չխախտելով որեւէ պետութեան ինքնիշխանութիւնը կամ տարածքային ամբողջականութիւնը։ Այսպիսով, չնայած մենք աջակցում ենք Հարաւային Կովկասի երկրների եւ Իրանի միջեւ տրանսպորտային ուղիների եւ կապի ընդլայնմանը, մենք պէտք է իսկապէս զգոյշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնօրէն ճանաչւած սահմանները, որեւէ կերպ չխախտել որեւէ պետութեան ազգային ինքնիշխանութիւնը կամ տարածքային ամբողջականութիւնը։Մէկ այլ կարեւոր կէտ, որը մենք միշտ ընդգծել ենք եւ կարծում ենք, որ բոլոր տարածաշրջանային պետութիւնները պէտք է գնահատեն, այն է, որ չի կարելի թոյլ տալ երրորդ կողմերին՝ ոչ տարածաշրջանային դերակատարներին, միջամտել Հարաւային Կովկասի գործերին։ Նման միջամտութիւնները միայն կը բարդացնեն իրավիճակը եւ չեն ծառայի տարածաշրջանի պետութիւնների շահերին։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, որը միշտ հնչեցրել ենք եւ շարունակելու ենք հետեւել դրան։  

Related Articles

Back to top button