Նովակ. «Ռուսաստանի եւ Իրանի յարաբերութիւնները երկարաժամկէտ են եւ կը զարգանան անկախ քաղաքական իրավիճակից»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը յայտարարել է, որ Մոսկւայի եւ Թեհրանի յարաբերութիւնները երկարաժամկէտ բնոյթ ունեն եւ շարունակելու են զարգանալ անկախ միջազգային քաղաքական իրադրութիւնից։
Ինչպէս հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի կառավարութեան կայքը, Նովակը այս մասին ասել է ուրբաթ օրը՝ Մոսկւայում կայացած հանդիպման ընթացքում, որտեղ նա ընդունել է Ռուսաստանում Իրանի արտակագ եւ լիազօր դեսպան Քազեմ Ջալալիին։
Նովակի խօսքով՝ երկու երկրների համագործակցութիւնն էներգետիկայի ոլորտում «ռազմավարական եւ բազմակողմ է»։ Նա ընդգծել է, որ Մոսկւայի եւ Թեհրանի փոխգործակցութիւնը շարունակւում է ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ միջազգային հարթակներում՝ մասնաւորապէս ՕՊԵԿ-ում, Գազ արտահանող երկրների ֆորումում, Շանհայի համագործակցութեան կազմակերպութիւնում եւ ԲՐԻՔՍ-ում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցութեան ընթացիկ եւ հեռանկարային հարցեր, յատկապէս էներգետիկայի, առեւտրի եւ տրանսպորտի ոլորտներում։
Ռուսաստանի կառավարութեան հաղորդագրութեան համաձայն՝ Նովակն ու Ջալալին ընդգծել են, որ Ռուսաստանի եւ Իրանի համապարփակ ռազմավարական պայմանագիրը, որը ստորագրւել է 2025 թւականի յունւարի 17-ին Կրեմլում՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Մասուդ Փեզեշքիանի կողմից, ուժի մէջ է մտել 2025 թւականի հոկտեմբերին։
Փաստաթուղթը պաշտօնապէս սահմանում է երկու երկրների յարաբերութիւնների առանձնայատուկ կարգավիճակը եւ նախանշում է համագործակցութեան առաջնահերթ ուղղութիւնները առաջիկայ 20 տարւայ համար։
Իր հերթին, Իրանի դեսպան Քազեմ Ջալալին նշել է, որ երկու երկրների յարաբերութիւնները բոլոր ուղղութիւններով զարգանում են՝ «հիմնւելով երկու պետութիւնների ղեկավարների յստակ կամքի վրայ՝ խորացնել եւ ամրապնդել փոխգործակցութիւնը»։
Նովակը նաեւ յաւելել է, որ 2024 թւականին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութիւնը աճ է գրանցել նախորդ տարւայ համեմատ եւ դրական դինամիկան շարունակւել է 2025 թւականի առաջին 8 ամիսներին։



