Գազայում, ողբերգութեան իրական ծաւալները թաքցնելու նպատակով՝ սիոնիստների նոր մարտավարութիւնը. ՍՊԱՆԵ՛Լ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Գազայում սպանւած լրագրողների թիւը հասաւ 23-ի
«ԱԼԻՔ» – Գազայի հատւածում ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայէլի միջեւ ռազմական գործողութեան ընթացքում առնւազն 23 պաղեստինցի լրագրող է զոհւել, իսկ մի քանիսը վիրաւորւել են: Չնայած, այս թիւը կարող է կտրուկ աճել, քանի որ անհետ կորածների թւում եւս կան բազմաթիւ լրագրողների անուններ։ Սա այն դէպքում, երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չի թոյլատրւում անցնել Գազայի հատւած: Իսկ նման սպանութիւններով փորձ է արւում լռեցնել, յատկապէս, Գազայում տեղի ունեցող ցեղասպանութեան մասին տեղեկատւութեան հոսքը դէպի դուրս: Ձեռագիրը մնում է նոյնը, ինչ Արցախում էր: Ինտերնետի եւ առհասարակ տեղեկատւական կապի խզում դրսի հետ, իրականացւող սպանդ ու վայրագութիւններ՝ որպէս վախի միջոց, ժողովրդին ստիպելու լքել իր բնօրրանը:
Լրագրողների միջազգային ֆեդերացիան եւ Պաղեստինի լրագրողների արհմիութիւնը (PJS) դատապարտել են սպանութիւնները, յատկապէս, լրագրողներին թիրախաւորելու ակտերը, եւ կոչ են արել անյապաղ հետաքննութիւն իրականացնել այդ ուղղութեամբ,- տեղեկացրել է Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ):
Այս առնչութեամբ «IFJ»-ի գլխաւոր քարտուղար Էնթոնի Բելանգերն ընդգծել է. «Զինւած հակամարտութիւնների տարածքներում լրատւամիջոցների աշխատողներին պէտք է վերաբերւել եւ պաշտպանել, ինչպէս քաղաքացիական անձանց: Նրանք պէտք է կարողանան իրենց աշխատանքը կատարել անխոչընդոտ։ Ֆեդերացիան կոչ է անում բոլոր ներգրաււած կողմերին անել հնարաւորը լրագրողներին եւ լրատւամիջոցների աշխատողներին պաշտպանելու համար: Մարդիկ կարող են պարզել, թէ իրականում ինչ է կատարւում, եթէ, իհարկէ, լրագրողներին թոյլ տրւի կատարել իրենց աշխատանքը»:
Պաղեստինցի լրագրողների սպանութեան վերջին դէպքերը
Հոկտեմբերի 26-ին «Wafa» լրատւական գործակալութիւնը հաստատել է լրագրող Դուա Շարաֆի սպանութիւնը հրթիռային յարձակման հետեւանքով։ Հոկտեմբերի 25-ին լրագրող Ջամալ ալ Ֆաղաւին սպանւել է իսրայէլական ռմբակոծութեան հետեւանքով, Գազայի հատւածից հարաւ գտնւող Խան Իւնոսում գտնւող իր տանը: Նոյն օրը Պաղեստինի լրագրողների արհմիութիւնը հաստատել է երեք այլ լրագրողի սպանութեան մասին լուրը: Սէյէդ ալ Հալաբին, ով աշխատում էր «Ալ-Աքսա» հեռուստաընկերութիւնում, սպանւել էր, երբ նրա տունը թիրախաւորւել էր Գազայի հատւածից հիւսիս գտնւող Ջաբալիայում: Ռաֆահում, աւիահարւածի հետեւանքով զոհւել են նրա գործընկեր Ահմադ Աբու Մեհդին եւ Սալմա Մախիմերը։ Հոկտեմբերի 23-ին Գազա քաղաքի Շէյխ Ռեզւան թաղամասում իսրայէլական ռմբակոծութեան հետեւանքով սպանւել է լրագրող Մոհամմադ Էմադ Լեբադը:
Լուսանկարիչ եւ կինոռեժիսոր Ռուշդի Սիրաջը՝ «Ain Media»-ի հիմնադիրներից մէկը , սպանւել է հոկտեմբերի 22-ին, իր տան վրայ նետւած իսրայէլական ռումբի պայթիւնից: Հոկտեմբերի 20-ին հաստատւել է «Ալ Շաբաբ» ռադիոյի լրագրող Մոհամմադ Ալիի մահը Գազայի հատւածի հիւսիսում գտնւող նրա գրասենեակի գնդակոծութեան արդիւնքում։ «Ալ Աքսա» հեռուստաընկերութեան օպերատոր Խալիլ Աբու Գաթէյրան սպանւել է հոկտեմբերի 19-ին Ռաֆահից հիւսիս գտնւող Ալ Նասր թաղամասում, իսկ նոյն հեռուստատեսութեան պրոդիւսեր ու տնօրէն Սամիհ ալ Նադին սպանւել է հոկտեմբերի 18-ին, Գազայի հատւածում շարունակւող ռմբակոծութեան ժամանակ:
Իրանի լրատւամիջոցների լրագրողների խումբ է մեկնելու Պաղեստին
Մէկ այլ հրապարակման համաձայն՝ իրանական մամուլը եւս պատարաստւում է դէպքի վայրից հետեւել Գազայի իրադարձութիւններին: Իրանի Մշակոյթի նախարարութեանը կից մամուլին առընթեր հարցերով գրասենեակի համաձայն՝ Իրանը Գազայի հատւած է ուղարկում մի նաւաբեռ մարդասիրական օգնութիւններ, որի հետ միասին նախատեսւած է լրատւամիջոցներին եւս տալ առիթ, որպէսզի նոյն միջոցից օգտւելով Գազա ուղարկել իրենց լրագրողներին:
Նշենք, որ լուսանկարիչների ցուցակում արդէն իսկ աչքի է ընկնում իրանցի լուսանկարիչ Աֆշին Էսմայիլիի անունը: Յաւելենք, որ դեռ մէկ ամիս առաջ Հայաստան տեղափոխւած յայտնի պատերազմական լուսանկարիչներն արդէն տեղափոխւել են Արեւմտեան ափ (West Bank): Նշելի է, որ Գազայի հատւած տեղափոխւելը, նոյնիսկ պատերազմական վիճակից առաջ անհնարին գործ էր, քանի որ այդ հատւածը շրջափակւած է իսրայէլական ուժերի կողմից եւ ելումուտքի հնարաւորութիւնը կազմում էր զրօ տոկոս:
Իսրայէլը Բաքւից յետ է պահանջել իր տւած բոլոր զէնքերը!!
Իրանցի ռազմական փորձագէտ Քարիմ Ջաֆարին «X»-ում հրապարակած իր վերջին գրառմամբ տեղեկացնելով այս մասին, նշել է, որ «Ալ Աքսայի փոթորկից» յետոյ սիոնիստական ռեժիմը յետ է պահանջել Բաքւի ռեժիմին վաճառած ողջ սպառազինութիւնը: Նշւում է, որ սպառազինութիւնը, որն ուղարկւել էր Բաքու Լեռնային Ղարաբաղի դէմ բարբարոսութիւնից առաջ, եւ նախատեսւած էր կիրառել՝ «Թուրանական միջանցք»-ը բացելու գործողութեան ժամանակ, սիոնիստների անճարակութեան բերումով, յետ են ուղարկւել Վրաստանի ցամաքային տարածքն օգտագոծելով, իսկ այնտեղից էլ՝ նաւերով վերադարձւել են սիոնիստական ռեժիմին։
Փորձագէտը յաւելել է, որ Ալիֆը Բաքւի նաւթով էր վճարել այդ բոլորի դիմաց: «Ներկայումս Ալիֆի ռեժիմը չունի բաւարար տեխնիկա եւ սպառազինութիւն, իսկ այս հարցը Բաքւում վախի ու խուճապի առիթ է դարձել: Այդ էր պատճառը, որ վերջին օրերին նրանք Հնդկաստանի իշխանութիւններին խնդրեցին զերծ մնալ հայերին զէնք-զինամթերք վաճառելուց։ Փաստօրէն, բացի սիոնիստներից, որոնք ոչնչացման շեմին են Գազայի պատերազմից կրած ահռելի վնասների պատճառով, որոշ այլ թիւրիմացութիւններ եւս, որոնցից մէկն է միայն Ալիֆի կախեալ եւ վարձկան ռեժիմը, այս օրերին մտահոգւելու շատ բան ունի»,- գրել է Քարիմ Ջաֆարին: