Թեւան Պօղոսեան. «Կասկածներ ունեմ, որ սա եղել է ՀՀ իշխանութեան խնդրանքը, Ադրբեջանն էլ հաշւարկել ու համաձայնել է»
Նախորդ շաբաթ Ալիեւի յատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբէգովը բացայայտեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձ համաձայնութեամբ որոշել են հանել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերեալ կէտը երկու երկրների միջեւ խաղաղութեան համաձայնագրի նախագծից եւ տեղափոխել քննարկումն աւելի ուշ փուլ։ Միայն Ադրբեջանի կողմից այս բացայայտումից յետոյ եղաւ ՀՀ արտգործնախարարութեան արձագանգը։
ՀՀ արտաքին գերատեսչութեան մամլոյ խօսնակն ասել էր, որ տարածաշրջանային հաղորդակցութիւնների արդիւնաւէտ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղութեան եւ տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի եւ առաջ մղւող օրակարգի կարեւոր մաս։
168.am-ի հետ զրոյցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանը խօսելով Ադրբեջանի այս բացայայտման մասին, ասել է՝ այս հարցում Ադրբեջանն իրականացրել է հաշւակներ եւ ընտրել է իր շահին համաժէք որոշում։
«Ադրբեջանը հաշւարկել է, որ իր շահերից ելնելով՝ այսօր աւելի բարենպաստ է, եւ կարող է ձեւական այս տեսակի մօտեցումներ ցուցաբերի՝ չփոխելով իր վերջնական ու իրական նպատակին հասնելու ցանկութիւնը։
Խօսում են խաղաղութեան պայմանագրի մասին, բայց այդ խաղաղութեան պայմանագիրը չի լինելու։ Ադրբեջանն ասելու է՝ պատրաստ ենք կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը հանել, բայց այնտեղ մէկ հարց էլ կայ՝ ՀՀ Սահմանադրութեան հարցը։ Ու հարց կը տայ Հայաստանին՝ Սահմանադրութիւնը փոխե՞լ էք, որ այս պայմանագիրը ստորագրենք։
Կրկնում եմ՝ Ադրբեջանը նստել ու ամէն ինչ հաշւարկել է, եւ այսօր ամէն ինչ խաղացնում է՝ միջազգային իրավիճակը, հոկտեմբերին իրենց մօտ սպասւող խորհրդարանական ընտրութիւնները, Իսրայէլ-Իրան առճակատումը, Վրաստանում սպասւող ընտրութիւնները, Ռուսաստան-Արեւմուտք առճակատումը եւ այլն, ուստի հիմա ինչո՞ւ պէտք է շտապի։ Միեւնոյն է, Ալիեւը վաղուց ՀՀ իշխանութիւններին ասել է՝ կամաւոր չտաք, ուժով եմ վերցնելու»,- նշել է Թեւան Պօղոսեանը։
Ըստ քաղաքագէտի՝ Ադրբեջանն այս կամ այն հատւածը Հայաստանից կը վերցնի ուժի միջոցով, այդ պատճառով էլ էական չէ, թէ թղթի մէջ ինչ է գրւած լինելու։
Հարցին՝ այսինքն՝ այս փուլում Ադրբեջանը հրաժարւո՞ւմ է իր վաղեմի ցանկութիւնից՝ «Զանգեզուրի միջանցք»-ից, Թեւան Պօղոսեանը պատասխանել է.
«Ադրբեջանը երբեք որեւէ փաստաթուղթ չի ստորագրելու եւ երբեք չի հրաժարւելու իր դրած որեւէ նպատակից, սա այդպէս էլ հայկական կողմում չհասկացա՞ն։ Ադրբեջանը տարբեր մանիպուլիացիաներով իր խաղն է առաջ տանում՝ ցանկութիւն չունենալով որեւէ բան ստորագրել։ Ադրբեջանն ասել է՝ Սիւնիքն էլ եմ տանելու, Սեւանի կէսն էլ, դրա համար այժմ ինչո՞ւ պէտք է ինչ-որ բան ստորագրի։
Հայաստանի ԱԺ գործող նախագահն ասում է, որ Ադրբեջանի նպատակն է՝ վերացնել հայոց պետականութիւնը, ու այսքանից յետոյ ընկած փաստաթո՞ւղթ են ստորագրելու։ Ադրբեջանը մի օր այսպէս կասի, յաջորդ օրը՝ այլ կերպ։ Մեծ կասկածներ ունեմ, որ սա եղել է ՀՀ իշխանութեան կողմի խնդրանքը, որ ժամանակ տան, յետոյ տեսնեն՝ ինչ է լինելու։ Իրենք էլ երեւի հաշւարկել են, ասել են՝ լաւ, պէտք է, մի-երկու ամիս էլ «եօլա» տարէք»։
Քաղաքագէտը նաեւ վստահ է, որ Ադրբեջանը չի բանակցում ՀՀ իշխանութեան հետ, քանի որ պարտւած իշխանութեան հետ որեւէ մէկը չի բանակցում։
«Դուրս եկէք այդ ֆորմուլայից, այսօր Ադրբեջանը հայկական գործօնի հետ չի բանակցում, պարտւածների հետ ի՞նչ բանակցի»,- եզրափակել է Թեւան Պօղոսեանը։