ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Նախագահի առաջին տեղակալ. «Իրանի Իսլամական Հանրապետութեան «հարեւանութեան քաղաքականութեան» մէջ Հայաստանն ունի իր առանձնայատուկ տեղը»

«ԱԼԻՔ» – Թուրքմենբաշիում ընթացող, դէպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի շրջանակում, Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արէֆը երէկ՝ օգոստոսի 4-ին, հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրեանի հետ: հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ վերջին տարիներին խորը պատմական եւ մշակութային կապերը յանգեցրել են երկու երկրների միջեւ յարաբերութիւնների դինամիկայի վերելքի միտման՝ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում, նախագահի առաջին տեղակալն ասել է. «Երկու երկրների պաշտօնեաների միջեւ խորհրդակցութիւնները գտնւում են ցանկալի եւ բաւարար մակարդակի վրայ, եւ մենք ողջունում ենք դրանց շարունակականութիւնը»:

Ողջունելով հարեւան երկրների միջեւ առկայ վէճերի լուծումը խաղաղ բանակցութիւնների միջոցով՝ Արէֆն ասել է. «Մենք ողջունում ենք տարածաշրջանում եւ հարեւան երկրների միջեւ երկարատեւ խաղաղութեան եւ կայունութեան հաստատումը, եւ կարծում ենք, որ խաղաղութիւնը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում, եւ որ տարածաշրջանային խնդիրների լուծումը պէտք է իրականացւի առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտութեան»:

Նշելով, որ Իրանի իսլամական Հանրապետութեան սկզբունքային մօտեցումը տարածաշրջանային կազմակերպութիւններում բարեկամ երկրների անդամակցութեան աջակցութիւնն է, Հանրապետութեան նախագահի տեղակալը յայտարարել է, որ պաշտօնական Թեհրանն աջակցում է Հայաստանի անդամակցութեանը Շանհայի համագործակցութեան կազմակերպութեանը։

Արէֆը բարձր է գնահատել Հայաստանի կառավարութեան եւ ժողովրդի կողմից Իրանի Իսլամական Հանրապետութեան վրայ սիոնիստական ռեժիմի յարձակման ժամանակ ցուցաբերւած դրական վերաբերմունքը:

«Այս յարձակումը տեղի ունեցաւ Իրանի եւ Միացեալ Նահանգների միջեւ անուղղակի բանակցութիւնների ընթացքում, որոնք ցոյց տւեցին սիոնիստական ռեժիմի բնոյթը, իսկ Միացեալ Նահանգներն էլ իր հերթին յարձակւեց Իրանի խաղաղ միջուկային օբիեկտների վրայ՝ չնայած բոլոր միջազգային պարտաւորութիւններին»,- ասել է նա:

Անդրադառնալով նախագահ Փեզեշքիանի Հայաստանի նախատեսւող այցին, Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալը վստահութիւն է յայտնել, որ այն կը նպաստի երկու երկրների յարաբերութիւնների առաւել ամրպնդմանը, եւ նոր էջ կը բացի այդ յարաբերութիւններում:

Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան «հարեւանութեան քաղաքականութեան» մէջ Հայաստանն ունի իր առանձնայատուկ տեղը:

ՀՀ նախագահն էլ իր հերթին դատապարտելով սիոնիստական ռեժիմի յարձակումը Իրանի վրայ՝ նշել է, որ բոլոր հակամարտութիւնները պէտք է կարգաւորւեն խաղաղ եւ դիւանագիտական միջոցներով:

Կարեւորելով երկու երկրների միջեւ համագործակցութեան ընդլայնումը, Վահագն Խաչատրեանը նշել է, որ վերջին տարիների սոցհարցումները փաստում են, որ ՀՀ քաղաքացիները յատուկ կարծիք ունեն Իրանի մասին:

«Անհամբերութեամբ սպասում ենք դոկտ. Փեզեշքիանի Հայաստան այցին: Դա ոսկէ հնարաւորութիւն է բոլոր ոլորտներում յարաբերութիւններն ամրապնդելու համար»,- ասել է նա:

Related Articles

Back to top button