Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաւաստիացրել է Բայդէնին Ուկրաինային «անսասան» աջակցելու մասին
«ԱԼԻՔ» – Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերն ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին վստահեցրել է Ուկրաինային իր «անսասան» աջակցութեան մասին՝ պաշտօնը ստանձնելուց յետոյ երկու առաջնորդների միջեւ առաջին հեռախօսազրոյցում: Յայտնում է CNN-ը։
«Առաջնորդները վերահաստատել են Ուկրաինայի հանդէպ իրենց հաւատարմութեան ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցութիւնն Ուկրաինային անսասան է»,- ասւում է Սթարմերի գրասենեակի յայտարարութեան մէջ։
Զեկոյցում ասւում է, որ Սթարմերը «անհամբեր սպասում է կողք-կողքի աշխատելու յարաբերութիւնների ողջ շրջանակում, ներառեալ AUKUS-ի գործընկերութիւնը եւ ապահովելու ազատ եւ բաց Հնդկ-Խաղաղովկիանոսեան տարածաշրջան»:
Յիշեցենք, որ յուլիսի 4-ին Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրութիւններում պատմական յաղթանակ է տարել Լէյբորիստական կուսակցութիւնը՝ ջախջախելով 14 տարի շարունակ իշխող Պահպանողական կուսակցութեանը: Խորհրդարանի 650 մանդատներից 412-ը բաժին է հասել լէյբորիստներին: Պահպանողականները ստացել են ընդամէնը 121 մանդատ, իսկ մնացեալ մանդատները բաժին են հասել միւս կուսակցութիւններին:
Լէյբորիստների 61-ամեայ առաջնորդ Քիր Սթարմերը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը: